«Նրան ասել եմ, որ ԱԺ-ն չպետք է վերածել բանակային ինչ-որ կառույցի, ստորաբաժանման». Սեյրան Օհանյանը՝ Ալեն Սիմոնյանի հետ բանավեճի մասին
Խորհրդարանում Կառավարության ծրագիրը ներկայացնելու ընդմիջման ժամանակ տեսախցիկները ֆիքսել էին, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը և «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը բանավիճում էին և ինչ-որ հարցեր էին քննարկում, որին ներկա էին նաև ԱԺ փոխնախագահները:
168.am-ը Սեյրան Օհանյանից հետաքրքրվեց, թե ինչի՞ շուրջ էին բանավիճում Ալեն Սիմոնյանի հետ:
«Ես նրան ասել եմ, որ ԱԺ-ն չպետք է վերածել բանակային ինչ-որ կառույցի, ստորաբաժանման, բանակային խստության: Ես ամենամոտ մարդն եմ բանակին, բայց ես համակերպվում եմ և՛ բազմակարծությանը, և՛ շատ դեպքերում ըմբոստ կեցվածքին, որովհետև մենք Հայաստանում այնպիսի իրավիճակում ենք, որ իրոք շատ ու շատ հարցեր հանդուրժել չի կարելի»,- նշեց Սեյրան Օհանյանը:
Հարցին՝ կոնկրետ ի՞նչ խստության մասին է խոսքը, Սերան Օհանյանը չցանկացավ մանրամասնել, նշելով, որ արդեն խոսեց:
Սեյրան Օհանյանը նաև անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ կանայք պետք է ծառայեն բանակում, քանի որ ՀՀ բնակչության մեծամասնությունն են կազմում:
Ըստ Ս. Օհանյանի, հայ տղամարդու տեսանկյունից նայելով, տղամարդիկ միշտ ասել են՝ թող կանայք տունը պահեն, տան ջերմությունը փայփայեն, երեխաներին դաստիարակեն, իսկ տղամարդիկ՝ ծառայեն:
«Կանանց ծառայության ներգրավվածությունը մեզ փոխանցվել է դարերով՝ մեր ամբողջ պատմության ընթացքում: Նաև արցախյան ազատամարտի ժամանակ բավականին մեծ քանակությամբ կանայք ընդգրկված են եղել, սկզբում՝ կապի, առողջապահության, ավտոմատ կառավարման համակարգում, վերջին տարիներին՝ հակաօդային պաշտպանության համակարգում: Քիչ չեն կանայք, որոնք մարտական ստորաբաժանումում են, հատուկ նշանակության ստորաբաժանումում: Այս գործընթացը նորություն չէ, վարչապետն այնպես ներկայացրեց, որ սա նորություն է, սակայն այդպես չէ: Նիկոլ Փաշինյանը թող այնպես անի, որ բոլոր տղամարդիկ ընդգրկվեն ծառայությունում, որովհետև այսօր իրենց կողմից կատարվող քայլերը տանում են հայրենասիրության մակարդակի իջեցման, որոշ մարդկանց մոտ էլ ձևավորվում է պորտաբույծի հատկանիշներ, ասում են՝ թող ՌԴ-ն, ՀԱՊԿ-ն գան մեր փոխարեն ծառայեն»,- շեշտեց Սեյրան Օհանյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում