«Այսօր մեղադրվեցի Զանգելանին Կովսական ասելու, իսկ Ղուբաթլուին էլ Սանասար». Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր մեղադրվեցի Զանգելանին Կովսական ասելու, իսկ Ղուբաթլուին էլ Սանասար։ Ընդ որում՝ քննադատողն ասում էր, որ ես այդ բնակավայրերի հայկական անվանումները ՇԵՇՏՎԱԾ եմ ասում, որ «բավականաչափ հայրենասեր երևամ»։
Դե իմ ելույթը դրանից առաջ էր, առիթ չեղավ արձագանքելու, բայց մի հարցում ուրախացա՝ առիթ էր, որպեսզի այդ բնակավայրերի հայկական անվանումները շատերը իմանային՝ նաև խորհրդարանում, իսկ մնացած գնահատականներին մի առիթով կանդրադառնամ։
Հայրենասեր լինելու/չլինելու մասով, ինչպես ասում են՝ առանց մեկնաբանությունների։
Երբեք խորհրդարանական ամբիոնը կամ մեկ այլ հարթակ չեմ օգտագործել իմ արածներն ու պաշտպանածը ներկայացնելու համար, ով պետք է գիտի, ով չգիտի էլ՝ Աստված իր հետ։
Էլի ցանկություն չկա դրան անդրադառնալու։
Մինչ մտածում էի արձագանքել, թե չարձագանքել Արման Եղոյանին, տեղի ունեցավ Հովիկ Աղազարյանի բավականին ուրախ ելույթը, որում բացի տարբեր գործընկերներիս գնահատականներ հնչեցնելուց վերջինս անդրադարձավ նաև ինձ՝ անվանելով վտանգավոր և սադիստի համառությամբ պատգամավոր։
Ճիշտ է՝ այդ ելույթում Աղազարյանը չասեց մի բան, ինչի հետ կարելի էր համաձայնվել, բայց քանի որ որ այն ինձ ահագին խինդ ու ծիծաղ ապահովեց՝ մտածեցի, թե ի՞նչ իմաստ կա իրեն արձագանքելու։
Վերջապես մարդը այսօրվա գաղջի մեջ ահագին լիցքաթափող հումորներ արեց։ Այնպես որ հա՛մ իր, հա՛մ Եղոյանի ասածները երրորդ պլան մղվեցին։
Հ․Գ. Մեր հայրենակիցներից էլ ներողություն եմ խնդրում այն տեսարանների համար, ինչ նրանք վերջին օրերին տեսնում են խորհրդարանի դահլիճում»։