Բաժիններ՝

Մահացել է «Սիրտակի» պարի երաժշտության հեղինակ Միկիս Թեոդորակիսը

Վախճանվել է աշխարհահռչակ հույն կոմպոզիտոր Միկիս Թեոդորակիսը. նա 96 տարեկան էր: Այդ մասին հաղորդել է ERT հանրային հեռուստատեսությունը։

Թեոդորակիսը երկար ժամանակ հիվանդ էր, վերջին օրերին նրա առողջությունը կտրուկ վատթարացել է:

«Հունաստանն այսօր սգում է: Այլեւս մեզ հետ չէ մեծ կոմպոզիտորը եւ մարտիկը, որը կարեւորագույն պահերով կապված էր նրա արդի պատմության հետ»,-հաղորդել է հեռուստաալիքը, նշելով, որ Թեոդորակիսն իրենից հետո թողել է անգին ժառանգություն:

Միկիս Թեոդորակիսը գրել է բոլոր ժանրերով՝ օպերաներից, սիմֆոնիկ եւ կամերային երաժշտությունից, օրատորիաներից, բալետից եւ եկեղեցական խմբերգերից մինչեւ հին դրամայի, թատրոնի կինոյի համար երաժշտություն: Նրան համաշխարհային փառք բերած ստեղծագործությունների թվում է «Սիրտակին»՝ «Հույն Զորբան» ֆիլմից, որն աշխարհում ամենաճանաչված հունական մեղեդին է: Նրա երգերը կատարել են այնպիսի հայտնի խմբեր եւ արտիստներ, ինչպիսիք են՝ «Բիթլզ»-ը, Էդիտ Պիաֆը: Միկիս Թեոդորակիսը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մասնակցել է դիմադրության շարժմանը, գերի է ընկել նացիստների մոտ, որտեղ ենթարկվել է խոշտանգումների:

Հունաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ նա գտնվել է Մակրոնիսոս կղզու համակենտրոնացման ճամբարում: Թեոդորակիսը «Հանուն ժողովուրդների միջեւ խաղաղության ամրապնդման» միջազգային Լենինյան մրցանակի դափնեկիր է: 2020 թվականի ապրիլին կոմպոզիտորին շնորհել են «Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75 ամյակ» մեդալ, որով նա պարգեւատրվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս