«Կապիտուլյացիոն բնույթի փաստաթուղթ, գաղտագողի ստորագրած անձը, եթե կապիտուլյանտ չէ, ի՞նչ է». Արթուր Վանեցյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր  խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքին, որի ժամանակ անվտանգության աշխատողները բռնի ուժով դահլիճից դուրս բերեցին նույն խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին, հարվածներ հասցրին «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին:

Ըստ Արթուր Վանեցյանի, այս իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը կրում են իշխանությունները:

«Ականատես եղաք, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը հրահրեց, և նրա ուղիղ հրահանգով սկսվեցին այս բռնությունները, որովհետև, երբ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հարց հնչեցրեց և ասաց, որ անթույլատրելի է նման վարքագիծը, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, թե կարծում է, որ մեղմ են վարվել, պետք էր ավելի կոպիտ լինել: Բռնություն սկսվեց մեր երիտասարդ պատգամավորի նկատմամբ, ով որևէ սխալ բան չէր ասել: Հիմա կփորձեն շուռ տալ, կասեն՝ Աննա Մկրտչյանը վիրավորել է իրենց ղեկավարին: Պարզվում է՝ իրենց համար հենց ամենամեծ վիրավորանքը կապիտուլյանտն է, միանշանակ՝ կապիտուլյացիոն բնույթի փաստաթուղթ, գաղտագողի ստորագրած անձը,  եթե կապիտուլյանտ չէ, ի՞նչ է»,- նշեց Արթուր Վանեցյանը:

Նա տեղեկացրեց, որ միջադեպի առնչությամբ արդեն դիմել են ոստիկանությանը և հաղորդում են ներկայացրել հանցագործության վերաբերյալ:

Ըստ նրա,Աննա Մկրտչյանը  «Պատիվ ունեմ»  խմբակցության պատգամավոր է, և նա չի գործում անկախ, հետևաբար՝ ինչ նախկինում ասել են, բոլորն ուժի մեջ է:

«Ամենակարևորն այն է, որ մեր դիրքորոշումներում որևէ բան չի փոխվել, այս իշխանությունները մեր երկիրը բերել-հասցրել են պարտության, տապալել են երկրի անվտանգային համակարգը, և այս իշխանությունները վաղ թե ուշ պատասխան են տալու այդ ամենի համար»,- հավելեց նա:

Հարցին՝ ստեղծված իրավիճակը քննարկվո՞ւմ է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, նա խորհուրդներ տալի՞ս է, Արթուր Վանեցյանը պատասխանեց, որ Սերժ Սարգսյանը հանդիսանում է ՀՀԿ նախագահը, որը մաս է կազմում «Պատիվ ունեմ» խմբակցությանը, հետևաբար՝ ներկայացնում է իր դիրքորոշումը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս