«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները
Օգոստոսի 26-ին, ժամը 06։00-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 29 փրկարար ծառայող։
Հիշեցնենք, որ Օգոստոսի 24-ին, ժամը 19։48-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ։
Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 1 հա բուսածածկույթ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։28-ին։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են փրկարար ծառայության 44 ծառայող, Գառնի համայնքի 100 բնակիչ՝ համայնքի ղեկավարի գլխավորությամբ, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 50 աշխատակից՝ տնօրենի գլխավորությամբ։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են եղել Գառնի համայնքի 3 «Ural», 4 «ZIL 131», 7 «UAZ», 4 «GAZ 66», 10 «VAZ-2121», «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 7 «UAZ» ավտոմեքենա և 10 սրսկիչ (20 լ):
Դեպքի վայրում են գտնվել ՓԾ տնօրենի տեղակալներ՝ փ/ծ գնդապետ Կ․ Մանուկյանը, փ/ծ գնդապետ Տ․ Պետրոսյանը:
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի 4 աշխատակցի և 7 հրշեջ-փրկարարի կողմից սահմանվել է հերթապահություն:
Օգոստոսի 25-ին, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները, որին մասնակցել են 10 հրշեջ-փրկարար և անտառտնտեսության աշխատակիցներ։
Ժամը 19:30-ին տեղեկություն է ստացվել, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Բլրաշեն կոչվող տարածքում առկա են հրդեհի նոր օջախներ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատի խմբերը, օպերատիվ և ԱԹՍ մասնագիտացված խմբերը։
Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 26-ին, ժամը 01:16-ին: Մոտ 1 հա տարածքում այրվում է բուսածածկույթ։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 60 փրկարար ծառայող․ աշխատանքներին ներգրավվել են Գառնի համայնքի 30 բնակիչ, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 35 աշխատակից, Գառնի համայնքի 3 «ZIL 131», 3 «UAZ», 1 «GAZ 66», արգելոցի 5 «UAZ» և 3 «ZIL 130» մակնիշի ավտոմեքենաներ։
Դեպքի վայրում են գտնվում ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը, տնօրենի տեղակալներ՝ փ/ծ գնդապետ Կ․ Մանուկյանը, փ/ծ գնդապետ Տ․ Պետրոսյանը։