ՀՀ-ում սեպտեմբերի 15-ից կրկին կանցկացվեն 3-ամսյա վարժական հավաքներ

Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի շարքում ընդունեց նաև ՀՀ-ում սեպտեմբերի 15-դեկտեմբերի 15-ը պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ հայտարարելու մասին որոշումը:

Նախագծի համաձայն՝ «վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, մասնագիտական պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական պահեստազորի սպաների պատրաստման նպատակով»:

Կառավարության որոշմամբ վարժական հավաքներին կներգրավվեն ընդհանուր մինչև 869 քաղաքացի, որոնցից 576-ը՝ շարքային կազմի, 107-ը՝ ենթասպայական կազմի, 186-ը՝ սպայական կազմի պահեստազորայիններ:

Նախագծից պարզ է դառնում, որ այս անգամ վարժանքներին պահեստազորայինները ներգրավվելու են ոչ թե 3 ամսով, այլ այդ ընթացքում մի քանի շաբաթով՝ կախված պահեստազորայինների հմտություններից:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին տարիներին ՀՀ զինված ուժերը համալրվել են նոր սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով, ինչպես նաև ՀՀ զինված ուժերում իրականացվում են բարեփոխումներ (կառուցվածքային փոփոխություններ), անհրաժեշտություն է պահեստազորայինների մասնագիտական պատրաստ­վա­­ծության որակի բարձրացումը` պահեստազորում կուտակելով համա­պատասխան զին­վորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններ: Բացի այդ, անհրաժեշտ է, որպեսզի զինված ուժերում ունենանք մարտունակ ստորաբաժանումներ` համալրված բարձր մասնագիտական պատրաստ­վածությամբ և ռազմաուսուցված պահեստազորային­ներով: Այս նպատակով ՀՀ զինված ուժերի զորամասերում իրականացվում են պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատ­րաստ­ման վարժական հավաքներ, ու զորքերն աստիճանաբար համալրվում են ավելի պատրաստված և անհրաժեշտ զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստա­զորա­յին­ներով: Այս գործընթացը կրում է շարունակական բնույթ և հետագա տարիներին կընդգրկվեն նոր ստորաբաժանումներ և նոր պահեստազորայիններ»,- նշված է որոշման նախագծի հիմնավորման մեջ:

Համաձայն հիմնավորման՝ որոշման նախագծի ընդունման կապակցությամբ 2021թ. և հետագա տարիներին պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխություններ չի նախատեսվում:

Հիշեցնենք նաև, որ օգոստոսի 25-ից ՀՀ-ում մեկնարկել էին պահեստազորայինների վարժական հավաքներ, և, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ այդ փուլում ներգրավված պահեստազորայինները 3 ամիս մասնակցելու են հավաքներին, իրականացնելու են, ըստ անհրաժեշտության, մարտական հերթապահություն:

Տեսանյութեր

Լրահոս