«Ադրբեջանի պատկերացրած խաղաղությունը բացարձակ կապ չունի մեր ֆիզիկական գոյության և անվտանգության հետ». Անժելա Էլիբեգովա

«Ադրբեջանում պահվող գերիներին քարտեզների դիմաց վերադարձնելու վերաբերյալ որևէ հանրայնացված փաստաթուղթ գոյություն չունի, ավելին՝ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ Ադրբեջանը պետք է վերադարձներ մեր բոլոր գերիներին: Դա սակարկման, շանտաժի ենթակա թեմա չէր, առևտուր անելու թեմա չէր, բայց չգիտես ինչու՝ պատերազմի մեկնարկից մեկ տարի անց մենք եկանք այն իրավիճակին, երբ անընդհատ Ադրբեջանին ինչ-որ բաներ ենք առաջարկում, որը մեր պարտավորություններից դուրս է, որպեսզի Ադրբեջանն իր ամրագրված պարտավորությունները կատարի, բայց միևնույն է՝ չենք հաջողում դրանում»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան:

Նա ներկայացրեց, թե քարտեզների վերաբերյալ քարոզչությունն Ադրբեջանն ինչպես է կազմակերպում, որպեսզի հայկական կողմը դրանք տրամադրի. «Սկզբից պաշտոնական մակարդակով դա հայտարարվում է Ալիևի, իրենց ԱԳՆ-ի կամ ՊՆ-ի կողմից. ինչ-որ գերատեսչություններ սկսում են դրա մասին հայտարարություններ տարածել: Հետո դա գնում է արդեն նրանց էքսպերտային, անալիտիկ դաշտ, ԶԼՄ-ներ, սկսում են հանրային կարծիք ձևավորել: Հետո էքսպորտ է արվում դուրս՝ դրսում ադրբեջանական համայնքները թուրքականների հետ միասին իրենց լոբբինգը անում են, իրենց հետ աշխատող արտասահմանյան ԶԼՄ-ներով նաև դրսում են ստեղծում այդ հանրային կարծիքը: Սկսում են ստիպել տարբեր միջազգային կազմակերպությունների՝ անդրադառնալ թեմային. ադրբեջանական տարբեր ոչ պետական կազմակերպություններ դիմում են իրենց կոլեգաներին, միջազգային կազմակերպություններին և պարտադրում են արձագանքել թեմային: Անկախ նրանից, թե արձագանքն ինչպիսին կլինի, իրենք ներգրավում են միջազգային հանրությանը և ստիպում են, որ դա դառնա օրակարգ: Քարտեզների թեման, նաև դրսում իրենց լոբբինգի շնորհիվ, սկսեցին դարձնել միջազգային օրակարգ՝ կոնֆլիկտի շուրջ առանցքային թեմաներից մեկը»:

Երկրորդ փուլով, ըստ փորձագետի՝ ադրբեջանցիները սկսեցին դրսից բերել պատվիրակություններ՝ դիվանագետներ, տարբեր օտարերկրյա լրագրողներ, բլոգերներ, տարբեր երկրների իրենց լոբբիստներին, և այլն. «Այսինքն՝ տարբեր մակարդակներում ներգրավել մարդկանց, բերել Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ և պատմել ականազերծման աշխատանքների մասին, անընդհատ խոսել դրա վտանգներից, խոսել այն մասին, որ առանց ականազերծման աշխատանքի՝ տասնամյակներ կտևի վերաբնակեցումը այդտեղ, որովհետև դա երկար և բարդ պրոցես է, և պետք է Հայաստանին պարտադրել, որպեսզի քարտեզները տրամադրվեն: Դրան զուգահեռ, երրորդ փուլով խոսում են այն մասին, որ Հայաստանի տրամադրած քարտեզների ճշգրտությունը մոտավորապես 25 տոկոս է, վստահություն չի ներշնչում, և եթե Հայաստանն ուզում է դա փոխանակել գերիների հետ, ապա պետք է լինեն ճշգրիտ և վստահելի քարտեզներ: Այսինքն՝ երեք փուլով նկարագրեցի մեր ուղղությամբ ամբողջ իրենց քարոզչական, տեղեկատվական գրոհը՝ կապված քարտեզների հետ: Հիմա ինձ կարո՞ղ եք գոնե մոտավորապես նկարագրել նման մի բան մեր կողմից՝ գերիների թեմայի հետ կապված, որ համակարգված բոլոր պետական ինստիտուտները, մեր սփյուռքահայ կառույցները և ամբողջ մեր ունեցած ռեսուրսն ու ապարատը միասին աշխատեն, ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա և՛ միջազգային կառույցներում, և՛ տարածաշրջանում, և՛ Ադրբեջանի հասարակության ներսում, աշխատեն գերիների թեմայի շուրջ: Այդ ուղղությամբ աշխատում են միայն իրավապաշտպաններ, իրավաբանական խումբ, որը ՄԻԵԴ-ում է աշխատում, և օմբուդսմենը: Համակարգված աշխատանք, առավել ևս՝ պաշտոնական մակարդակով, առավել ևս՝ պետական ինստիտուտների, որոնք պետք է առաջինը շահագրգռված լինեն այդ աշխատանքը կատարելու մեջ, մենք մի տարի է՝ չենք տեսնում»:

Անժելա էլիբեգովան նկատեց՝ հայկական կողմը մեծ փորձ ունի Ադրբեջանի նկատմամբ տարբեր հարցերի շուրջ տեղեկատվական ճնշումներ գործադրելու, այդտեղ բարդ բան չկա, ընդամենը, նրա խոսքով՝ ցանկություն չկա դա իրականացնելու:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ դա կխոչընդոտի գործող իշխանությունների՝ խաղաղության դարաշրջան հաստատելու օրակարգին, նա պատասխանեց. «Եթե մենք Ադրբեջանին ստիպենք իր պարտավորությունները կատարել, երևի թե կխանգարի, այո: Բայց այստեղ հարցը ադրբեջանական քարոզչությունը չէ, մարդկանց կյանքերի մասին է խոսքը՝ գերիների հարցն է: Երբ ասվում է՝ մեկ-երկու ամիս էլ կմնան և մեզ կներեն դրա համար, արդեն մի քանի ամիս անցել է, և այստեղ ներելու հարց չէ: Այդ մարդկանց այնտեղ շարունակում են սպանել, խոշտանգել, կտտանքների ենթարկել: Սա խաղաղության հարց չէ: Ակնհայտ է, եթե Ադրբեջանը շարունակում է իր տարածքում պահել հայ ռազմագերիների և քաղաքացիականների, նշանակում է, որ ինքը այդ խաղաղությանը պատրաստ չէ: Դա իր պարտավորությունն է, և ինքը պատրաստ չէ այն կատարել: Ադրբեջանը իր ամբողջ գործողությունների կոմպլեքսով ցույց է տալիս, որ որևէ պարագայում խաղաղության չի պատրաստվում, ինչքան էլ այստեղ Հայաստանի իշխանությունները դրա մասին կոչեր անեն, փորձեն Ադրբեջանին բերել այդ օրակարգին: Ադրբեջանը իր պատկերացումն ունի այդ խաղաղության մասին, որը բացարձակ մեր ֆիզիկական գոյության և անվտանգության հետ կապ չունի»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս