«Երիտասարդը, որն իմ որդուց էլ փոքր է, ինձ հետ «արա»-ով է խոսում, մարդ պետք է իր չափերի մեջ լինի՝ ես չեմ փոշմանում». Սեյրան Օհանյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն օգոստոսի 25-ին խորհրդարանում Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ամբիոնից հայտարարել էր, որ բոլոր այն պաշտպանության նախարարները, որոնց օրոք զանգով այս կամ այն մարդը բանակում ծառայությունից ազատվել է, դավաճաններ են: Ելույթի ընթացքում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը տեղից արձագանքել էր, որին ի պատասխան՝ Հայկ Սարգսյանը կոպիտ հակադարձել էր, թե՝ «արա, բայց քեզ հետ ո՞վ ա»։ Դրանից անմիջապես հետո Սեյրան Օհանյանը շիշ էր նետել Հայկ Սարգսյանի ուղղությամբ: Եվ դահլիճում սկսվեց, այսպես ասած, շշերի փոխհրաձգությունը, աջից ձախ, ձախից աջ պատգամավորները միմյանց ուղղությամբ շշեր էին նետում:
168.am-ի հետ զրույցում Արցախի հերոս, գեներալ-գնդապետ, Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն անդրադառնալով միջադեպին՝ այսպես մեկնաբանեց, թե կատարվածը, դեպքերի հաջորդականությունն ու զարգացումները վերլուծելուց հետո հանգում է եզրակացության, որ ԱԺ-ում տեղի ունեցածն իսկապես կազմակերպված սադրանք էր.
«Ազգային ժողովն այսօր վեր է ածվել ռազմական ինչ-որ ամրոցի, այնինչ, այդ ռազմական ամրոցն այսօր պետք է լինի մեր սահմաններում, և այսօրվա իշխանություններն ավելի շատ իրենց աթոռը, թիկունքը և իրենք իրենց են պաշտպանում, քան մեր սահմանները։ Սա ակնհայտ երևում է, սա ասֆալտի, քաղաքի, փողոցի կարևորության հոգեբանությունն է, ոչ թե երկրի սահմանների ու հողակտորի, հողի ամեն մի թիզի հոգեբանություն։ ԱԺ-ում ես տեսնում եմ այսպիսի մի բան, որ ամեն ինչ պայմանավորված, արագ «սղացրած» անցկացվի, և մենք՝ որպես արմատական ընդդիմություն, թույլ չտվեցինք, որ դա այդպես լինի։ Ստիպեցինք, որպեսզի ստեղծվեր քննադատության, ինքնաքննադատության, բանավեճի, թեկուզ սուր, մթնոլորտ։ Սակայն այս ամենին իշխանությունը հակադարձում է սադրանքներով, եթե սուր հարցեր է տրվում իշխանության ղեկավարին կամ այլ անձանց, ապա իրենք նաև իրենց խոսքերում արտահայտություններ են անում, թե իրենց քաղաքական թիմակիցները մեղմ են վերաբերվում մեզ, սա ակնհայտ խոսք է՝ ուղղված իրենց թիմակիցներին, որ կարող են ավելի կոշտ վերաբերվել։ Նաև ասում են, թե մեր թիմի ղեկավարը հորդորում է ըմբոստ չլինել, հանգիստ լինել, թեկուզ մենք պատրաստ ենք գլուխ ջարդելու կամ «արա»-ով խոսելու»:
Սեյրան Օհանյանը պարզաբանեց նաև, որ այս համատեքստում ամենակարևորը, որն իր համար զգացմունքային վրդովմունքի պահ առաջացրեց, Հայկ Սարգսյանի խոսքերն էին, որ ուղղված էր Պաշտպանության բոլոր նախարարներին։
«Տեսեք, նա չի ասում՝ այն մարդիկ, որոնք փողով զինվոր են ազատել կամ թերություն են ունեցել, նրանք են դավաճան, այլ ասում է, որ բոլոր այն պաշտպանության նախարարների ժամանակ, երբ եղել է փողով բանակից ազատում կամ թերություններ, բոլոր այդ Պաշտպանության նախարարները դավաճաններ են։
Ի տարբերություն իրենց, որոնք իրական գնահատական չեն տալիս իրենց աշխատանքին, երբևիցե քննադատեն, հո իդեալական չե՞ն, ինչպե՞ս կարելի է վերաբերվել այն մարդկանց, որոնք իրենց սեփական աշխատանքը գնահատում են փայլուն, այնինչ փայլուն գնահատական չկա, կա անբավարար, բավարար, լավ ու գերազանց։ Բայց մեր իրականության մեջ, եթե մենք բոլորս մեր գործը բավարար կատարենք, դա արդեն հաջողություն է։ Ես, ի տարբերություն իրենց, նաև ընդունում եմ քննադատությունները։ Այս ամբողջ օրերի ընթացքում լուռ լսել եմ իրենց բոլոր քննադատական խոսքերը, նաև վիրավորանքները, որոնք հնչել են գրեթե ամեն օր։ Ընդհանուր առմամբ այս օրերի ընթացքում այնպիսի տպավորություն էր, որ ես իրենց Պաշտպանության նախարարն եմ, իրենք էլ՝ ընդդիմությունը։ Ես իրենց ասել եմ, լսեք՝ 5 տարուց ավելի է, դուրս եմ եկել բանակից, այդ բանակը ձերն է»,- հավելեց Սեյրան Օհանյանը։
Միաժամանակ նա շեշտեց, որ իր նախարար եղած ժամանակ էլ բանակում եղել են թերություններ, հետևաբար՝ կարո՞ղ է ասել 100 տոկոսով, որ իր ժամանակ փողով բանակից չեն ազատվել՝ ոչ, չի կարող, որովհետև անձամբ նման մարդկանց հետ առնչվել է, քրեական գործեր հարուցել։
«Ըստ էության առաջինը ես պաշտպանել եմ հենց այսօրվա Պաշտպանության նախարարին՝ Արշակ Կարապետյանին, որովհետև ինքն էլ է նշանակվել պաշտոնի, ու տարբեր թերություններ են գտնում և սննդի կազմակերպման մեջ, իրենց այդքան գոված սննդի, զորակոչի մեջ, սա նշանակում է, որ բոլորը դավաճա՞ն են։ Սա է ինձ վրդովվեցրել, որ ես այդպես եմ արտահայտվել նրա նկատմամբ։ Այսօր բանակից խոսում են մարդիկ, որոնք կիլոմետրերով հեռու են բանակից, որոշները չեն ծառայել, որոշները ծառայել են ոչ մարտական ստորաբաժանումներում, այլ ինչ-որ տաքուկ տեղերում, ես անուններ չեմ ուզում տալ, որովհետև ընդհանուր առմամբ մեր գործունեությունը չեմ անհատականացնում։ Բայց չի կարելի, մարդ պետք է իր չափերի մեջ լինի, երբ պատգամավորը սկսեց խոսել, այդ երկու-երեք օրերի ընթացքում բանակի վերաբերյալ որևէ խոսակցություն չի էլ եղել, կարծում եմ՝ նա նպատակաուղղված այդ բառերն ասաց՝ սադրելու համար, ես էլ եմ ի վերջո մարդ ու կարող եմ հունից դուրս գալ։ Ես մարդ եմ, չեմ փոշմանում»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը։
Գեներալ գնդապետի համար ցավալին այն է, որ երբ Հայկ Սարգսյանը հայտարարված ընդմիջումից հետո մոտեցել է ԱԺ ամբիոնին՝ շարունակելու ելույթը հայտարարել է, թե իբր ինքը չի ասել, թե պաշտպանության բոլոր նախարարներն են դավաճաններ: Այնինչ իրականությունը այլ է, պնդեց Սեյրան Օհանյանը՝ նա ամբիոնից ասել է, որ պաշտպանության բոլոր նախարարները, որոնց օրոք փողով բանակից ազատել են, դավաճաններ են։
«Այսինքն՝ իր ասածը նշանակում է, որ դավաճաններ են՝ սկսած սպարապետ Վազգեն Սարգսյանից, վերջացրած Արշակ Կարապետյանով։ Երբ ես այդ պատգամավորին ասացի, որ՝ դավաճանը դուք եք, նա ինձ պատասխանեց, թե՝ «արա, ես քեզ չեմ ասում»։ Այդ երիտասարդը, որն իմ որդուց էլ փոքր է, ինձ հետ «արա»-ով է խոսում։ Ես միշտ զուսպ եմ ելույթ ունենում, քննադատում եմ, բայց չեմ վիրավորում, ԱԺ իմ ելույթից հետո էլ դուրս է գալիս Հայկ Կոնջորյանը ու սկսում է ինձ «դասեր» տալ, նրանք պետք է իրենք իրենց դասեր տան ու սովորեն մի քիչ»,- նշեց Ս. Օհանյանը։
Հարցին՝ արդյո՞ք իշխանության ներկայացուցիչներն այսօր միտումնավոր չեն թիրախավորում հենց հերոսներին, Արցախն ազատագրողներին, Սեյրան Օհանյանը պատասխանեց՝ ինչու նո՞ր է այդ թիրախավորումը նկատվում, 2018 թվականից հետո իրենց թիրախավորել են, թիրախավորել են ոչ միայն հերոսներին, այլև այն մարդկանց, որոնք կյանքում արժեքներ ունեն։
«Նրանք ուզում են այդ մարդկանց արածները, արժեքները նսեմացնեն, որպեսզի արդյունքում իրենք փայլուն վիճակում գտնվեն։ Իրենք իրենց գործողությունները, փաստերը ձևափոխում են։ Իրենց գործողություններն ու խոսքերը տարբերվում են, մի բան ասում են, հետո ասածը ձևափոխում են, այպիսի տպավորություն է, որ իրենք այս երկրում տեղի ունեցող որևէ բանի հետ կապ չունեն, կապ չունեն 30 տարվա մեր պատմության հետ, մինչդեռ նրանց մեջ էլ կան «հներ», նույնիսկ «հնագույններ», որոնք մասնակից են եղել ամեն ինչին՝ և՛ դրականին և՛ բացասականին։ Ես կայանալու կամ ինքս ինձ գովաբանելու խնդիրներ չունեմ, դրա կարիքը չունեմ»,- եզրափակեց Սեյրան Օհանյանը։