Առիթից օգտվո՞ւմ եք, որ վարչապետը մեզ ասել է՝ չտաք գլուխները ջարդեք․ Հայկ Սարգսյան
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, թե ընդդիմադիր խմբակցությունների վերջին 1 օրվա հարցերն ու ելույթները լսելով՝ իր մոտ ծիծաղ և ամոթ է առաջանում։
«Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի խմբակցություններն ամբողջ պարտության բեռը փորձում են բարդել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա։ Ես ուղղակի ուզում եմ թվերով ներկայացնել, թե ինչ է տեղի ունեցել վերջին 30 տարում, որպեսզի սայլը տեղից շարժվի։ 1990 թվականին ՀՀ բնակչության թիվը եղել է 3.5 միլիոն, 2018 թվականին եղել է 2.9 միլիոն, շուրջ 550.000-ով պակասել է, այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չէր։ Այսինքն՝ ֆիքսենք, որ ձեր երկուսի ղեկավարների շնորհիվ կամ պատճառով ՀՀ բնակչության թիվը պակասել է 550.000-ով։ Ադրբեջանի բնակչության թիվը 1990 թվականին եղել է 7 միլիոն, 2018 թվականին՝ 10 միլիոն։ Այսինքն՝ Ադրբեջանի բնակչության թիվն աճել է ավելի քան 3 միլիոնով, իսկ մեր բնակչության թիվը պակասել է կես միլիոնից ավելիով։ Այս ընթացքում Ադրբեջանը զինել է իր բանակը, երբ մենք գնում էին 1980-1990-ականների զենքեր, Ադրբեջանը գնում էր ժամանակակից սպառազինություն, անօդաչու սարքեր․․․»։
Պատգամավորն ընդգծեց, որ 2018 թվականին դրանից 10 տարի առաջվա համեմատ Հայաստանն ունեցել է երկու անգամ պակաս ժամկետային զինծառայող․
«Ավելի ստույգ ասեմ, այս թվերի մասին չի խոսացվել, բայց պետք է խոսենք, որպեսզի հասկանալի դառնա, թե ինչ է տեղի ունեցել։ Միշտ ասել ենք՝ վա՜յ, մեր խնդիրների մասին չխոսանք, թշնամին չիմանա, չուրախանա, բայց ոնց պարզվեց, թշնամին ամեն ինչ շատ լավ ֆիքսել ու իմացել է։ Արցախի գյուղերի մասին, որ խոսում եք․ Արցախում գյուղեր ենք ունեցել, որ մարդ է մահացել, գյուղում մի հատ տղամարդ չի եղել, որ փոսը փորի, կողքի գյուղից են բերել, բա սրա մասին խի՞ չենք խոսացել, խի՞ չենք ասել, որ մեր սահմանապահ գյուղերը դատարկվում են։ Կամ ֆեյսբուքյան գրառում եք հանում բերում, պարոն Գեղամ Մանուկյան, ձեր ֆեյսբուքյան գրառումը հանեք բերեք, որ ՀՀ բնակչության 52 տոկոսին, ովքեր ձայն են տվել Նիկոլ Փաշինյանին, վիրավորել եք, բա էդ գրառումը բերեք, ցույց տվեք, ասեք՝ ես վիրավորել եմ Հայաստանի բնակչության մեծամասնությանը։ Թե՞ առիթից օգտվում եք, որ վարչապետը մեզ կոչ է արել, ասել է՝ մենք պետք է մնանք կոռեկտության սահմաններում, չպետք է գնանք վիրավորանքների, չպետք է տանք մեկի գլուխը ջարդենք»։
Անդրադառնալով բանակի բարեփոխումներին, Հայկ Սարգսյանն ասաց, որ բանակը քանդելուց չպետք է խոսեն նրանք, ովքեր տարիներ շարունակ իրենց գործողություններով այն քանդել են․
«Պաշտոնապես հայտարարում եմ, բոլոր նրանք, բոլոր այն պաշտպանության նախարարները, ում ժամանակ փողով բանակից մարդ է ազատվել կամ զանգով, նրանք հայրենիքի դավաճաններ են, դա բոլոր ժամանակների մասին է»։
Այս ելույթից հետո ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կողմից արձագանքներ հնչեցին, իսկ Հայկ Սարգսյանը դիմելով ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին՝ ասաց․
«Ես քե՞զ եմ ասում, արա՛»։
Սրան հաջորդեց շշերի նետումը միմյանց ուղղությամբ ու վիրավորանքները։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում