«Նորմալ չեմ համարում, երբ ձեր ասած «Արցախի հերոսը» փաստացի մեղայականով հանդես է գալիս և իրեն թույլ է տալիս ՀՀ ԱԺ պատգամավորին շշով հարվածել». Ալեն Սիմոնյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն այսօր խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ բոլոր այն պաշտպանության նախարարները, որոնց օրոք զանգով այս կամ այն մարդը բանակում ծառայությունից ազատվել է, դավաճաններ են: Երբ ելույթի ընթացքում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը տեղից արձագանքեց, Հայկ Սարգսյանն ասաց, թե՝ արա, բայց քեզ հետ ո՞վ ա, որից հետո սկսեցին միմյանց վրա շշեր նետել:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով միջադեպին և պատասխանելով 168.am-ի հարցին՝ նորմա՞լ է, երբ իշխանական պատգամավորը «Արցախի հերոս» Սեյրան Օհանյանին դիմում է «արա»-ով, նշեց.
«Ես նորմալ չեմ համարում, երբ ձեր ասած «Արցախի հերոսը» փաստացի մեղայականով հանդես է գալիս և իրեն թույլ է տալիս ՀՀ ԱԺ պատգամավորին, անկախ նրանից, որ մեկը կարող է նրան սիրում է, մյուսը՝ ոչ, բայց շշով հարվածել: Դա սպային և ձեր ասած հերոսին ոչ վայել է»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Մեր դիտարկմանը, որ Սեյրան Օհանյանը Հայկ Սարգսյանի ուղղությամբ շիշ է նետել, երբ ամբիոնից ելույթ ունեցող պատգամավորը նրան դիմել է «արա»-ով, Ալեն Սիմոնյանը նկատեց. «Գիտեք ինչ, այն իրավիճակում, երբ սկսվում է ծեծկռտուք, երբ իրավիճակը բերվել է այն վիճակի, որ լարվածությունը վերածվում է ծեծկռտուքի և ինչ-որ մեկը մյուսին ասում է «արա», ես առհասարակ նորմալ չեմ համարում, անկախ նրանից՝ դա Արցախի հերո՞ս է, թե՞ ոչ: Ես նորմալ չեմ համարում, երբ մեր շատ գործընկերներ իրենց թույլ են տալիս տեղից ինչ-որ բացականչություններ անել, իրենք մտածում են, որ ամենախելացին են, հետո գալիս ձեզ մոտ կանգնում են, ընդունում զոհի կերպար, եկեք այսպիսի դեպքերով զոհեր ու հերոսներ չկերտենք»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում