Ինչպես են երևանյան խանութները խաբում գնորդներին՝ sms-ների միջոցով
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը, «Արայ» և «Տեխնոլայֆ» ընկերությունները մեղադրվում են հնարավոր անբարեխիղճ վարքագծի համար։
Նշված ընկերությունները հարյուրավոր մարդկանց ուղարկել են sms հաղորդագրություն հետևյալ բովանդակությամբ. «Շնորհավորում ենք, դուք ընտրվել եք որպես եզակի ակցիայի մասնակից: Ներկայացրեք այս SMS-ը ցանկացած «Արայ» վաճառասրահ և ստացեք մինչև 100 հազար դրամ զեղչ: 010222513»: Նույնաբովանդակ հաղորդագրություն ուղարկվել է նաև «Տեխնոլայֆ» խանութի կողմից։ Ակցիայի վերաբերյալ մանրամասներ ճշտելու համար հնարավոր չի եղել միանալ նշված հեռախոսահամարին: Հաղորդագրություն ստացած շատ քաղաքացիներ, գայթակղվելով առաջին հայացքից բավականին շահավետ առաջարկից, այցելել են վերոնշյալ խանութների վաճառասրահներ, որտեղ պարզվել է, որ ակցիան տարածվում է հատուկենտ, առավելապես բավականին բարձր գնային շեմ ունեցող ապրանքների վրա, որոշ ապրանքների վրա գործում է 5-20 տոկոսի չափով զեղչ` վիճակախաղի սկզբունքով, իսկ շատ այլ ապրանքներ ընդհանրապես զեղչված չեն եղել: Ընդ որում նույն պայմաններն ու գնային առաջարկները գործել են նաև այն հաճախորդների համար, ովքեր sms հաղորդագրություններ չեն ստացել: Հանձնաժողովը հսկիչ գնման միջոցով ձեռք է բերել որոշ ապրանքներ, որոնց վրա որևէ զեղչ չի գործել: Համաձայն օրենքի, ապրանքի գովազդման կամ իրացման ընթացքում թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տեղեկությունների նշումը կամ այնպիսի տվյալների բացակայությունը, որը սպառողին հնարավորություն չի տալիս կազմելու ամբողջական պատկերացում, համարվում է հասարակության մոլորեցում: Հանձնաժողովի դիտարկմամբ, «Արայ» և «Տեխնոլայֆ» ընկերությունների կողմից կազմակերպված իբրև թե եզակի ակցիայի մասնակից ընտրված լինելու մասին սպառողներին հաղորդագրություններ ուղարկելը և մինչև 100 հազար դրամ զեղչ ստանալու հնարավորություն առաջարկելը, կարող է ապակողմնորոշել և մոլորեցնել սպառողներին: Վարույթի ընթացքում կուսումնասիրվի ընկերությունների վարքագիծը, որից հետո Հանձնաժողովը կհրապարակի իր որոշումը: