Ընդլայնվել է իրական շահառուի վերաբերյալ հայտարարագիր ներկայացնողների շրջանակը․ ովքե՞ր և ի՞նչ ժամկետում պետք է ներկայացնեն հայտարարագիրը
Ազգային ժողովի կողմից 2021 թվականի հունիսի 3-ին ընդունված օրենսդրական փաթեթով ընդլայնվել է իրական շահառուի վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող իրավաբանական անձանց շրջանակը, ինչպես նաև սահմանվել են իրական շահառու հասկացությունը, հայտարարագիրը ներկայացնելու ժամկետներն ու կարգը։
- Ո՞վքեր պետք է ներկայացնեն իրական շահառուի վերաբերյալ հայտարարագիրը։
Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրեր այսուհետ պետք է ներկայացնեն նաև Հայաստանի Հանրապետությունում գրանցված բոլոր կազմակերպությունները։ Ընդ որում, իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց շրջանակն ընդլայնվում է 3 փուլով․
1-ին փուլ՝ 2021թ. սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը հայտարարագիր պետք է ներկայացնեն հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում գործունեություն իրականացնող և տեսալսողական մեդիածառայություն մատուցող կազմակերպությունները։
2-րդ փուլ՝ 2022թ․ հունվարի 1-ից մինչև մարտի 1-ը հայտարարագիր պետք է ներկայացնեն Հայաստանի տարածքում գրանցված բոլոր առևտրային կազմակերպությունները, բացառությամբ միայն ֆիզիկական անձ մասնակիցներ ունեցող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների։
3-րդ փուլ՝ 2023թ․ հունվարի 1-ից մինչև մարտի 1-ը հայտարարագիր պետք է ներկայացնեն նաև միայն ֆիզիկական անձ մասնակիցներ ունեցող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններն ու ոչ առևտրային կազմակերպությունները։
- Ո՞վ է իրական շահառուն։
Իրավաբանական անձի իրական շահառուն ֆիզիկական անձ է, որին փաստացի պատկանում է կազմակերպությունը կամ որն իրականում վերահսկում է կազմակերպությունը: Իրավաբանական անձի իրական շահառու հանդիսանալու չափանիշները սահմանվում են օրենքով։
- Ի՞նչ ժամետներում և ի՞նչ կարգով իրավաբանական անձինք պետք է ներկայացնեն հայտարարագրերը։
Իրավաբանական անձինք պարտավոր են իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը և դրա հետագա փոփոխությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնել Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն։
Հայտարարագիրը ներկայացնելու համար անհրաժեշտ է bo.e-register.am համակարգում մուտք գործել կազմակերպության էջը և առցանց լրացնել ու հանձնել էլեկտրոնային հայտարարագիրը։
Հայտարարագրերն օրենքով սահմանված ժամկետներում և կարգով չներկայացնելու կամ կեղծ տեղեկություն ներակայացնելու համար օրենքով սահմանված է պատասխանատվություն։
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն