«Դուք նո՞ւյնպես այդ մարդուն համարում եք միջազգային հանցագործ, և արդյո՞ք նախապայման չպետք է լինի, որ Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանությունները ենթարկվեն միջազգային պատասխանատվության». Արամ Վարդևանյանը՝ իշխանությանը
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն այսօր խորհրդարանի ամբիոնից անդրադարձավ Կառավարության ծրագրում տեղ գտած՝ արտաքին հարաբերությունների վերաբերյալ դրույթին, մասնավորապես՝ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատմանը։
Նա դիմելով իշխանական պատգամավորներին՝ հարցրեց՝ Թուրքիայի հետ հարաբերություններ առանց նախապայմանների՞։
«Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների մասին առաջին անգամ խոսել էր Լևոն Տեր-Պետրոսյանը, շարունակվել էր Երկրորդ, Երրորդ նախագահների օրոք։ Երեք նախագահներից ո՞ր մեկի ժամանակ, ինչպես ասել էր այն ձեր գործընկեր Վլադիմիր Վարդանյանը՝ միջազգային իրավունքը սպանում էին՝ սպանողը Թուրքիան է եղել։ Ես շատ շիտակ, ուզում եմ նայել ձեր աչքերին ու ասել հետևյալը՝ ինձ համար Ալիևը և Էրդողանը միջազգային հանցագործներ են, որոնք պետք է պատժվեն»,- ասաց Արամ Վարդևանյանը։
Նա իշխանական պատգամավորներին հիշեցրեց, որ նրանց գործընկերներից մեկն ասել էր, որ միայն պետությունն է միջազգային հանցագործությունների սուբյեկտ, սակայն այդպես չէ, և նա խորհուրդ տվեց կարդալ Հռոմի ստատուտը, որտեղ նման բան չկա։
«Այդ երկու անձինք պետք է պատժվեն։ Այն «բայրաքթարները», որոնցով մեր տղաներին սպանում էին, գիտեք, չէ՞, ում անունով է՝ միջազգային հանցագործ Էրդողանի ազգականի։ Հիմա ուզում եմ հասկանալ՝ դուք նո՞ւյնպես այդ մարդուն համարում եք միջազգային հանցագործ, և արդյո՞ք նախապայման չպետք է լինի, որ Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանությունները ենթարկվեն միջազգային պատասխանատվության։ Արդյո՞ք սա չպետք է լինի նախապայման, ոչ թե առանց նախապայմանների»,- եզրափակեց Արամ Վարդևանյանը։