Զանգեզուրի կոմբինատում հիմա ո՞վ փայ մտավ. վարչապետի աշխատակազմը դրա հետ ի՞նչ գործ ունի. Ռոբերտ Քոչարյան
44-օրյա պատերազմի, դրա պատճառների ու հետևանքների թեմայով հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հարց տրվեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին՝ արդյոք նա ունի՞ այն հարցի պատասխանը, թե գործող իշխանության ներկայացուցիչներն իրականում ովքեր են, և արդյո՞ք վայելում են Կրեմլի որոշ շրջանակների աջակցությունը: Լրագրողը հնչեցրած հարցում շեշտեց այն հանգամանքը, որ այս իշխանություններն ունեն արևմտյան գործակալների համարում, իսկ դրան զուգահեռ՝ կայացնում են ամենապրոռուսական որոշումները, մասնավորապես՝ ռուսական դրոշի ներքո Սիրիա զորք ուղարկելը կամ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի՝ ռուսական ընկերության կողմից մասնավորեցումը:
«Իսկապես բարդ հարց է: Ես կարծում եմ, որ նաև այս ուժերի գործունեությունը պիտի գնահատվի մի քիչ այլ անկյան տակ: Գերնպատակն իրենց համար իշխանությունը պահելն է: Իզմ-եր չունեցող իշխանությունն անելու է ամեն ինչ սեփական իշխանությունը պահելու համար: Հիմա, եթե այս պահին դա ավելի ձեռնտու է Ռուսաստանի հետ անել, անելու է Ռուսաստանի հետ, եթե վաղը ձեռնտու դառնա Թուրքիայի հետ, անելու է Թուրքիայի հետ, Պակիստանի հետ, ապա Պակիստանի հետ: Այստեղ մի փնտրեք շատ բարդ սխեմաներ: Այստեղ շատ պարզ տարբերակ է՝ «այսօր սա է ձեռ տալիս, սա եմ անում»: Իզմ-երի պակասության, այսպես ասած, անբարոյականությունը հենց սրա մեջ է, որ դու քեզ չես կապում որևէ սկզբունքների հետ: Սկզբունքը աթոռը պահելն է:
Ինչ վերաբերում է վերջին այդ գործարքին՝ Պղնձամոլիբդենային կոմբինատի հետ, դա այն կոմբինատն է, որն անընդհատ իմ հետ են, չէ՞, կապում, որի հետ երբևիցե որևէ կապ չեմ ունեցել, և դա արվում էր «Հայկական ժամանակ» թերթի կողմից՝ հետևողականորեն 10, 10-ից ավել տարի… Հիմա ո՞վ փայ մտավ, հիմա նայեք՝ ով փայ մտավ և ում հետ փայ մտավ: Երևի Հայաստանի պատմության մեջ ամենից մութ գործարքն է, անհասկանալի տրամաբանությամբ: Ինչո՞ւ: Չես հասկանում, թե ինչու: Ինչ-որ նվիրաբերություն է արվում, և այդ փայի կառավարումը փոխանցվում է վարչապետի աշխատակազմ: Աբսուրդ է: Պետական բաժնեմասերը պետք է կառավարվեն Ֆինանսների նախարարության կողմից, կարող է՝ էկոնոմիկայի նախարարության կողմից: Ի՞նչ գործ ունի, ի՞նչ մասնագիտական հմտություն ունի վարչապետի աշխատակազմը՝ նման գործառույթ ունենալու համար: Սա ուղղակի փայ մտնել է Հայաստանի ամենից խոշոր, ամենից գրավիչ ակտիվների կառավարման մեջ՝ ֆինանսական հոսքերը կառավարելու համար: Այլ բացատրություն այստեղ չկա: Սա կոռուպցիայի դրսևորումների առումով բարձրագույն պիլոտաժ է, լկտիության հասնող»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում