«Թեկուզ ՆԱՏՕ-ի բանակը բերեն այստեղ մեզ լռեցնելու նպատակով՝ իրենց չի հաջողվելու». Արթուր Ղազինյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի գնահատմամբ՝ ԱԺ-ում տեղի է ունենում կազմակերպված գործընթաց, ընդդիմությանը լռեցնելու, ճնշելու ու վախեցնելու համար:

«Օգոստոսի 2-ից սկսած այս ամբիոնից հնչում են պարզ ճշմարտություններ, հնչում են գնահատականներ, ընդդիմադիր որակումներ, որին սովոր չէ այս իշխանությունը: Այսօր պարզ դարձավ, որ իշխանությունն ունի մեկ նպատակ՝ ենթարկեցնել ընդդիմությանը: Ուզում եմ հավաստիացնել մեր քաղաքացիներին, հատկապես այն քաղաքացիներին, որոնք մեզ ձայն են տվել, և մենք եկել ենք խորհրդարան՝ ներկայացնելու իրենց շահերը: Մեզ վախեցնել ու լռեցնել չեն կարող, մենք ունենք պայքար և այդ պայքարը հանուն պետության է և ժողովրդի: Թեկուզ ՆԱՏՕ-ի բանակը բերեն այստեղ մեզ լռեցնելու նպատակով՝ իրենց չի հաջողվելու»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Ղազինյանը:

Ինչ վերաբերում է նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում դեմքին ստացած քերծվածքին, Արթուր Ղազինյանը նշեց, որ դրա մասին չի ցանկանում խոսել, քանի որ դա  հարիր չէ նախ՝ իր անձին, ապա նաև՝ խորհրդարանին:

«Ամեն դեպքում ինձ վրա հարձակում տեղի ունեցավ, ընդ որում, մի քանի հոգով: Մեկ բան ակնհայտ է, որ վերջին միջադեպը լավ կազմակերպված ու թույլատրված ակցիա էր երկրի բարձրագույն իշխանության կողմից, որին դուր չի եկել մեր բնորոշումները: Այս խորհրդարանն այլևս սնանկ է ու անգործունյա, իշխանությունն ամեն դեպքում ու բոլոր իրավիճակներում պատասխանատու է ցանկացած իրավիճակի համար, ԱԺ-ի այսօրվա վիճակի համար պատասխանատու է երկրի բարձրագույն իշխանությունը: Այս խորհրդարանը շատ կարճ կյանք ունի, որովհետև իր վրա դրված պարտականություններն ի վիճակի չէ իրականացնելու»,- հավելեց Արթուր Ղազինյանը:

Ըստ նրա, երբ իշխանությունը ընդդիմությանը կոչ է անում փոխել իր բառապաշարը, այդ դեպքում իրենց բառապաշարն ով պետք է փոխի, երբ Արցախի հերոսին դիմում են «արա»-ով:

Միաժամանակ, ընդդիմադիր պատգամավորը կարծիք հայտնեց՝ գուցե իշխանությանը ստեղծված քաոսը ձեռնտու է, որպեսզի այդ քաոսի մեջ կարողանան իրականացնել այն, ինչի համար ստացել են իշխանություն, որի մասին իշխանությունը խոսել է՝ ասելով, որ ունեն անշրջելի հանձնառություն Հայաստանի համար խաղաղ դարաշրջան ապահովելու համար: Մինչդեռ դա ոչ թե խաղաղություն է, այլ իրական կապիտուլյացիա:

Տեսանյութեր

Լրահոս