«Այս զորավարժությունները նոր պատերազմի, մասնավորապես՝ Իրանը բզկտելու նպատակ ունեն». Դավիթ Ջամալյան

Նախիջևանում հոկտեմբերի 5-8-ը տեղի կունենա «Անխախտ եղբայրություն-2021» ադրբեջանաթուրքական համատեղ ռազմամարտավարական զորավարժությունները:

Թբիլիսիում էլ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինծառայողների մասնակցությամբ մեկնարկել են «Eternity-2021» համակարգչային աջակցությամբ անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժությունները: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Զորավարժությունների շրջանակներում զինծառայողներն առաջադրանքներ են կատարելու տարածաշրջանային տնտեսական նախագծերի պաշտպանության կազմակերպման ուղղությամբ: Վարժանքները կտևեն մինչև հոկտեմբերի 8-ը:

168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցությամբ այս երկու զորավարժություններին, մասնավորապես՝ Նախիջևանում անցկացվելիք, ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը նշեց, որ Արցախի 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում փոխվել են ռազմաքաղաքական իրողությունները, նոր իրողություններ են ձևավորվել։ Մասնավորապես՝ նորանոր մարտահրավերներ են դարձել արդիական, ընդ որում՝ այդ մարտահրավները ոչ միայն Հայաստանին ու ՀՀ պետականությանը սպառնացող գործոններ են, այլև մարտահրավերներ են, որոնք սպառնում են բարեկամ Իրանին ու դաշնակից Ռուսաստանին։

«Մեկնարկած զորավարժությունները, ըստ էության, բազմավեկտոր բնույթ ունեն։ Մի կողմից՝ Հայաստանն այսպես պետք է վերջնականապես օղակեն, օղակեն հուսալի ուժով, որպեսզի հնարավորինս արագ ստանան այն, ինչ իրենք երազում են՝ ի դեմս Սյունիքի «միջանցքի»։ Գործող իշխանությունն ուրախ կլիներ վայրկյան առաջ այդ նվերը մատուցել իր տերերին, եթե չլիներ իրանական և ռուսական ազդեցությունը։ Միևնույն ժամանակ՝ այս աշխարհաքաղաքական խմորումները հստակորեն սպառնում են բարեկամ Իրանին, և իրանական հակազդեցությունը պատասխանն է թուրք-ադրբեջանական տանդեմին, նաև դրան սատարող իսրայելաբրիտանական ուժերին ու նրանց կողմից իրականացվող խարդավանքներին։ Մեկ բան ակնհայտ է՝ Արցախի օկուպացված տարածքն այսօր վերածվել է Իրանի դեմ ագրեսիայի, Ռուսաստանի դեմ ագրեսիայի պլացդարմի և այս ամենը երկու երկրները շատ հստակորեն պատկերացնելով՝ քայլեր են ձեռնարկում կանխելու համար աղետալին»,- նշեց Դավիթ Ջամալյանը։

Ըստ փորձագետի, Նախիջևանի անկլավային իրավիճակը վերածելով Սյունիքի և Արցախի օկուպացիայով «Մեծ թուրանի» ճանապարհ բացելուն և դրա գաղափարով Իրանին ու ՌԴ-ին հարվածելուն, մշտապես եղել է տեսադաշտում, սակայն այն հետին պլան էր մղվել, քանի որ կար Արցախ, որը պատվար էր թուրանական ծրագրի համար։ Այժմ այդ պատվարը շեշտակիորեն թուլացել է, Արցախի հարավն օկուպացված է, Սյունիքի գլխին մռայլ ամպեր են կուտակվել, և եթե չլինի ռուս-իրանական հակազդեցությունը, ապա թուրանական ծրագիրը վաղուց իրականություն էր դարձել։

«Այսօր այդ մարտահրավերները դարձել են ակտուալ, և ակտուալ են դարձել դավադիր պատերազմի արդյունքում։ Սակայն որքան էլ այդ մարտահրավերները դարձել են ակտուալ, դրանք նաև հնարավորություններ են բերում։ Մասնավորապես՝ հաշվի առնելով, որ Արաքսի հովտում լայն առումով Արցախի տարածքների օկուպացիան գոյաբանական վտանգ է ստեղծում բարեկամ Իրանի ու դաշնակից ՌԴ-ի համար, բնական է, որ այս երկու տերություններն անելու են ամեն ինչ, որպեսզի այդ սպառնալիքը, որը ստեղծված է արդեն մեկ տարի, վայրկյան առաջ ի չիք դառնա։ Այստեղ մենք գրագետ դիվանագիտություն բանեցնելու պարագայում, կարող ենք շատ լուրջ արդյունքներ ունենալ, մեր շահերը Իրանի ու Ռուսաստանի հետ նույնիսկ նույնական են։ Ընդամենը հարկավոր է, որպեսզի այդ թրքացածներին, կապիտուլյանտներին ինչ-որ ձևով հեռացնեն, որպեսզի նոր պետականակենտրոն իշխանությունների համար բացվեն լրջագույն քաղաքական, ռազմաքաղաքական հնարավորություններ։ ՌԴ-ին ու Իրանին այսօր ձեռնտու է տարածաշրջանում տեսնել սուբյեկտայնություն ունեցող, մեջքը շտկած Հայաստան, այդ պատճառով էլ պետականամետ իշխանություն ունենալու դեպքում ունենալու ենք լուրջ հնարավորություններ մեր բարեկամների ու դաշնակիցների հետ ձեռք ձեռքի տված շտկելու մեր մեջքը և վերացնելու 44-օրյա դավադիր պատերազմի հետևանքները»,- հավելեց Դ. Ջամալյանը։

Նրա խոսքով՝ հայկական կողմը չպետք է համակերպվի Արցախի տարածքների օկուպացիայի հետ և պետականամետ իշխանության պարագայում հիմնվելով  ՌԴ-ի ու Իրանի կողմից թուրք-ադրբեջանական տանդեմի մարտահրավերները վերացնելու ջանքերի վրա և ի մի բերելով Հայաստանի ռեսուրսները՝ շտկի իրավիճակը, այլ կերպ՝ օգտվի ստեղծված իրավիճակի հնարավորություններից։

Ինչ վերաբերում է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից  լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությանը, Դավիթ Ջամալյանը նկատեց՝ ոչինչ չի բացառվում։

«Եթե չլիներ ռուսական ներկայությունը, Իրանի լրջագույն հակազդեցությունը, ապա այդ պատերազմը վաղուց արդեն սկսված կլիներ։ Եթե թշնամին զգա, որ իրենք պատերազմ վերսկսելով հաջողելու են, ապա վայրկյան անգամ չեն վարանի սկսելու այդ պատերազմը։ Սակայն նրանք չեն կարող հաշվի չառնել ռուսական և իրանական գործոնները։ Հետևաբար՝ դժվար է ասել, այս զորավարժություններին կհաջորդի՞ պատերազմ, թե՞ ոչ, սակայն այս զորավարժությունները նոր պատերազմի, մասնավորապես՝ Իրանը բզկտելու նպատակ ունեն՝ փաստ է»,- նշեց փորձագետը։

Եզրափակելով խոսքը՝ Դավիթ Ջամալյանը նաև ասաց, որ Արաքսի հովտի թուրք-ադրբեջանական օկուպացիան ենթադրում է  հետևյալը՝ ստրատեգիական կարևորություն ունեցող այդ տարածաշրջանն արդեն վերածվել է և շարունակում է վերածվել պլացդարմի, որից հարվածներ պետք է հասցվեն Իրանի հյուսիսին՝ Ատրպատականի ուղղությամբ, ապակայունացնելով Իրանի հյուսիսը։ Ինչպես նաև Ռուսաստանի հատվածին՝ Հյուսիսային Կովկասի հատվածում։

Տեսանյութեր

Լրահոս