«Ադրբեջանը մեզանից պահանջում է, որպեսզի ճանաչենք միմյանց պետական սահմանները, Հայաստանն ասում է՝ եկեք սահմանազատում անենք․ այդպես չի կարելի». Մովսես Հակոբյան

Սեպտեմբերի 3-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Հայաստանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման և սպասում է Ադրբեջանի արձագանքին։

«Հայաստանը պատրաստ է սահմանազատմանը և սահմանագծմանը: Մենք այս առումով արդեն հայտարարել ենք: Որևէ աշխատանք այս պահին չի ընթանում, սպասում ենք Ադրբեջանի արձագանքին, հուսով ենք, որ Ադրբեջանը ևս դրական կարձագանքի և հնարավորություն կստեղծի սահմանազատման և սահմանագծման աշխատանքները հնարավորինս արագ սկսել, որպեսզի ստեղծված ճգնաժամը սահմանին ևս հնարավորինս արագ լուծենք»,- ասել էր ԱԽ քարտուղարը։

Գեներալ-գնդապետ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս փուլում սահմանզատման ու սահմանազգծման վտանգներին, նշեց՝ խնդիրն այն է, որ սահմանզատում ու սահմանագծում իրականացնելու համար նախ այդ երկրները պետք է ունենան դիվանագիտական հարաբերություններ։

«Հայտարարությունները դեռևս գործընթաց չեն, առաջինը՝ տվյալ երկրները պետք է ունենան դիվանագիտական հարաբերություններ։ Երկրորդը՝ տվյալ երկրները պետք է ճանաչեն միմյանց սահմանները, թե որ քարտեզներով ու որ թվականների՝ չգիտեմ։ Այսինքն՝ ինչ-որ փաստաթղթի շուրջ պետք է պայմանավորվեն։ Այնուհետև պետք է ստեղծվի հանձնաժողով երկու երկրների որոշած քարտեզով, որից հետո տեղի ունենա սահմանազատում ու սահմանագծում։ Մեր երկրի քաղաքական ղեկավարների և Ադրբեջանից քաղաքական ղեկավարների հնչող հայտարարությունները միմյանց հակասող են, որովհետև Ադրբեջանը մեզանից պահանջում է, որպեսզի ճանաչենք միմյանց պետական սահմանները, իսկ Հայաստանն ասում է՝ եկեք սահմանազատում անենք․ այդպես չի կարելի»,- նշեց Մովսես Հակոբյանը։

Հարցին՝ եթե նման իրավիճակում տեղի ունենա սահմանազատում և սահմանագծում, մտավախություններ չունի՞, որ Հայաստանը կճանաչի Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը»՝ Արցախը ներառյալ, Մովսես Հակոբյանը պատասխանեց. «Ամեն ինչ բանակցությունների ու պայմանավորվածությունների հարց է, եթե Հայաստանը կարողանա նորմալ բանակցություններ վարի, ապա կարող է առանց Արցախի կորստի ճանաչել «Ադրբեջանի ամբողջականությունը»՝ չճանաչելով Արցախը՝ որպես Ադրբեջանի մաս»։

Հիշեցնենք՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ն Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Այնուհետև ՌԴ-ի միջնորդությամբ Քարվաճառի հանձնումը երկարաձգվեց 10 օրով՝ մինչև նոյեմբերի 25-ը։ Նոյեմբերի 25-ին՝ Քարվաճառն ազատագրող Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը, այնտեղից դուրս բերվեցին հայկական զորքերը։

Եռակողմ համաձայնագրի արդյունքում նաև՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ:

Տեսանյութեր

Լրահոս