«Միլիարդներ ենք թողել Ադրբեջանին. իսկ Փաշինյանի բերած ներդրումները որո՞նք էին այս 3-4 տարիներին». Հարություն Մնացականյան

Oգոստոսի 25-ին Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել էր․ «Որ ասում եք՝ տարածքներ ենք կորցրել, ի՞նչ եք տեսել այնտեղ, ինչքա՞ն ներդրում է արվել»։

Ի պատասխան Փաշինյանի՝ բազմաթիվ քաղաքացիներ՝ Հայաստանից և Սփյուռքից, նշել են մի շարք ներդրումների մասին, որ արվել է անցած տարիներին Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված հատվածներում:

Գործարար Հարություն Մնացականյանն առաջիններից էր արձագանքել Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ թվարկելով այդ տարածքներում արված ներդրումների մի մասը:

168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում Մնացականյանն ավելի լայն բացվածքով ներկայացրեց բոլոր այն ներդրումները, որոնք արվել են Փաշինյանի ստորագրությամբ Ադրբեջանին հանձնված Արցախի տարածքներում:

«Միայն Արցախում ունեցել ենք 38 հէկ, որն ամբողջությամբ Արցախի էլեկտրաէներգիայի ինքնաբավություն էր ապահովում, և որոշակի սեզոնի նաև Հայաստանին էին էլեկտրական հոսանք տալիս: 38 հէկ-ից մնացել է ընդամենը 10-ը, այսինքն՝ 28-ը հանձնվել է: Ամեն հէկ-ը միջինը մոտ 7-8 մլն դոլար է: Մոտ 150 մլն դոլարի ներդրում միայն հէկ-երի տեսքով ենք կորցրել:

Շուշի քաղաքում քանի՞ խոշոր հյուրանոց գիտեք՝ «Շուշի-Ավան պլազա», «Շուշի պլազա», «Շուշի Գրանդ հոթել», և տարբեր փոքր հյուրատներ, ռեստորաններ և այլն:

Անդրադառնանք Թալիշի ձկնաբուծարանին, որտեղ արտադրում էին թառափի սև ձկնկիթ, որն արտահանվում էր Եվրոպա: Ահագին մեծ ծախսեր էին արվել: Մեծ Թաղեր համայնքում զրոյից ստեղծվել էր գինու գործարան՝ իր այգիներով, որի մոտավոր արժեքը 30-40 մլն դոլար էր, և նախորդ տարի առաջին անգամ իրենք պետք է գինի ստանային՝ խաղողի բերքահավաք էին արել, Գերմանիայից մասնագետ էին հրավիրել:

Նախորդ տարի այս օրը՝ սեպտեմբերի 3-ին, ես մասնագետին իմ մեքենայով տարել եմ Մեծ Թաղեր, խաղողաքաղն էր սկսվել: Դուք տեսնեիք՝ ինչ աշխատանքներ էին տարվում: Չխոսեմ «Կատարո» գինու գործարանից, որի մասին բոլորը գիտեն: Քաշաթաղի շրջանում այդքան ներդրումներ էին արվել՝ տներ էին սարքել, որպեսզի գյուղական բնակեցում տեղի ունենար: 24 մլն դոլար միայն ճանապարհաշինության վրա էր ծախսվել:

Հիշեք՝ Քարվաճառի ճանապարհին քանի ռեստորան մնաց Ադրբեջանին, գազալցակայաններ, բենզալցակայաններ, ու ամենակարևորներից մեկը՝ Շուշիում Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական ուսումնարանը, որի նման որակյալ ուսումնարան նույնիսկ Հայաստանում չկար»,- ասաց գործարարը:

Նա ընդգծեց. «Եթե Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ դա ներդրում չէր, ես չեմ պատկերացնում, թե իր բերած ներդրումները որո՞նք էին այս 3-4 տարիներին: Ես Արցախում որևէ ներդրում չեմ տեսել իր կողմից: Մինչև պատերազմը խոսակցություն էր պտտվում, որ մոտավորապես 1000 հեկտար նռան այգիներ պետք է հիմնվեն, բայց դա Նիկոլ Փաշինյանի գործոնի հետ ընդհանրապես կապ չուներ»:

Հարություն Մնացականյանը նկատեց՝ ոչ միայն Արցախում, այլև Հայաստանում է հացի խնդիր առաջացել, քանի որ Արցախում կորցրել ենք 90 հազար հեկտար գյուղնշանակության հողատարածություն, որտեղ, նրա խոսքով՝ մշակվում էին 140-150 հազար տոննա հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսեր.

«Դա ահռելի քանակ էր, ու դա չկա: Նռան այգիները մոտեցել էին արդեն 2000 հեկտարի: Դա շատ մեծ թիվ էր, և եթե 3000 հեկտար դառնար, արդեն նռան վերամշակման մեծ գործարան պետք է կառուցեին, որտեղ նռից կոնցենտրատ պետք է ստանային և արտահանեին: Հյութ արտադրող ընկերություններին ավելի հարմար է, որ այդ կոնցենտրատը գնեն: Պատկերացրեք՝ հեկտարի հաշվով մոտ 300-400 դոլարի ծախս, բազմապատկեք 90 հազարով: Միլիարդներ ենք թողել Ադրբեջանին»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս