Դատավոր Նարինե Հովակիմյանը Քոչարյանի և մյուսների գործով կշարունակի վարել վերաքննիչ բողոքի քննությունը
Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց դատավոր Նարինե Հովակիմյանի դեմ ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը: Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի կարճման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքները քննող դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ քննվող գործի նախորդ դատական նիստի ընթացքում միջնորդությունը ներկայացրել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Փաստաբանը դատարանում կարծիք էր հայտնել, որ Նարինե Հովակիմյանը չի կարող համարվել անկախ և անկողմնակալ դատավոր, իսկ նրա մասնակցությամբ դատավարությունը չի կարող արդար համարվել։
Միջնորդությունը ներկայացնելիս Ալումյանը նշել էր, որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների կողմերից մեկն է եղել այժմ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, և հենց այն ժամանակ, երբ գործը քննվում էր վերաքննիչ դատարանում, Ջհանգիրյանը միջնորդել էր, որպեսզի նախագահող դատավոր Նարինե Հովակիմյանը պարգևատրվի շքանշանով։
«Մի մարդ, ով ի սկզբանե՝ մարտի 1-ից սկսած, այս գործով ունի կտրուկ դիրքորոշում, որը հակասում է Ռ․ Քոչարյանի դիրքորոշմանը, Ձեզ ներկայացնում է պարգևատրման, և Դուք պարգևատրվում եք։ Սա ցանկացածի մոտ կասկած է առաջացնելու Ձեր անկողմնակալության վերաբերյալ։ Ակնհայտ է, որ Դուք չեք կարող մասնակցել սույն գործով դատավարությանը»,- ասել էր Ալումյանը։
Դատավոր Հովակիմյանը պարզաբանել էր, որ մինչ այդ տեղեկացված չի եղել, որ պարգևատրվել է Գագիկ Ջհանգիրյանի միջնորդությամբ։
Հիշեցնենք, որ 2021թ. ապրիլի 6-ին Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել էր որոշումը, որով բավարարել էր Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով պաշտպանական թիմի միջնորդությունները չորս ամբաստանյալների` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Միևնույն ժամանակ դատարանը վերացրել էր Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի գույքի ու արխիվների վրա դրված կալանքը: Որոշման հիմքում մարտի 26-ի ՍԴ որոշումն էր, որով ՔՕ 300.1 հոդվածը ճանաչվել էր Սահմանադրությանը հակասող և անվավեր:
Վերաքննիչ բողոք ներկայացրած դատախազները պնդում էին, որ քրեական հետապնդման դադարեցումը խախտում է քրեական գործով տուժողների իրավունքները: Դատախազ Գևորգ Բաղդասարյանի դիտարկմամբ՝ յուրաքանչյուր ոք ունի արդար դատաքննության իրավունք, որը, միջազգային իրավական ակտերի համաձայն, տարածվում է նաև տուժող կողմի վրա, տուժողի՝ արդար դատաքննության իրավունքը պետք է պաշտպանվի ռեալ, ոչ թե՝ թղթի վրա, մինչդեռ վիճարկվող դատական ակտը հակասում է նշված սկզբունքներին:
Վերաքննիչ բողոք ներկայացրել էին նաև Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները՝ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավի չափը նվազեցնելու կամ անազատության հետ կապ չունեցող այլ խափանման միջոցով փոխարինելու մասին: