Քամուց տուժած Հայանիստի դպրոցը սեպտեմբերի 1-ին աշակերտներին կդիմավորի քանդված առաստաղով, մաշված հատակով ու առանց տնօրենի
2021թ. ապրիլի 10-ի ուժեղ քամին մեծ վնասներ էր հասցրել Արարատի մարզի Հայանիստ համայնքի 31 շենքի, այդ թվում՝ դպրոցին, մանկապարտեզին, բուժամբուլատորիային: Բացի բնակելի 28 տներից՝ վնասվել է նաև բնակիչներից մեկի ջերմոցը:
Համայնքի ղեկավար Բալաբեկ Սարկիսյանը 168.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ կազմվել են արձանագրություններ և ուղարկվել մարզպետարան։
Սակայն մինչ օրս սայլը տեղից չի շարժվել: Սեպտեմբերի 1-ին աշակերտներին կրկին կդիմավորեն քանդված առաստաղն ու մաշված հատակը:
«Օրենքով նոր շենք պետք է սարքեն, չգիտեմ՝ տեսնենք: Հետնամասում տարածք ունենք, այնտեղ պետք է կառուցվի»,- մեզ հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Բալաբեկ Սարկիսյանը:
Հարցին՝ քամուց ավերված հատվածն էլ չի վերանորոգվե՞լ, նա դրական պատասխան տվեց:
Դիտարկմանը, այսինքն, երբ աշունը մտնի իր իրավունքների մեջ, լինի քամի, անձրև, խնդիր չի՞ լինելու դպրոցում, համայնքի ղեկավարը պատասխանեց.
«Իհարկե լինելու է: Պետք է հասկանանք, թե ինչ ենք անում: Գուցե մյուս կորպուսն օգտագործեն»:
Ստացվում է՝ աշակերտները կրկին մնալու են արևային օրերին դրսում դաս անելու հույսին: Դրա փորձը ձեռք են բերել մայիս ամսին:
Ավելին, պարզվում է՝ մի քանի ամսվա ընթացքում ընդամենը մեկ փոփոխություն է եղել դպրոցում, այն է՝ օրերս տնօրենին են հեռացրել աշխատանքից ու ուսմասվարին նշանակել ժամանակավոր պաշտոնակատար:
Դպրոցի արդեն նախկին տնօրեն Արմինե Ավետիսյանից փորձեցինք պարզել աշխատանքից ազատվելու պատճառը:
«Ինձ ազատել են աշխատանքից, բայց պատճառը չգիտեմ: Պետք է աշխատեմ ուսուցչուհի, դասվար»,- ասաց նա:
Դեռևս մայիս ամսին մեզ հետ զրույցում, կարևորելով դպրոցի հիմնանորոգման կամ նոր շենքի հատկացման հարցը՝ նախկին տնօրենն ասել էր. «Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն էլ անձամբ այցելել է դպրոց, տեսել է ու ասել, որ նոր դպրոց պետք է կառուցվի, սակայն մինչ օրս փաստաթղթային լուրջ որևէ հարց չի լուծվել: Դասերը երկհերթ են ու միայն առաջին հարկում են անցկացվում: Անցած ամիս աթոռ-սեղան էինք տեղափոխել բնության գիրկ, այդպես էինք դասերն անցկացնում, իսկ հիմա արև է, հնարավոր չէ: Մեկ դասարան էլ դասն անցկացնում է միջանցքում: Աշխատում ենք մինչև 17:15: Մեծ հույսեր ունենք, սպասում ենք, որ հարցն արագ լուծվի»։
Տնօրենի փոխանցմամբ՝ դպրոցն ունի երեք մասնաշենք, երեքն էլ լրիվ հին են: Ոչ միայն առաստաղը, այլև հատակն է խնդիր: Երեխան եթե փորձի մի քիչ ուժեղ թռվռալ՝ անմիջապես կհայտնվի փոսում: Փայտե հատակ է, բայց դրա տակ 1 մետր 20 սմ խորություն կա, ու եթե, Աստված չանի, կոտրվի, հաստատ երեխան վնասվածք կստանա: Ընդհանրապես դպրոցում վերանորոգում չի իրականացվել, մասամբ տանիքն էր փոխվել, որն էլ քամին տարավ: