«Չգիտեմ, թե ով է գալու, հարցը կթողնեմ առանց մեկնաբանության, սեպտեմբերի 2-ը կգա՝ կհասկանանք». Արցախի նախագահի խոսնակ
Սեպտեմբերի 2-ին լրանում է Արցախի Հանրապետության հռչակման 30-րդ տարին։
168.am–ը Արցախի Հանրապաետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանից հետաքրքրվեց, թե այս տարի հանրապետության հռչակման օրն ի՞նչ միջոցառումներ են նախատեսված, և արդյոք անձամբ Նիկոլ Փաշինյանն այդ օրը լինելո՞ւ է Արցախում։
Լուսինե Ավանեսյանը տեղեկացրեց, որ միջոցառումների վերաբերյալ մանրամասներ չի կարող ասել։
Ինչ վերաբերում է այդ օրը Հայաստանի իշխանությունների ներկայությանը, Լուսինե Ավանեսյանը նկատեց՝ այդ մասին տեղեկատվությունը կարող ենք ճշտել ՀՀ կառավարությունից և խորհրդարանից։
«Ես չգիտեմ, թե ով է գալու, իրենք են որոշում պատվիրակության կազմը, պատվիրակության ղեկավարին»,- նշեց նա։
Հարցին՝ ակնկալո՞ւմ են, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանից պատվիրակություն կժամանի Արցախ, Լ. Ավանեսյանը պատասխանեց. «Այդ հարցը կթողնեմ առանց մեկնաբանության, սեպտեմբերի 2-ը կգա՝ կհասկանանք»։
168.am-ը փորձեց կապ հաստատել նաև Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանի հետ՝ ճշտելու, թե Արցախի հանրապետության հռչակման օրը Նիկոլ Փաշինյանն արդյոք լինելո՞ւ է Արցախում, սակայն նրա հեռախոսահամարն անհասանելի էր։
Իսկ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։
Հիշեցնենք՝ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության անկումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը հանրաքվեով ամրագրեց անկախ պետություն ունենալու իր իրավունքը: Նույն թվականի սեպտեմբերի 2-ին, Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նիստում ընդունվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմավորման հռչակագիրը։