Ադրբեջանական անձնագրերով մարդկանց թույլ տվեք քվեարկեն. ձեր առաջնորդն ահագին ձայն ունի այնտեղ. Մամիջանյան

Այսօր ԱԺ նիստի ընթացքում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն իր ելույթի ընթացքում անդրադարձավ իրենից առաջ ելույթ ունեցած պատգամավորների հնչեցրած մտքերին:

«Տիկին Ջուլհակյան, ըստ Ձեզ՝ 2018թ.-ին մարդիկ դուրս էին եկել համակարգի դեմ, թվարկենք համակարգի որոշ մասնիկներին՝ Մուկուչյան Տիգրան, Խաչատրյան Սասուն, Դավթյան Արթուր: Բա էդ ո՞ր համակարգի դեմ էին դուրս եկել, ո՞նց ստացվեց, որ համակարգի հիմնասյուները, կարևորագույն պաշտոնները զբաղեցնող մարդիկ մնացին անփոփոխ: Հետո խոսեցին արյունոտ ձեռքերից, մի՛ արեք էդ արտահայտությունը, ժողովուրդ, առնվազն էն մարդիկ, ովքեր պատերազմի ընթացքում անկազմակերպվածությունը, մոբի կազմակերպումը, ապահովման կազմակերպումը, ողջ լոգիստիկան տեսել են, երբեք թույլ չեն տա, որ դուք խոսեք արյունոտ կամ ոչ արյունոտ ձեռքերից: Պարոն Հովակիմյան, նոր խոսում էիք կեղծված ընտրություններից, բա էդ ո՞նց էր ստացվել, որ Ձեր քաղաքական առաջնորդը կանգնել էր ընտրություններ կեղծող առաջին նախագահ Լևոն Հակոբի Տեր-Պետրոսյանի կողքին, «Իմպիչմենտ» դաշինքի շրջանակներում, նաև պատգամավոր էր այնտեղ նստած իր Կոնգրեսով: Իսկ էդ ո՞նց է ստացվում, որ մի քանի հարյուր հազար ձայն պակաս ստանալու դեպքում, որը նաև ձեր աշխատանքի գնահատականն է, ձեր մանդատը հանկարծակի թավիշից դառնում է պողպատ»,- ասաց Մամիջանյանը:

Պատգամավորը հիշեցրեց, որ 2018թ.-ի իշխանափոխությունից հետո սկզբում՝ կեսկատակ, ապա՝ նաև լրջորեն, հանրությունը սկսեց քննարկել «բա սրա՞ համար էինք պայքարում» հարցը:

«Եկեք թվարկենք, թե ինչի՞ համար էիք պայքարում: Վիլեն Գաբրիելյանը, որ այն ժամանակ Ֆեյսբուքում հայտնի էր՝ որպես Նավակ ճոճող, պայքարում էր նրա համար, որ հիմա իշխանությունների վերաբերյալ ստատուս գրելը փողով, տուգանքով է դարձել, այ դրա համար է պայքարել Վիլեն Գաբրիելյանը, թող ինքը պատկերացնի դա, կամ տիկին Նազարյանը՝ որպես հայտնի էկոակտիվիստ, պայքարել է նրա համար, որ մի քանի օր առաջ Ֆիզգորոդոկում ոստիկանները ցուցարար էին ծեծում, էսօր արդեն և երեկ բուլդոզերներով կանաչապատ տարածք էին քանդում: Այ դրա համար եք պայքարել: Պարոն Վարդանյանը, որը երկար տարիներ անցկացրել է ՍԴ-ում, պայքարել է նրա համար, որ անցած տարի Սահմանադրությունը բռնաբարում էին այս ամբիոնի վրա, իսկ բռնաբարողներից մեկը Ձեր կողքին է նստած, ով շատ հապճեպ, հենց ակուռատ ՍԴ-ում դիմումը պաշտպանելուց առաջ հասցրեց ստանալ Իրավաբանականի դիպլոմ, շնորհավորում եմ, պարոն Հովակիմյան:

Հակոբ Արշակյանը պայքարում էր նրա համար, որ այն, ինչի դեմ ինքը մեծ պայքար էր ծավալել՝ խոսքը կուտակային համակարգի մասին է, հիմա ողջ ծավալով ներդրվի: Այ սրա համար եք դուք պայքարել: Դուք պայքարել եք նրա համար ու անդադար խոսել եք, որ կոռուպցիայի մեջ թաթախված պաշտոնյան պիտի մնա անազատության մեջ, որոշ պատգամավորներ էլ այդ օրինակն անընդհատ էս ամբիոնից բերում են, էդ մարդը գրավով ազատ է արձակվել և հիմա մասնավոր սեկտորում աշխատում է, բավական լավ պաշտոնի, ընդ որում: Սրա համար եք պայքարել: Դուք պայքարել եք նրա համար, որ ԱԺ-ն հսկեն մի քանի տասնյակ զինվորականներ, սպեցի տղերք, իսկ մեր սահմանները չհսկվեն, ու թշնամին գա, մտնի էդտեղ, մեր հող: Դուք պայքարել եք նրա համար, որ ՀՀ տարածքում, ու ես ձեր քաղաքական առաջնորդի պես ադրբեջանական անուններ չեմ օգտագործելու, թշնամին ոստիկանական անցակետ ունենա, դուք պայքարել եք նրա համար, որ ձեր քաղաքական առաջնորդը էնքան վախենա Երևանի փողոցներով քայլելուց, որ մի քանի հազար ոստիկան բերի: Էն ժամանակ ասում էիք՝ քաղաքացին տուգանքի մատերիալ չի, Դուք պայքարել եք նրա համար, որ հիմա մարդուն պատվաստվել-չպատվաստվելու համար գործից ազատվելու վտանգ լինի:

Պարոն Հովակիմյանը խոսում էր նրա մասին, որ պաշտոնյաները չեն փորձել ձայներ բերել, պարոն Հովակիմյան, 2018-ի ընտորւթյունների ժամանակ իմ ստատուսը լայքելու համար նախարարն իր աշխատողին հրավիրել է իր կաբինետ: Է՞դ է ձեր ոչ ճնշումներ անելը: Դուք խոսում եք՝ հարկային տեռոր չլինելու, տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ ազատության մասին, բայց բոլորը գիտեն, որ մեզ հետ համախոհ գործարարների նկատմամբ հարկային տեռոր է սկսվել հունիսի 20-ից հետո, հարցրեք ցանկացածին: Արփինե Դավոյանը որոշեց հիշատակել Երևան քաղաքի ընտրությունները, ախր այդ ընտրությունների ժամանակ Ձեր քաղաքական առաջնորդը քաղաքի բյուջեի հաշվին ընտրակաշառք է խոստացել:

Դուք խոսում եք ընտրությունների մասին, բայց սենց որ շարունակեք, մյուս ընտրություններին Սյունիքի մի քանի գյուղի բնակիչներ վիզայով են ընտրություններին մասնակցելու: Ու մի հատ էլ խորհուրդ, ոնց հասկացա՝ որոշակի փոփոխություններ եք ուզում անել Ընտրական օրենսգրքում. խորհուրդ կտամ դիտարկեք ադրբեջանական անձնագրերով մարդկանց թույլ տալ քվեարկելը, այնտեղ ձեր առաջնորդն ահագին ձայն ունի»,- եզրափակեց ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

Տեսանյութեր

Լրահոս