Բաժիններ՝

«Վանականը…»՝ կրկին առաջատար

«Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հուլիսի վաճառքների։

Առաջին տեղում Ռոբին Շարմայի «Վանականը, որը վաճառեց իր «Ֆերարին» գիրքն է, որը համաշխարհային բեսթսելերների շարքում է: Վաճառվել է ավելի քան 6 միլիոն օրինակ, թարգմանվել՝ ավելի քան 42 լեզվով: Գիրքը հասցեագրված է բոլոր նրանց, ովքեր ուզում են փոխել իրենց մտածելակերպը, չեն վախենում դժվարություններից և փորձում են կյանքում առաջ գնալ ու հասնել հաջողությունների:

Երկրորդ հորիզոնականում է Գարեգին Նժդեհի «Չխրատվող ժողովուրդը»: Խորհրդածությունների և հոդվածների այս գրքում Նժդեհը դիմում է հայ երիտասարդությանը՝ մղելով ինքնաճանաչողության: Նա անդրադառնում է մեր բնավորությանը, պատմական առաքելությանը, տարածաշրջանում մեր հնարավորություններին: Խոսելով ապագայի պատերազմներից՝ Նժդեհը խրախուսում է Հայաստանում ռազմարդյունաբերության հիմնումը: Նա գերակա է համարում մեր ժողովրդի հավաքական պայքարը, որովհետև այդպես «ավելի ուժեղ ենք, քան ժամանակավոր դժբախտությունը»:

Կանադացի գրող Ռոբին Շարմայի «Առաջնորդ՝ առանց պաշտոնի» միջազգային բեսթսելերը երրորդ տեղում է: Շարման մոտիվացիայի, առաջնորդության և ինքնազարգացման ամենահայտնի մասնագետներից է: Այս գիրքը հրատարակվել է աշխարհի տարբեր լեզուներով, վաճառվել միլիոնավոր օրինակներով: Եթե ինչ-որ մեկն ուզում է հաջողության հասնել, ապա պետք է կարդա այս գիրքը. այն յուրաքանչյուրին կսովորեցնի ճիշտ գործել, օրը նպատակային դարձնել…

Միխայիլ Զիգարի «Կրեմլի ամբողջ շքախումբը» չորրորդ տեղում է: Այս գիրքը ներկայացնում է Ռուսաստանի ժամանակակից պատմությունը՝ Վլադիմիր Պուտինի կառավարման շրջանը (2000-15)։ Գրքի հիմքում փաստաթղթեր են, բաց աղբյուրներ ու տասնյակ բացառիկ հարցազրույցներ։ Մեկտեղված փաստերի, իրադարձությունների, ինտրիգների ու հերոսների կարծիքների շնորհիվ լիարժեք է դառնում Կրեմլի ներքին կյանքի պատկերը, պարզ է դառնում Վլադիմիր Պուտինի կառավարման տրամաբանությունը։ Գրքում հավաքված են բացառիկ, նախկինում չհրապարակված փաստեր, հարցազրույցներ Վլադիմիր Պուտինի մերձավորների հետ, ինչը հնարավորություն է տալիս բացահայտումներ անել Ռուսաստանի նախագահի կայացրած որոշումների իրական պատճառների մասին։

Հինգերորդ տեղում է Ջոն Ստրելեքիի «Սրճարան աշխարհի եզրին» համաշխարհային բեսթսելերը: Գրքում հերոսը սեփական կյանքի քաոսից փախչելով՝ հայտնվում է աշխարհից հեռու մի սրճարանում, որտեղ մենյուի հարցերի և մատուցողների հետ զրույցների միջոցով վերագտնում է իր կյանքի իմաստը։ Գիրքը կօգնի յուրաքանչյուրին գտնել իր գոյության նպատակը, փոխել սեփական կյանքը և յուրաքանչյուրին կտա մոտիվացիայի ահռելի չափաբաժին 2021-ը որպես նոր մարդ դիմավորելու համար:

Վեցերորդ հորիզոնականում է Յուվալ Նոյ Հարարիի «Sapiens. Մարդկության համառոտ պատմությունը»։ Հարյուր հազար տարի առաջ Երկրի վրա ապրում էր մարդկային առնվազն 6 ցեղատեսակ, այսօր միայն մեկը՝ Homo sapiens-ը: Ի՞նչ պատահեց մյուսների հետ, և ի՞նչ է սպասում մեզ: Մարդկության պատմության մասին գրքերի մեծ մասը կա՛մ պատմական, կա՛մ կենսաբանական մոտեցում է ցուցաբերում, բայց Յուվալ Նոյ Հարարին այս խիստ ինքնատիպ գրքով կոտրում է կարծրատիպերը: Նրա պատմությունը սկսվում է 70 000 տարի առաջ, երբ նոր էր ի հայտ գալիս աշխարհաճանաչողությունը: Հարարին պատմում է, թե զարգացում ապրող մարդն ինչպես է ազդել համաշխարհային էկոհամակարգի վրա և թե ինչպես է կայսրություններ ստեղծել։ Հեղինակը միաձուլում է պատմությունն ու գիտությունը՝ վերանայելով տարածված տեսակետները, անցյալի զարգացումները կապելով ժամանակակից խնդիրների հետ, առանձին իրադարձությունները դիտարկելով ավելի մեծ գաղափարների համատեքստում: Հարարին ստիպում է առաջ նայել, քանի որ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում մարդիկ սկսել են շրջանցել բնական ընտրության այն օրենքները, որոնք չորս միլիարդ տարի կառավարել են կյանքը: Ինչի՞ կհանգեցնի այս ամենը, և ինչպիսի՞ն ենք ուզում դառնալ մենք:

Ռոբին Շարմայի «Ով լաց կլինի, երբ դու մահանաս» գիրքը յոթերորդ տեղում է: Ռոբին Շարման իր հերթական բեսթսելերում՝ «Ով լաց կլինի, երբ դու մահանաս» գրքում, շատ պարզ ու հասկանալի լեզվով ընթերցողին փորձում է հաղորդակից դարձնել բազում խորիմաստ մտքերի. բացահայտեք ձեր կոչումը, սեփական աշխարհայացք ձևավորեք, կառավարեք ձեր ժամանակը, փնտրեք ձեր աշխատանքի գերագույն իմաստը, նպատակներ դնելու հարցում ծանրակշիռ եղեք, դարձեք ձեր կյանքի գործադիր տնօրենը… Կյանքի նպատակը նպատակային կյանքն է…

Մոնթե Մելքոնյանի «Պայքարելու իրավունքը» ութերորդ հորիզոնականում է: «Պայքարելու իրավունքը» ամփոփում է Մոնթե Մելքոնյանի կարևոր աշխատությունները, հոդվածները և նամակները, որոնք հեղինակել է 1981-91 թվականներին՝ ընդհատակի և բանտարկության, ինչպես նաև Արցախյան շարժման և Հայաստանի անկախացման տարիներին: Գիրքը շոշափում է Արցախյան հարցին, Հայաստանի բաժանմանը, Թուրքիայում պարփակված հայոց հայրենիքի ազատագրմանը, այդ հողերում սփյուռքահայերի վերաբնակեցմանն ու քաղաքական ինքնիշխանության հաստատմանն առնչվող թեմաներ, որոնք Մոնթեն ուսումնասիրում է մեթոդաբանական, ռազմավարական, կազմակերպչական դիտանկյուններից՝ հիմքում ունենալով հայերի ինքնորոշման իրավունքի մասին իր անխախտ համոզումները։

44-օրյա պատերազմում զոհված Շանթ Նավոյանի հեղինակած «Խոսողը՝ չգիտի, իմացողը չի խոսում» գիրքը, որը գրված է նոթերի և հուշագրության ժանրով, իններորդ տեղում է: Դեռևս պատանի Շանթը սիրում էր կարդալ, կարդում էր շատ լուրջ գրականություն, խորապես ապրում էր շրջապատող դեպքերի ու դեմքերի իրադարձություններով և մտորում կյանքի, սիրո, երջանկության ու հայրենիքի մասին։ Գրքում տեղ են գտել 14-18 տարեկանում արված նրա գրառումները։ «Պատերազմ» խորագիրը կրող բաժինը Շանթի վերջին օրերին պատերազմի դաշտից նոթատետրում արված գրառումներն են, որոնք մեզ են փոխանցում զինվորի ապրումները, հույզերը, իրողությունը։

Տասներորդ տեղում է Ավետիս Թէրզիպաշեանի «Անդրանիկ» գիրքը: Ավետիս Թէրզիպաշեանը, ով Վանի վերջին քաղաքապետն էր, առաջին անգամ է ներկայացվում Հայաստանում։ Նրա գրական ժառանգությունը օժտված է պատմագրական վստահելի աղբյուրի արժանիքներով։

«Անդրանիկ» գրքում ընդգրկված է շուրջ երեսնամյա ժամանակահատված՝ առանցքում ունենալով ժամանակի ամենանշանավոր հայերից մեկի՝ Զորավար Անդրանիկի գործունեությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս