«Գռզոն մեծ-մեծ խոսում է, թող 15 հատ տրակտոր-էքսկավատոր առնի և տա բանակին». Գրիգոր Գրիգորյան

Օգոստոսի 25-ից մեկնարկել են պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ, որոնք կտևեն մինչև նոյեմբերի 25-ը: Օրերս ՀՀ Պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հայտարարեց, որ սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը պահեստազորայինների եռամսյա նոր վարժական հավաքներ են լինելու:

168.amի հետ զրույցում «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» կազմակերպության նախագահ, պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանը նշեց, որ նմանատիպ վարժանքները խրախուսելի են և պետք է մշտապես անցկացվեն, հատկապես, եթե դրանց իրականացումն ու կազմակերպումը ճիշտ է արվում:

Ըստ նրա՝ եթե վարժանքը իրականացվում է եռամսյա և կազմակերպված է նպատակային, ուրեմն դա իր արդյունքն ունենալու է:

Սեպտեմբերի 6-ից Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագրի համաձայն՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Քաշաթաղի (Լաչինի) շրջանում անցկացվում են թուրք-ադրբեջանական տակտիկական վարժանքներ՝ մարտական հրաձգությամբ:

Նախապատրաստական փուլում է «Երեք եղբայր-2021» միջազգային վարժանքը՝ Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի հատուկ նշանակության ջոկատների մասնակցությամբ, որը հնարավոր է անցկացվի Շուշիի շրջանում՝ Լաչինի միջանցքի մոտակայքում:

Ադրբեջանական լրատվամիջոցները սա մեկնաբանում են որպես մեսիջ՝ ուղղված ոչ միայն Հայաստանին, այլ առաջին հերթին Ռուսաստանին՝ հաշվի առնելով զորավարժությունների անցկացման վայրերը:

– Այո, դրանք մեսիջներ են, և դրանք ոչ միայն զորավարժությունների միջոցով են ուղարկվում. Վարանդայում (Ֆիզուլի) Ադրբեջանը պատրաստվում է օդանավակայան բացել մինչև տարեվերջ, Գեղարքունիքում, Սյունիքում մարտական դիրքերի ուղղությամբ լարվածություն է ստեղծվում: Հիմնականում ուզում են հասկացնել, որ իրենք են իրավիճակի տերը, և, որ հանկարծ հայկական կողմը չփորձի Ադրբեջանի դեմ դուրս գալ: Ոնց որ ժամանակին Դավիթ Տոնոյանը ամպագոռգոռ հայտարարություն արեց՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ», այնպես էլ Արշակ Կարապետյանն է հայտարարել՝ անմիջապես կրակ բացել և ցանկացած միջոցով ոչնչացնել ադրբեջանցի այն զինվորականներին, որոնք կփորձեն հատել Հայաստանի սահմանը, որից հետո լարվածություններ սկսվեցին: Ի դեպ, Ադրբեջանը և Թուրքիան մի տեղում լարվածություն էին ստեղծում, փորձում ճնշում գործադրել, միաժամանակ փորձում էին և փորձում են «բարեկամական» հայտարարություններ անել, թե իբր չեն ուզում Հայաստանի հետ այս լեզվով խոսել: ՀՀ այսօրվա իշխանությունը դեմ չէ թուրքերի հետ բարեկամությանը, և եթե վաղը-մյուս օրն ազատ ելք և մուտք լինի, Թուրքիայից մեծ թվով մարդիկ են լցվելու Հայաստան, սկսելու են հողեր, տներ առնել, այսինքն՝ փորձելու են Հայաստանը «գումարով» վերցնել: Սա՛ է ծրագիրը:

ՌԴ-ին մեսիջներ ուղարկելով՝ Ադրբեջանը ի՞նչ է փորձում ստանալ, ըստ էության, նրանք նաև ՌԴ խաղաղապահների դեմ են սադրանքներ անում:

Չի բացառվում, որ այդ սրացումները ռուսների հրահրումով լինի: Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ այս ամենը տանում է Թուրքիայի, Նախիջևանի հարցի լուծման՝ մարտական գործողությունների արդյունքում: Այսինքն, հնարավոր է ինչ-որ ժամանակ՝ 10 օրից, 2-3 տարի հետո սկսվի պատերազմ, որին ընդգրկված կլինեն և՛ ռուսները, և՛ ՌԴ դաշնակից երկրները, և՛ Թուրքիայի կործանումը տենչող երկրները: Չմոռանանք, որ այստեղով անցնում է և՛ «Մեծ Թուրանը», և՛ «Մետաքսի ճանապարհը», և որը հաղթեց, այն ճանապարհն էլ կբացվի: Նորից գալիս ենք Արևմուտք-ՌԴ շահերի բախման, «Մեծ Թուրանը» Արևմուտքն է, Թուրքիան, ԱՄՆ-ը, «Մետաքսի ճանապարհը»՝ ՌԴ, Իրան, Չինաստան, Հնդկաստան: Այսինքն, սա կռիվ է՝ «Մետաքսի ճանապարհի» և «Մեծ Թուրանի» ստեղծման: Ճիշտ է՝ այսօր ՌԴ-ն ցույց է տալիս, որ լավ հարաբերություններ ունի Թուրքիայի, Ադրբեջանի հետ, բայց այդ ամենը սցենարի մի բաղադրիչ է:

– Ադրբեջանը, Թուրքիան պահանջում են, որ Հայաստանը ստորագրի խաղաղության պայմանագիրը, այլապես կարող են պատերազմ ստանալ, բայց ստորագրելու դեպքում էլ ենք կորցնում: Մյուս կողմից՝ այս պահին Ադրբեջանին էլ ձեռնտու չէ պատերազմը, քանի որ վերականգնման փուլում են:

– Այո, վերականգնման փուլում են, բայց իրենք շատ արագ են վերականգնվում, քանի որ ունեն և՛ գումար, և՛ մեծ աջակցություն: Բայց մարտական գործողությունները կախված են այսօրվա կառավարության գործողությունից: ՀՀ իշխանությունները ստանձնել են պարտավորություններ, որոնք չեն արել, և դրանց ձգձգման դեպքում Ադրբեջանը ատամ է ցույց տալիս՝ պիտի կատարես, այլապես նախահարձակ կլինենք: Մեր կառավարությունը միայն երկրի ներսում է կարողանում հոխորտալ, Ալիևի հետ չի կարողանում… Եթե Փաշինյանը խաղաղության պայմանագիրը ստորագրի, վերջնականապես կործանվում ենք, ոչ թե զուտ տուժում ենք: Այսինքն, սահմանների բացման, ապաշրջափակման, նմանատիպ փաստաթղթի ստորագրման դեպքում ոչ թե տարածքներ ենք կորցնելու, այլ մեր անկախությունը, մեր երկիրը:

– Հիմա ո՞րն է ելքը, մենք, ստացվում է, փակուղում ենք: Կա՞ ելք:

– Ինչի՞ չկա, ելքը միասնությունն է, միասնական Ադրբեջանի դեմ դուրս գալը:

Ռեսուրս ունե՞նք՝ մարդկային, սպառազինության:

– Իհարկե ունենք: Այսօր եթե ցանկանանք՝ 100.000 կռվող չե՞նք կարող ունենալ: Մենք տեխնիկա էլ ունենք, զինամթերք էլ: Պարզապես պետք է լինի ճիշտ ղեկավարում, կազմակերպում, ճիշտ կառավարում, եթե դա լիներ, մենք անգամ 44-օրյա պատերազմում այլ արդյունք կունենայինք: Այդ պատերազմի ժամանակ չի եղել ղեկավարում, ավելին, դեռ խանգարել են: Մարդիկ ավելի շատ խանգարել են մարտական գործողություններին, քան օգտակար եղել: Եթե գոնե չխանգարեին, մենք այս արդյունքը չէինք ունենա, իսկ եթե ճիշտ ղեկավարում լիներ, նույնիսկ հաղթանակած դուրս կգայինք:

– Վերադառնալով ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին, որի հայտարարությունը համեմատեցիք նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարության հետ, մինչդեռ կան մարդիկ, որոնց ոգևորել է Արշակ Կարապետյանի կրակելու հրամանը, քանի որ Վաղարշակ Հարությունյանի օրոք անընդհատ խոսվում էր չկրակելու հրամանի մասին:

– Դավիթ Տոնոյանի ասածից սկզբում բոլորը ոգևորված չէի՞ն: Երկրորդ՝ մի բան է հայտարարելը և անելը, մեկ այլ բան՝ մի բան հայտարարելը և հաջորդ օրը դրան հակառակ բան անելը: Եթե չես կարողանում ասես և անես, ուրեմն՝ ավելի լավ է չհայտարարես: Բա հիմա ինչի՞ չի հայտարարում: Իր հայտարարություններից հետո եղան լարված իրավիճակներ, ունեցանք զոհեր, միջադեպեր եղան… որտե՞ղ երևացին մեր համարժեք պատասխանները, գործողությունները. ո՛չ մի տեղ:

– Այսօր ՊՆ հաղորդագրություններում գոնե կարդում ենք հակազդող գործողությունների մասին:

– Հակազդում միշտ էլ եղել է: Տարիներ շարունակ, երբ Ադրբեջանը իրականացնում էր դիվերսիաներ, հետախուզադիվերսիոն գործողություններ, մենք հայտարարում էինք, որ արժանի պատասխան ենք տվել: Եկեք ամեն ինչ իրական պատկերով նայենք: Եթե ինչ-որ գործողություն ես կատարում հակազդող, դա պետք է երևա: Այսինքն, եթե դու կորցրել ես մեկ զինվոր, ուրեմն՝ հակառակորդը գոնե պիտի 5 զինվորի կամ դիրքի կորուստ ունենա այդ հակազդող գործողությունների արդյունքում: Եթե սա չկա, ուրեմն՝ ի՞նչ հակազդող գործողություն: Թե չէ՝ ինքը կրակեց, դու կրակեցիր, դա հակազդող գործողությո՞ւն է… Ոչ, ընդամենը փամփուշտի վատնում է:

– Միգուցե ինչ-ինչ ռեսուրսային հանգամանքներ հաշվի առնելով՝ փորձում են լուրջ սրացման չգնա՞լ:

– Այո, դիրքերի հետ կապված կան լուրջ խնդիրներ՝ ինժեներական և կահավորման առումով, քանի որ պատերազմից հետո ամեն ինչ ստիպված ես զրոյից սկսել, մյուս կողմից՝ արագ տեմպով աշխատանք չենք տեսնում: Մինչդեռ, օրինակ, հենց Արցախի հատվածում երևում է Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունները, երբ մի դիրք են ուզում դնել, միանգամից մի քանի տեխնիկա է բերվում, լուրջ ուժեր, և կարճ ժամանակամիջոցում այդ դիրքը սարքվում և կահավորվում է, ինչը չկա մեզ մոտ: Ես չեմ կարող ասել՝ սա զուտ ֆինանսական միջոցների՞, տեխնիկայի՞, թե՞ ցանկության բացակայության խնդիր է: Մյուս կողմից, եթե մեծ ցանկություն լինի, այս մի տարվա մեջ կարող էին մի 50 դիրք կառուցել և դրա մեջ ներգրավել բարերարներին, օլիգարխներին՝ Սամվել Ալեքսանյան, Խաչատուր Սուքիասյան, Գագիկ Ծառուկյան: Օրինակ, խնդիր դնեին, որ ամեն մեկը պիտի մի 5 դիրք կառուցի, և նրանք հաշված օրերի ընթացքում ի վիճակի էին դա անել:

– Այդ օլիգարխները եթե ցանկություն ունենային, այս 30 տարվա մեջ գոնե մի դիրք կկառուցեին:

– Այո, ցանկություն չկա՝ ո՛չ խնդիր դնողների, ո՛չ էլ նրանց մոտ: Գռզոն (Խաչատուր Սուքիասյանը,- Մ.Պ.) մեծ-մեծ խոսում է, թող 15 հատ տրակտոր-էքսկավատոր առնի և տա բանակին, որ բանակը յուրաքանչյուր զորամասում գոնե 1-2 տրակտոր ունենա: Բայց ինքը ինչպես նախկինում, հիմա էլ զբաղված է Երևանի կենտրոնում տարածքներ իրանով անելով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930