Սոս Սարգսյան. երբ Արտիստը ձևավորում է մարդու ազգային ինքությունը
Ի՞նչն է ձևավորում մարդու ինքնությունը. մայրենի լեզուն, ավանդույթները, կրոնը, պատմական իրադարձությունները, գրականությունը, խոհանոցը… Շատ են գործոնները, բայց ով կլինեինք մենք առանց մշակույթի, առանց ամենազոր կինեմատոգրաֆի և առանց մեր անունն ամենանուրբ ոլորտում արժանապատիվ պահող վարպետների:
Սեպտեմբերի 26-ը պատմության մեջ նշանավորվել է ինչպես ուրախ, այնպես թախծոտ դիպվածներով: Այս օրն է ծնվել ամերիկացի կոմպոզիտոր, դաշնակահար Ջորջ Գերշվինը, մահացել է գերմանացի փիլիսոփա, մշակույթի տեսաբան, էսթետիկ, գրական քննադատ, էսսեիստ և թարգմանիչ Վալտեր Բենիամինը: 1869թ. սեպտեմբերի 26-ին է ծնվել երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասը, նույն օրը՝ 8 տարի առաջ մահացել է թատրոնի և կինոյի հայ մեծանուն դերասան Սոս Սարգսյանը:
Հարգելով այս հսկաների ծննդյան և մահվան տարելիցները` անդրադարձ ենք անելու նրացից մեկի՝ հայկական կինոյի վարպետաց վարպետ Սոս Սարգսյանի գործունեությանը:
1929 թվականի հոկտեմբերի 24-ին Ստեփանավանում ծնված Սոս Սարգսյանի դերերը կառուցում են հայ մարդու ազգային ինքությունը, իրենց մեջ ամփոփում են լավագույնը, ինչ կարող էր ունենալ հայ մարդը՝ պատմական ժառանգության արդյունքում:
Ընտրելու համար՝ ինչ դիտել Վարպետի բազմաթիվ դերերից, դիմել ենք հայ ժամանակակից կինեմատոգրաֆի երեք ներկայացուցիչների՝ Համազգային թատրոնի դերասանուհի Տաթև Ղազարյանին, կինոռեժիսոր, սցենարիստ Մարինե Զաքարյանին և կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանին:
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի դերասանուհի Տաթև Ղազարյանը Վարպետի ֆիլմերը ուսումնասիրել սկսել է դեռ ուսանողության տարիներին: Մեզ հետ զրույցում դերասանուհին պատմեց՝ ինչպես է տպավորվել Սոս Սարգսյանի խաղով Ալեքսանդր Շիրվանզադեի համանուն վեպի հիման վրա 1973 թվականին նկարահանված «Քաոս» ֆիլմում:
«Երիտասարդ տարիքում, երբ Հայֆիլմ էի դիտում՝ ընդունելության քննությունների համար, անդրադարձա Սոս Սարգսյանի ֆիլմացանկին: Ես շատ-շատ հավանել էի «Քաոս» ֆիլմում իր դերակատարումը և երիտասարդ տարիքից այդ ֆիլմն ինձ համար առանձնանում է:
Իհարկե, ֆիլմաշխարհում նրա գլուխգործոցը համարվում է «Նահապետը», «Ձորի Միրոն», բայց «Քաոս» ֆիլմում Սոս Սարգսյանի կերտած Սմբատ Ալիմյանի կերպարն առանձնահատուկ է ինձ համար՝ իբրև երիտասարդական հուշեր, և իբրև իդեալական տղամարդու կերպար, ում կցանկանայի տեսնել իմ կողքին»,- նշեց դերասանուհին:
Տաթև Ղազարյանը մեզ հետ զրույցում նշեց նաև, որ Վարպետի հետ ամեն մի օրը պատմություն էր, ամեն մի օրը՝ մի դաս և կիսվեց մի դեպքի մասին հիշողությամբ, որը տեղի է ունեցել ներկայացման փորձի ժամանակ.
«Փորձում էինք «Ծննդյան տոները սենյոր Կուպելոյի տանը» ներկայացումը, ինքն էր ռեժիսորը: Մի տեսարան կար, ոչ մի կերպ չէր ստացվում, նեղսրտեցի, ասացի՝ ո՞նց անեմ, ինչպե՞ս խաղամ այս տեսարանը: Ինքը դադար տվեց, իր խոր իմաստությամբ լռեց և մի քանի վայրկյան անց ասաց՝ «Բայց չէ որ դու հանճարեղ դերասանուհի ես, դու ամեն բան կարող ես անել»: Եվ իր այդ մեկ շատ շռալ կոմպլիմենտն այնպես ինձ ոգևորեց և այնպիսի ուժ տվեց ինձ, որ հետո ինքը գոհ մնաց իմ խաղացած տեսարաններից»:
Կինոռեժիսոր, սցենարիստ Մարինե Զաքարյանն առաջարկում է դիտել Սոս Սարգսյանի մասնակցությամբ բոլոր ֆիլմերը. «Ոչ մի պատահական դերում չի նկարահանվել Վարպետը: Առաջին դերերից սկսած՝ սիրելի, մտերմիկ ու հավաստի կերպարներ է ստեղծել հայ կինոյի Նահապետն ու այդ կերպարները մեծ մասամբ ֆիլմերի գլխավոր հերոսների դերեր են: Բայց այսօր ես ուզում եմ առաջարկել կինոսիրող մեր հայրենակիցներին դիտել Անդրեյ Տարկովսկու «Սոլյարիս» ֆիլմը, որտեղ Սոս Սարգսյանին տեսնում ենք Գիբարյանի դերում: Նման հանճարեղ ռեժիսորի հետ աշխատելը ցանկացած դերասանի համար երկնային նվեր լինելուց բացի, նաև մեծ պատասխանատվություն է, և Սոս Սարգսյանը մեծ պատվով է դուրս եկել այդ իրավիճակից: Ինքասպանությունից առաջ ինքն իրեն տեսանկարահանելով՝ Գիբարյանը խոսում է ֆիլմի հերոսի հետ, զգուշացնում այն բոլոր սարսափների մասին, որոնք իրեն խելահեղության են հասցրել, հետո ավելացնում է. «Սա խելահեղություն չէ, այստեղ ինչ-որ բան այն չի մեր խղճի հետ»: Էկրանին երևալով մի քանի րոպե՝ Սոս Սարգսյանը կարողանում է ամբողջական կերպար ստանալ, որի բոլոր վախերը միանգամայն հասկանալի են: Կարծում եմ՝ սա մեծ վարպետության վկայություն է, որովհետև մեծ դերերով, էկրանային մեծ ժամանակի ընթացքում ավելի հեշտ է ամբողջական կերպար ստանալ, բայց միայն իրական տաղանդի տեր դերասաններն են ընդունակ մի քանի րոպե երևալով էկրանին՝ ձեռք բերել կենսագրություն, ազգություն և հավաստիություն՝ ընդմիշտ մնալով կինոդիտողի հիշողության մեջ»:
Կինոռեժիսոր, պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը Վարպետի միանգամից երկու ֆիլմ է առաջարկում դետել՝ կինոյի և թատրոնի հայ նշանավոր ռեժիսոր Հենրիկ Մալյանի երկու՝ «Եռանկյունի» (1967թ.) և «Մենք ենք, մեր սարերը» (1969թ.) կինոնկարները:
– Վարպետ Մկրտիչ, իսկ Շեքսպիրում չե՞ք աշխատել։
– Շեքսպիրո՞ւմ։
– Ըհը։
– Ոչ, ես Շեքսպիրի Օթելլոն եմ տեսել։
– Որտե՞ղ, Սենեկայո՞ւմ։
– Ինչո՞ւ Սենեկայում։ Վան քաղաքում։ Վահրամ Փափազյանի կատարմամբ։ Պատվարժան Հովհաննես, այդպիսի բան այլևս երբեք կյանքումս չտեսա։ Ինչպիսի հրաշք։ Վան։ Փափազյան։
«Հենրիկ Մալյանի «Եռանկյունի» ֆիլմում Սոս Սարգսյանի վարպետ Մկրտիչը մեկն է հինգ դարբիններից. սակավախոս է, համեստ, արվեստի հանդեպ բացառիկ պատկառանքով, կյանք ու աշխարհ տեսած։ Թվում է փոքր դեր է, բայց Սոս Սարգսյանը այն մեծ արտիստներից է, որ կոտրում է փոքր դերի կլիշեն, այդ անհեթեթ կարծրատիպը։ Ինչպես առանց «Եռանկյունու» անհնար է պատկերացնել հայկական ազգային կինոն, ճիշտ նույն կերպ Հենրիկ Մալյանի ամենակարևոր ֆիլմերն այդպիսին չէին լինի առանց Սոս Սարգսյանի։ Ես հենց «Եռանկյունի» ֆիլմում եմ առաջին անգամ տեսել Սոս Սարգսյանին՝ պարզ, մեծ դերասանին, որ դերասանական զինանոցի ամենազուսպ արտահայտչամիջոցներով գրավում է հանդիսատեսին, ընկերանում նրա հետ, դառնում սիրելի՝ ամբողջ կյանքի համար»,- մեզ հետ զրույցում ասաց Հոհվհաննես Գալստյանը:
– Դու Ավա՞գն ես, թե՞ Իշխանը։
– Պինդ բռնի։ Եզո ջան։ Ախպեր ջան։ Ես Իշխանն եմ։
– Ոչխար եք մորթե՞լ։
– Աչքն էլ չենք հանել։
– Ռևազի՞։
– Ռևազի։
– Բողոքե՞լ է։
– Նշանակություն չունի։
-Դու էլ վեր ես կացել, էկել, հա՞։ Այսինքն… այսինքն լավ էլ արել ես, որ էկել ես։ Բա կարծում ես՝ մի մարդով եզ շուռ տալը հե՞շտ է։ Մի մարդ սկի մի կնիկ էլ չի կարող շուռ տալ։ Ուր մնաց մի եզ։ Հաշվիր, որ այս եզը միլիցիայի նվերն է Անտառամեջ գյուղի հասարակությանը։
«Անկախության շրջանում ՀՀ անխտիր բոլոր իշխանությունները արատավորել են հայ ոստիկանին՝ զրկելով նրան ժողովրդի, օրենքի, օրինականության ու հասարակական կարգի պահպանման առաքելությունից և լծելով բացառապես իշխանության համար կոմֆորտի ապհովման գործին։ Դրանով նրանք գցել են ոստիկանի անունը, անուղղելի վնաս են հասցրել բարի համբավին։ Քաղաքացին, որ սովետական ֆիլմերից սովոր էր վստահել ոստիկանին, դիմել նրան և ակնկալել օգնություն, հիմա, ի դեմս ոստիկանի, բախվում է նվազագույն ինտելեկտով իշխանության սպասարկուի հետ, որն առանց հապաղելու կարող է խմբով հարձակվել միայնակ քաղաքացու վրա, հարվածել տարեցին, հայհոյել կնոջը, գետնով քաշ տալ աղջկան։
«Մենք ենք, մեր սարերը» ֆիլմում Սոս Սարգսյանի ստեղծած համակրելի լեյտենանտի կերպարը այն քրիստոմատիան է, որ պիտի ուսուցման առարկա ընկալվի հայրենի ոստիկանների կողմից՝ ոստիկանի կերպարը չպախարակելու, պարզունակ մահակի չվերածվելու համար»,- ամփոփեց պրոդյուսերը:
Անի Գաբուզյան