![](/banners/BeFunky-design.jpg)
ՄԻՊ ներկայացուցիչները լսել են լրագրողների մտահոգությունները ԱԺ-ում աշխատանքի սահմանափակումների վերաբերյալ
![](https://168.am/wp-content/uploads/2021/08/241059171_628660791431867_3803519613207287436_n.thumb_.jpg)
Այսօր մի շարք լրատվամիջոցների ներկայցուցիչներ հանդիպել են Մարդու իրավունքների պաշտպանի օգնական Տաթիկ Մանուկյանի և ՄԻՊ Հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանի հետ։
ԶԼՄ ներկայացուցիչները իրենց մտահոգությունն են ներկայացրել ԱԺ-ում տեղաշարժի, աշխատանքի սահմանափակումների հետ կապված, ինչպես նաև անվտանգության աշխատակիցների կողմից լրագրողների նկատմամբ ուժի կիրառման առնչությամբ։
ԶԼՄ ներկայացուցիչները անընդունելի են համարել սահմանափակումներին վերաբերող թե՛ ԱԺ նախագահի որոշումը և թե՛ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից հեղինակված և օգոստոսի 18 -ին ԱԺ խորհրդի կողմից ընդունված նախագիծը, ըստ որի՝ լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունը կիրականացնեն Ազգային ժողովի նստավայրում առանձնացված հատուկ տեղերում՝ նիստերի դահլիճի դիմաց գտնվող սրահում, օթյակում և Ազգային ժողովի այգում։
Լրագրողների դիտարկամբ՝ այս կերպ փորձում են ճնշել ազատ խոսքը, հանրությանը մատուցել սահմանափակ, վերահսկելի տեղեկատվություն, այս քայլով հրաժարվում են օրենսդիրի աշխատանքի թափանցիկությունից և հաշվետվողականությունից։
ՄԻՊ ներկայացուցիչները հավաքագրել են խնդիրները՝ դրանք ՄԻՊ Արման Թաթոյանին ներկայցնելու համար։
Նշենք, որ ՄԻՊ-ը Ազգային ժողովում լրատվամիջոցների ներկայացուցիչների տեղաշարժի, նրանց նկատմամբ իրականացված բռնության վերաբերյալ վերջին օրերին 3 անգամ հայտարարություն է տարածել։