ԱՆ–ն հուշում է, բայց չի՞ պարտադրում․ գունագեղ տոնակատարությունը, համավարակի դեմ «պայքարող» իշխանությունը և «տուգանքի մատերիալ» հասարակությունը

«Մենք որոշում ենք կայացրել, որ ՀՀ անկախության 30-րդ տարեդարձը պետք է պատշաճ ձևով նշվի: Եվ ուզում եմ ասել, որ սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն, և այդ տոնակատարությունը, իհարկե, առաջին հերթին նվիրված է լինելու ՀՀ անկախության, ինքնիշխանության, անվտանգության և Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին»,-  Կառավարության նիստում հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:

168.amտեղեկացել էր նաև, որ «գունագեղ և մասշտաբային» տոնակատարության շրջանակներում Հանրապետության հրապարակով զինվորներ են քայլելու. տեղի է ունենալու շարանցում:

Վարչապետի այս մտահղացումը վրդովեցրեց 44-օրյա պատերազմի մասնակիցներից շատերին, նրանց հարազատներին, պատերազմում հարազատներ կորցրած քաղաքացիներին: Սակայն խնդիրը միայն հարցի բարոյական կողմը չէ. իշխանությունը, որը լծվել է ոչ պարտադիր-պարտադիր պատվաստման գործին, համավարակի վտանգավորության մասին շաբլոն դարձած արտահայտությունները շռայլելուն, չպատվաստվածներին «տուգանքի մատերիալ» դարձնելու առաքելությանը, հաշվի չի առել այդ տոնակատարության առողջապահական ռիսկերը:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում այն որոշումը, ըստ որի՝ գործատուներն աշխատակիցներից պետք է պահանջեն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու հավաստագիր կամ ամսական երկու անգամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք և կամ բժշկական տեղեկանք այն մասին, որ պատվաստվելու համար աշխատակիցն ունի հակացուցումներ։

«Եթե չհետևեն այս կարգին, հետևանքը կլինի աշխատանքի չներկայանալը: Հաջորդիվ, տվյալ կազմակերպությունը ևս որոշակի տույժ-տուգանքներ կկրի։ Եթե աշխատակիցը չի ներկայանում աշխատանքի որոշակի ժամկետներում, ապա գործատուն իրավունք ունի նաև խզելու աշխատանքային պայմանագիրը»,- ասել էր Առողջապահության նախարարը։

Նա նաև  հավելել էր, թե մարդու իրավունքների խախտում չի տեսնում այս հարցում. ամեն ինչ արվում է Սահմանադրության, ՀՀ օրենքների շրջանակներում․ «Գիտեք, որ Հայաստանում գործում է Բնակչության սանիտարահամաճարակային պաշտպանության մասին օրենքը, որը հստակ ամրագրումներ ունի, ինչին հղում կատարելով՝ նաև ընդունվել են ենթաօրենսդրական ակտեր։ Եվ այդ ենթաօրենսդրական ակտերը բխում են օրենքներից։ Այսինքն, այն նորմը, որը սահմանված է, ամբողջությամբ համապատասխանում է պահանջներին։ Մենք այստեղ որևէ խնդիր չունենք Սահմանադրության, օրենքների հետ»:

Պարզվում է, սակայն, Բնակչության սանիտարահամաճարակային պաշտպանության վեհ առաքելությունը ստանձնած նախարարությունը, հակառակ նախարարի այս «պահանջկոտությանը», ցայսօր չի հորդորել վարչապետին հաշվի առնել համավարակի ռիսկերը և չեղարկել սեպտեմբերի 21-ի տոնակատարությունը:

168.amԱռողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք նախարարությունը ռիսկային չի համարում մասշտաբային տոնակատարություն նշելը՝ հաշվի առնելով համավարակի առկա ռիսկերը: Ի պատասխան՝ նախարարի խոսնակը նկատեց. «Խոսքը, ինչպես ես հասկանում եմ, բացօթյա իրականացվող տոնակատարության մասին է»:

Մեր դիտարկմանը, թե բացօթյա, բայց մարդաշատ միջոցառում է, անգամ շարանցում է լինելու, նա արձագանքեց.

«Առողջապահության նախարարությունը, ինչպես միշտ, բոլոր միջոցառումներից առաջ հորդորում է, զգոնության կոչ է անում, հիշեցնում է, որ օրեցօր թվերն ավելանում են. դա մեր գործառույթն է: Ամեն դեպքում, դիմակ կրելու պայմանը պարտադիր է, որովհետև կապ չունի՝ բացօթյա է, եթե մարդաշատ հավաք է լինում, մենք հորդորում ենք զգոն լինել, պահել հեռավորություն և դիմակ կրել»:

Հարցին՝ արդյո՞ք գործադիրի ղեկավարին հորդորվել է հաշվի առնել այդ ռիսկերը, Հռիփսիմե Խաչատրյանը չպատասխանեց՝ նշելով, որ դա իր կոմպետենցիայի շրջանակում չէ:

Ինչպես ասում են՝ «Այն, ինչ կարելի է Զևսին, չի կարելի եզին… ». քաղաքացու ուսերին պարտադիր դրվում է համավարակի ռիսկերն իր պատվաստմամբ կանխարգելելու պարտադրանքը, սակայն կառավարությունը, անգամ այս աղմուկից հետո, չի ցանկանում չեղարկել համավարակի ակնհայտ ռիսկերով միջոցառումը:

Տեսանյութեր

Լրահոս