Արցախի նախագահական շենքում են եղել մարդիկ, որոնց խնայում էր Ադրբեջանը. այնտեղ չկար գեթ մեկ կոտրված ապակի․ Ռոբերտ Քոչարյան
44-օրյա պատերազմի, դրա պատճառների ու հետևանքների թեմայով հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին հարցրեց՝ Ռոբերտ Քոչարյանն ու իր թիմը ունե՞ն եզրակացություն պատերազմի պարտության վերաբերյալ այն կոնտեքստում, թե արդյո՞ք այդ ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից առաջ քաշվող պայմանները բավարարելուն միտված ընթացք է ունեցել պարտությունը, ու արդյո՞ք ունեն տվյալներ, օրինակ, Հադրութից Շուշի հատվածում պայմանավորվածությունների մասին:
Ի պատասխան՝ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ եզրակացություններ կարող է անել՝ համադրելով այն փաստերը, որոնց տիրապետում է: Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ իր համար, օրինակ, անհասկանալի է, թե ինչու Ջաբրայիլից մինչև Շուշի ճանապարհին բնագիծ չի կառուցվել, խրամատ չի փորվել:
«Այս բոլորը, որ համադրում ես, տեսնում ես, որ կա՛մ ուղղակի եղել է ապուշության գագաթնակետը, կա՛մ եղել է, այո, դավաճանություն: Դավաճանությունը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել: Այս պարագայում եղել է մի թեզ, որը նաև տարածված էր այն ժամանակ, որ Ալիևը մինչև Շուշին չվերցնի, չի կանգնելու: Այդ խոսակցությունները, այո, այն ժամանակ եղել են: Եվ տպավորությունն այնպիսին էր, որ Շուշին վերցնելու ամբողջ երթուղին կա՛մ բացում էին, եթե չէին էլ բացում, չէին փակում: Մենք ունենք շատ հիմնավոր կասկածներ, որ, այո, այստեղ եղել է միտումնավորություն»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը:
Քոչարյանը նաև հիշեցրեց մի փաստ՝ Արցախի նախագահական շենքի մասին, որի մասին, ըստ նրա, քիչ է խոսվել:
«300 մետր շառավղով ոչ մի արկ չի պայթել: Մեկ ջարդած պատուհան, մեկ ջարդած ապակի այդ շենքի վրա չկար: Այն ժամանակ, երբ Ստեփանակերտը դաժանորեն ռմբակոծվում էր, հրթիռակոծվում էր: Ձեր մոտ հարց չի՞ առաջանում՝ էս ո՞ւմ էին խնայում: Իրականում այդ հարցը չի՞ առաջանում՝ ո՞ւմ էին խնայում: Ինձ համար անհասկանալի է, թե ինչի այդ քանակով մեր շարասյուները օդից ուղղակի ոչնչացնում էին դեռ դիրքերը չհասած: Կարող է լինել մեկ-երկու դեպք: Այսպիսի սիստեմի վերածված գործողությունները իմ մոտ հարցեր են առաջացնում: Եվ, ի դեպ, ես չեմ կարծում, որ իրենք խնայում էին Արայիկ Հարությունյանին: Արայիկ Հարությունյանը հայտարարել էր այն ժամանակ, որ Գյանջայի հրետակոծումը իր հրամանով է եղել: Բայց ես կարծում եմ՝ այդ շենքում եղել են ամբողջ պատերազմի ընթացքում մարդիկ, որոնց խնայում էր Ադրբեջանը: Ադրբեջանն ուներ գերճշգրիտ զենքեր, որով կարող էին 100 կմ հեռավորության վրա Լաչինում Զաբուխի կամուրջը ոչնչացնել, և այդ շենքը չեն կարողացել թիրախավորել, ուղղակի ծիծաղելի է: Այդպես չի լինում: Ուղղակի այդպես չի լինում: Կան մեծ կասկածներ, և կրկնեմ՝ այդ կասկածները մինչև չփարատվեն, մեր երկրում հանգստություն չի լինելու»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում