Կառավարությունը մտադիր է կրկին վերադառնալ առողջության համապարփակ ապահովագրության. Պատրա՞ստ են արդյոք դրա համար վճարել քաղաքացիները

Տարվա ավարտին շուրջ 4 ամիս ժամանակ կա, բայց բուժհաստատությունների մեծ մասում պետպատվերով բուժօգնության տեղերն արդեն սպառվել են։ Համակարգում առաջացել է ֆինանսական կազուս. հիվանդները ստիպված են ամիսներով հերթ կանգնել՝ բժշկական օժանդակություն ստանալու համար։ Սա առիթ է տվել կրկին շրջանառելու առողջապահության համապարփակ ապահովագրության անցնելու թեման։

Դրա առաջին փորձը ժամանակին ձախողվեց։  Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգը դեռևս 2019թ. շրջանառեց այն ժամանակվա առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Շրջանառության մեջ դրված փաստաթուղթը լուրջ քննադատության արժանացավ։ Բայց ոչ այն պատճառով, որ առողջության ապահովագրությունը վատ բան է, այլ այն պատճառով, որ հասարակությունն ու համակարգը պատրաստ չեն դրան։ Ապահովագրությունը թանկ հաճույք է, որի համար պետք է վճարել։ Ներկայացված հայեցակարգով առաջարկվեց ապահովագրավճարի բավական բարձր շեմ։ Խոսքը մինչև 6 տոկոսի մասին էր։

Ապահովագրավճարն այն գումարն է, որը պիտի վճարեն աշխատողներն իրենց աշխատավարձից։

Այն, ըստ էության, լրացուցիչ հարկ է, որը դրվում է քաղաքացիների վրա։ Առանց դրա էլ աշխատողներն իրենց աշխատավարձերից հսկայական մասհանում են անում հարկերի և այլ պարտադիր վճարների տեսքով։

Միջին հաշվով, աշխատավարձից պահումները հասնում են 30 տոկոսի։

Առողջության համապարփակ անպահովագրության այն հայեցակարգը, որը մտադիր է կյանքի կոչել կառավարությունը, դրան կավելացնի ևս 4-6 տոկոս։

Աշխատավարձից լրացուցիչ այդքան գումար գանձելը բավական լուրջ ծանրաբեռնվածություն է։ Առավել ևս այն քաղաքացիների համար, ովքեր աշխատելով հազիվ են հասցնում ապահովել իրենց նվազագույն կարիքները։

Այդպիսի քաղաքացիների քանակը մեր իրականության մեջ բավական մեծ է։

Աշխատողների 25-30 տոկոսի դեպքում այսօր էլ աշխատավարձերը չեն անցնում 100 հազարից։ Գրեթե 60 տոկոսի է հասնում այն քաղաքացիների քանակը, ում աշխատավարձը 150 հազարի սահմաններում է։

Հաշվի առնելով հասարակական դժգոհությունները և օբյեկտիվ հիմքերը՝ այն ժամանակ ձեռնպահ մնացին առողջության համապարփակ ապահովագրության ներդրման գաղափարից։ Բայց այն դուրս չեկավ օրակարգից։

Հիմա փորձում են կրկին հետ բերել։

«Քաղաքացիների համար առողջապահական ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովման համար ներդրվելու է առողջության համապարփակ ապահովագրության համակարգը»,- ասվում է կառավարության ծրագրում։

Կառավարության ծրագրի ընդունումից հաշված օրեր անց Առողջապահության նախարարությունը մի այսպիսի տեղեկատվություն տարածեց այն մասին, որ առողջապահության ապահովագրության համար վճարելու պատրաստակամությունը գնահատելու նպատակով Հայաստանի Ամերիկյան համալսարանի առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնն իրականացրել է հանրային կարծիքի ուսումնասիրություն։

Թե ո՞վ է այն պատվիրել, կամ ո՞ւմ նախաձեռնությունն է, հայտնի չէ։ Բայց ակնհայտ է, որ դրանով փորձ է արվում հիմքեր ստեղծել ապահովագրության ներդրման համար։

Հետազոտության արդյունքում հայտնի է դարձել, որ մասնակիցների 61 տոկոսը կողմ է առողջապահական ապահովագրության։ Նրանց մեծ մասը, ըստ Առողջապահության նախարարության, պատրաստ է եղել վճարել դրա համար։ Խոսքը հետազոտության մասնակիցների 73 տոկոսի մասին է։

9 տոկոսը պատասխանել է, որ պատրաստ չէ վճարել, իսկ 13 տոկոսը դժվարացել է պատասխանել։

Այս հետազոտության արդյունքները, ամենայն հավանականությամբ, մտադիր են հիմք ընդունել՝ առողջության համապարփակ ապահովագրություն պարտադրելու համար։

Այդպիսով կառավարությունը փորձելու է իր վրայից հանել կամ թեթևացնել ոլորտի ֆինանսական ծանրաբեռնվածությունը։ Հայտնի է, որ այն բավական լուրջ միջոցներ է տանում բյուջեից։ Թեև, դրանով հանդերձ, այդպես էլ չի հաջողվում պատշաճ բժշկական ծառայություններ մատուցել հասարակությանը։ Բայց այնպես չէ, որ համատարած ու համապարփակ ապահովագրություն ներդնելուց հետո այդ խնդիրը կլուծվի։

Այսօր էլ ըստ էության ապահովագրության համակարգը մասնակիորեն գործում է` հասարակության որոշ հատվածի համար։ Արդեն մի քանի տարի է, ինչ պետությունը սոցիալական փաթեթի շրջանակներում, տարբեր մեխանիզմներով իրականացնում է նաև պարտադիր բժշկական ապահովագրություն։ Բայց արդյո՞ք այդ համակարգն արդարացրել է իրեն։ Մարդիկ կարողանո՞ւմ են դրա շրջանակներում նորմալ բժշկական սպասարկում ստանալ, թե՞ գումարները պարզապես փոշիանում են։ Սրանք հարցեր են, որոնց պատասխաներն ակնհայտ են. պետության գրպանից բավական լուրջ գումարներ են գնում, որոնք հիմնականում չեն ծառայում իրենց նպատակին։

Այնպես որ, համատարած կամ համապարփակ առողջապահական փաթեթին անցնելուց առաջ, նախ պետք է փորձել շտկել այսօր առկա թերությունները։ Այլապես, եթե պիտի հետագայում էլ այսպես շարունակվի, դա ոչինչ էլ չի տա քաղաքացիներին և միայն կծանրացնի նրանց ֆինանսական բեռը։

Մյուս կողմից, որքան էլ Առողջապահության նախարարությունը հետազոտությունների միջոցով փորձի տպավորություն ստեղծել, որ քաղաքացիների մեծ մասը պատրաստ է վճարել ապահովագրության համար, այդպես չէ։ Այսօր հասարակության մեծ մասը չունի լրացուցիչ գումար և ի վիճակի չէ վճարել իր ապագա հիվանդության բուժման դիմաց։

Դրա համար նախ պետք է ավելացնել մարդկանց իրական եկամուտները։ Այնինչ՝ մեզ մոտ տեղի է ունենում հակառակ երևույթը՝ մարդկանց իրական եկամուտները կրճատվում են. ծախսերն ավելի արագ են աճում, քան եկամուտները։

Նման միջավայրում համապարփակ ապահովագրություն չեն ներդնում, որքան էլ այն կարող է անհրաժեշտություն լինել, և պարտադրված ենք մի օր գնալ դրան։

Մինչ այդ նախ պետք է ստեղծել բավարար հիմքեր դրա համար։ Հիմա Հայաստանում նման հիմքեր չկան։ Այսպես գնալու դեպքում, առաջիկայում չեն էլ լինելու։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

 

Տեսանյութեր

Լրահոս