«Դրվել է նոր դարաշրջանի սկիզբը»․ Ռայիսի
Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում հայտարարել է, որ սկսվել է նոր դարաշրջան, որում Իրանը կձգտի արդյունավետ համագործակցության հասնել բոլոր երկրների, մասնավորապես, հարեւան երկրների հետ:
«Ես ձգտելու եմ արդունավետ համագործակցության եւ փոխգործակցության հասնել աշխարհի բոլոր երկրների, մասնավորապես, հարեւան երկրների հետ. ջերմորեն եւ բարեսրտորեն սեղմում եմ նրանց ձեռքը: Դրվել է նոր դարաշրջանի սկիզբը»,- Ռայիսիի խոսքը մեջբերում է «Ֆարս» գործակալությունը:
Նա նաեւ նշել է միջուկային գործարքի եւ ամերիկյան պատժամիջոցների չեղարկման շուրջ Վիեննայի բանակցությունների արդյունավետ լինելը, հավելելով, որ Իրանի հետ Արեւմուտքի դիմակայությունը վերացել է, եւ այժմ ԳՀՀԾ-ի բոլոր կողմերը պետք է վերադառնան գործարքի կատարմանը: Իրանն արդեն 40 տարի գտնվում է ԱՄՆ-ի առեւտրա-տնտեսական պատժամիջոցների ներքո:
Իրադրությունը խորացել է 2005-2013 թվականներին, երբ Իրանում սկսվել է միջուկային ծրագրի լիամասշտաբ զարգացումը: Դա հանգեցրել Է ԱՄՆ-ի եւ միջազգային հանրակցության կողմից նոր պատժամիժոցների սահմանման Իրանի ֆինանսական հատվածի, էներգապաշարների եւ սպառազինության արտահանման նկատմամբ: Արդյունքում իրանական տնտեսությունը հայտնվել է կործանման եզրին: Խնդիրն սկսել է լուծվել Հասան Ռոհանիի նախագահության օրոք:
2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանիսան եւ Իրանը հայտարարել են Գործողությունների համատեղ համափարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ձեռքբերման մասին:
Համաձայնագիրը ենթադրում էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման փոխարեն: Գործարքը նախնական տեսքով երեք տարվա կյանք էլ չունեցավ. 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ը հայտարարեց միակողմանի կարգով դրանից դուրս գալու եւ Թեհրանի նկատմամբ խիստ պատժամիջոցները վերականգնելու մասին:
Ի պատասխան Թեհրանը 2019 թվականին հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին:
Այժմ Վիեննայում բանակցություններ են անցկացվում ԳՀՀԾ-ի վերականգման եւ Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների վերացման շուրջ. Հունիսի 20-ին ավարտվել է վեցերորդ փուլը: Վիեննայում միջազգային կազմակերպություններին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովի խոսքով, գործարքի վերականգնման աշխատանքն ավարտվել է գրեթե 90 տոկոսով, մնացել են քաղաքական պահերը, որոնք կապված են ԱՄՆ-ի պարտավորությունների եւ այն բանի հետ, թե Վաշինգտոնը ինչպես կպահպանի դրանք ապագայում:
Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ բանակցությունները կվերսկսվեն աշնանը, քանի որ Իրանում պետք է վերջնականապես ձեւավորվի հունիսի ընտրություններում հաղթանակ տարած նոր նախագահ Ռայիսիի կառավարությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: