Գեղարքունիքում վերականգնվել է պատճառված 26 մլն դրամի վնաս. Դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ մարզերի դատախազությունների կողմից պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացված լայնածավալ ուսումնասիրությունների հիման վրա համայնքային իշխանության մարմինների պաշտոնատար անձանց գործողություններում հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ ունեցող բազմաթիվ դեպքերով հետաքննության մարմիններին տրվել են նյութեր նախապատրաստելու հանձնարարություններ, որոնց մեծ մասով հարուցվել են քրեական գործեր: Այս մասին հայտնում է Դատախազությունը:

Մասնավորապես Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազների հսկողության ներքո նմանատիպ փաստերի կապակցությամբ հարուցվել է ընդհանուր առմամբ 13 քրեական գործ, որոնք վերաբերում են մարզի Աստղաձոր, Գեղամավան, Մաքենիս, Վերին Գետաշեն, Լանջաղբյուր, Բերդկունք, Զոլաքար համայնքներին, Գեղամասար խոշորացված համայնքի Կութ բնակավայրին, Ճամբարակ խոշորացված համայնքի Ճամբարակ, Թթու Ջուր, Մարտունի բնակավայրերին, Շողակաթ խոշորացված համայնքի Աղբերք բնակավայրին:

Ըստ քրեական գործերի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների՝ սկսած 2004թ.-ից՝ համայնքի ղեկավարը, նախապես տեղեկանալով տվյալ համայնքների տարածքում բջային օպերատոր ընկերությունների կողմից ալեհավաք կայաններ տեղադրելու և շահագործելու մտադրության մասին, երբեմն ձևական մրցույթների միջոցով, պետական կամ համայնքապատկան գյուղատնտեսական նշանակության հողամասերը շուկայականից էականորեն ցածր՝ սիմվոլիկ վճարներով վարձակալության են հանձնել ֆիզիկական անձանց, այդ թվում նաև իրենց ընտանիքի անդամներին, մերձավորներին: Ապա կարճ ժամանակ անց վերջիններիս կողմից այդ հողամասերը կամ դրանց փոքր մասերը բազմապատիկ անգամ ավելի բարձր վարձավճարներով ենթավարձակալության են հանձնվել հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններին, որոնք այն օգտագործել են որպես կապի օբյեկտի հող՝ դրանցում տեղակայելով և շահագործելով բջջային կայաններ:

Ինչպես համայնքների տվյալ, այնպես էլ որոշ դեպքերում նրանց հաջորած ղեկավարների կողմից միջոցներ չեն ձեռնարկվել ապօրինի հողօգտագործումները կասեցնելու, վերացնելու ուղղությամբ: Արդյունքում հողամասերի վարձակալները երկար տարիներ պայմանագրերի հիման վրա համայնքային սեփականության հողամասերի օգտագործումից իրենց ընտանիքների համար վարձավճարների տեսքով ապահովել են խոշոր չափերով շահույթներ, իսկ համայնքները զրկվել են ֆինանսական այդ աղբյուրից օգտվելու հնարավորությունից:

Հարուցված վերոնշյալ 13 քրեական գործերից մեկն ուղարկվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, իսկ 12-ով նախաքննությունը շարունակվում է: Որպես մեղադրյալ է ներգրավվել ընդհանուր 21 անձ, այդ թվում՝ նշված համայնքների գործող կամ նախկին ղեկավարներ, նրանց հարազատներ:

Քննությունների արդյունքնում պարզված՝ համայնքներին պատճառված ընդհանուր նախնական վնասը կազմել է շուրջ 74.500.000 ՀՀ դրամ: Տարված աշխատանքների արդյունքում դրանից վերականգնվել է շուրջ 26.000.000 ՀՀ դրամը, միջոցներ են ձեռնարկվում վնասների մնացած մասը ևս վերականգնելու ուղղությամբ:

Համայնքներից 5-ի պարագայում լուծվել են հանցավոր գործարքների միջոցով կնքված վարձակալության, և վարձակալների կողմից հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող ընկերությունների հետ կնքված ենթավարձակալության 6 պայմանագիր, որից հետո բոլոր նշված դեպքերում համայնքների և նույն ընկերությունների միջև կնքվել են նոր պայմանագրեր:

Տեսանյութեր

Լրահոս