Պետք է կանգնեցնել որսը և ճիշտ հաշվարկել, թե Սևանա լճում ինչքան է սիգի արդյունաբերական ծավալը և ինչքան պետք է արդյունահանել. Բնապահպան
Գործադիրը սեպտեմբերի 2-ի նիստում հավանություն է տվել որոշմանը, որով նախատեսվում է ավելացնել արդյունագործական ձկնապաշարների որսի ծավալները 50 տոննայով և երկարաձգել որսաշրջանի ժամկետը մինչև հոկտեմբերի 15-ը:
Հիշեցնենք՝ 2021 թվականին Սևանա լճում արդյունագործական որսի իրականացման համար սահմանված է եղել 250 տոննա չափաքանակ, իսկ որսի իրականացման վերջնաժամկետ էր սահմանվել 2021 թվականի սեպտեմբերի 1-ը: Ինչպես նշվում է որոշման հիմնավորման մեջ՝ կնքվել է 303 պայմանագիր 221164 կգ սիգի արդյունագործական որս իրականացնելու համար:
Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, սակայն, որ սահմանված չափաքանակից շուրջ 29 տոննա սիգի համար հայտ չի ներկայացվել, իսկ ներկայացված հայտերի շրջանակներում 2021 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ ևս առկա է շուրջ 20 տոննա, ինչը պայմանագիր կնքած ձկնորսները եղանակային պայմաններով պայմանավորված չեն հասցրել որսալ մինչև սեպտեմբերի 1-ը:
Հիմնավորման մեջ նշվում է, որ նոր ժամկետները որոշվել են քննարկումների արդյունքում՝ հաշվի առնելով Գեղարքունիքի մարզում առկա սոցիալական խնդրի կարգավորման հարցն ու ձկնորսների հնչեցրած դժգոհությունները:
168.am-ի հետ զրույցում բնապահպան Կարինե Դանիելյանը, անդրադառնալով նոր որոշմանը, նկատեց`ձկնային պաշարները լուրջ բնապահպանական դերակատարում ունեն. «Խախտել ճիշտ բալանսը շատ վտանգավոր է: Ձկները սնվում են այն բնական մարմիններով, որոնք, եթե շատանում են, ճահճացման ճանապարհն են բացում լճի համար»:
Բնապահպան, «Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը մատնանշեց այս որոշման խոցելի մի քանի կետ: Ըստ նրա՝ այն, ինչ գրված է թղթի վրա, և այն, ինչ տեղի է ունենում իրականում, տարբեր իրողություններ են.
«Ի սկզբանե՝ սկսած 70-80-ական թվականներից, սիգի որսը եղել է շատ անկանոն ձևով, և «Սևան ազգային պարկը», տեսչությունը չունեին այնքան ռեսուրս, որպեսզի կանգնեցնեին այդ հսկայական ծավալներով որսը:
Այս առումով մենք առհասարակ դեմ ենք, որ այդ որսի մի մասը, որը համապատասխանում է ծավալներին, օրինականացնեն, որովհետև եթե մարդն ունի օրինականացնելու թուղթ, ինքն այդ թղթի հիման վրա կարող է անօրինական կերպով մեծացնել որսի ծավալները:
Իսկ այժմ մենք չունենք այդ սիգի սպառման շուկան, իսկ մարդիկ հանում են այդ սիգը. հինգ հատ սիգը վաճառվում է 1000 դրամ: Եվ եթե սպառում չունես՝ ինչո՞ւ ես ասում, որ թղթի վրա գրանցված այդ ծավալը դեռ ապահովված չէ: Դա նշանակում է, որ մարդը չի իրականացնում օրինական որս»:
Ինգա Զարաֆյանը հավելեց, որ պետք է կանգնեցնել որսը, իսկ երբ սիգի նկատմամբ պահանջարկը մեծանա, ճիշտ հաշվարկել, թե Սևանա լճում ինչքան է սիգի արդյունաբերական ծավալը և ինչքան պետք է արդյունահանել:
Ի դեպ, բնապահպանը տեղեկացրեց, որ ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի ԷկոԼուրին տրամադրած տվյալների համաձայն՝ եթե 2013-2018թթ. ընթացքում ձկան ընդհանուր կենսազանգվածը տարեցտարի աճել է՝ 1296 տոննայից հասնելով 2948 տոննայի, ապա 2018թ. հետո նվազել է՝ 2019թ. կազմելով 2668 տոննա, 2020թ.՝ 2345 տոննա: Նույն կերպ նվազել է նաև սիգի արդյունագործական պաշարը՝ կազմելով համապատասխանաբար՝ 2019թ.-ին՝ 667 տոննա, 2020թ.-ին՝ 586 տոննա:
«Եթե մենք ունենք այդպիսի տենդենց, ուրեմն այդ տենդենցը պետք է հաշվի առնել»,- հավելեց Ինգա Զարաֆյանը՝ նկատելով, որ սա լուրջ էկոլոգիական սպառնալիք է Սևանա լճի էկոհամակարգին:
Հիշեցնենք՝ այս տարի գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ արտոնվեց Սևանա լճից մինչև 245 միլիոն խմ ջրառի իրականացումը: Այդ որոշումը ևս լրջորեն քննադատեցին բնապահպանները:
«Մենք արդեն ունենք բացասական բալանս, բացասական բալանսի առկայությունն արդեն նշանակում է, որ Սևանը սկսում է մահանալ»,- մեզ հետ զրույցում նշել էր բնապահպան Ինգա Զարաֆյանը:
Ի դեպ, լճից արդեն բաց է թողնվել 195.129 միլիոն խմ ջուր. Սեպտեմբերի 2-ի դրությամբ լճի մակարդակը կազմում էր 1900.61մ, ինչը 7 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից: