Բաժիններ՝

Շահարկելով ազգային, տեղական արտադրանք և այլ տերմիններ՝ վնասեցին և՛ մեզ, և՛ գաղափարը. «Ազգային մոլ»-ից տուժած տնտեսվարողները փոխհատուցում են պահանջում

Հունվարի 30-ին Թբիլիսյան խճուղի 26/8 հասցեում բացվեց Ազգային մոլը, որը մեկ տանիքի ներքո պետք է համախմբեր բոլոր հայ արտադրողներին։ Շատերը ոգևորվել, տաղավարներ են վարձակալել ու ներկայացրել հայրենի արտադրանքը, սակայն մի քանի ամիս անց տնտեսվարողների զգալի հատվածը հայտնվել է դատական քաշքշուկների մեջ՝ իրենց կորցրած գումարները հետ բերելու համար։

Պարզվում է՝ նախագծի կազմակերպիչները տարածք են վարձակալել Թբիլիսյան խճուղում գտնվող շենքում, որը սկսել են ծառայեցնել՝ որպես «Ազգային մոլ», տնտեսվարողներն էլ իրենց հերթին են տարածքներ վարձակալել արդեն կազմակերպիչներից, այսինքն՝ տնտեսվարողները դարձել են ենթավարձակալներ: Ավելին, վաճառքը ոչ թե տնտեսվարողներն են կազմակերպել, այլ իրենց ապրանքը հանձնել են կազմակերպիչներին, որոնք պարտավորվել են տեղում կազմակերպել վաճառքն ու իրենց հասանելիք տոկոսները հանելուց հետո մնացած հասույթը փոխանցել տնտեսվարողներին։

Սակայն ֆինանսական խնդիրներ են առաջացել: Կազմակերպիչները ժամանակին և պայմանավորված կերպով չեն վճարել տարածքի գումարը, մի շարք տնտեսվարողների չեն փոխհատուցել ապրանքների համար, և Թբիլիսյան խճուղի 26/8 հասցեից հեռանալուց հետո շատերին չեն վերադարձրել նախապես գանձված վարձակալության գումարները:

Արսեն Համբարյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ իրեն կազմակերպիչները չեն վերադարձրել վաճառված ապրանքի գումարը:

«34.000 դրամ են պարտք, որը մոտավորապես հավասար է երեք ամիսների համար մեր նախօրոք վճարած տեղավարձին։ Ապրանքը մեր արտադրած հայկական «Թութակ» ծեփոն-պլաստիլիններն էին, տարեդարձի թիվ-մոմերը, իմ հեղինակած «Բա հետո՞…» հեքիաթաշարի գրքույկները։ Պայմանն այնպիսին էր, որ ամեն ամսվա վերջ պետք է փոխանցեին ծախված ապրանքի ու գրքույկների գումարները, բայց բավական չէ, որ դա չարեցին, դեռ վերջում էլ՝ փակվելուց հետո, կարծեմ իրենց ֆինանսիստը՝ ոմն Գևորգ, զանգահարեց ինձ ու խնդրեց, որ մեկ ամիս ուշացումով փոխանցեն մեզ ծախվածի գումարը. խոստացավ, որ խնդիրներ չեն լինի, և որպես հաստատում խոստման՝ հրավիրեց «Ազգային մոլ»՝ հավաստագիր ստանալու, որ մեկ ամսից անպայման կստանանք մեր գումարը։ Գնացի՝ ինչ-որ մի կազմակերպության և անձի անունից հավաստագիր ինձ տվեցին, իսկ մեկ ամսից զանգերին չեն պատասխանում, իսկ պատասխանելու դեպքում էլ ասում են, որ իրենք այլևս կապ չունեն «Ազգային մոլի» հետ, կամ փաստաբանի հեռախոսահամարն են տրամադրում։ Ապրանքներն ու գրքերը ժամանակին իրենց հանձնել եմ լրիվ օրինական հիմունքներով՝ հաշիվ-ապրանքագրերով։ Այս ամենի մեջ ամենավիրավորականն այն է, որ շահարկելով ազգային, տեղական արտադրանք և այլ տերմիններ՝ վնասեցին և՛ մեզ, և՛ գաղափարը»,- ասաց Արսեն Համբարյանը:

«Արմենիակա» չրային կոնֆետներ արտադրող Գոհար Դիլանյանը ևս «Ազգային մոլ»–ի տուժողներից է: Բայց ի տարբերություն շատ տնտեսվարողների՝ շատ արագ է հասկացել, որ չարժե շարունակել համագործակցությունը:

«Ես տուժել եմ այնքանով, որ երկու ամիս համագործակցելով իրենց հետ՝ երրորդ ամսվա ընթացքում նոր սկսել եմ պահանջել իրենցից ինձ հասանելիք գումարը և, բարեբախտաբար ստացել, դրանից հետո դադարել իրենց հետ աշխատել: Սակայն «Ազգային մոլն» ինձ համար ունեցավ նաև դրական կողմեր, քանի որ առաջին անգամ ներկայացա իմ արտադրանքով առևտրի սրահում ու հասկացա, որ այն ունի պահանջարկ՝ որոշակի քանակի վաճառքներ ունենալով: Հույս ունենանք, որ նման սրահ էլի կբացվի՝ իհարկե, օտարածին «մոլ» անունով, որտեղ կվաճառեն հայկական ապրանքներ, գրագետ ու փորձառու գործարարների կողմից կազմակերպված ու, ամենակարևորը, օրենքի սահմաններում ու կիրթ, գործարար մթնոլորտում»:

Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ նախագահ Անուշ Ասլանյանը ևս տուժողներից է: Մոլում ներկայացրել են իրենց կողմից արտադրված հուշանվերները, վճարել են տարածքի վարձակալության 12 ամսվա գումարը, սակայն ընդամենը 10 օր անց իմացել են, որ այն փակվել է, իսկ գումարն այդպես էլ հետ չեն ստացել:

«Մեզ պարտք են մոտ 200.000 դրամ»,- ասաց Անուշը:

Հավելենք, որ տուժած տնտեսվարողները կրած վնասների փոխհատուցման հայցով դիմել են դատարան:

Ապրանքները հանելուց առաջ «Ազգային մոլ»-ի տնօրինությունը հայտարարություն է տեղադրել ֆեյսբուքյան էջում, որը հիմա ունի Ազգային Տեքստիլ անվանումը: «Կանխավ նշում ենք, որ մեր կողմից ոչ մի ֆինանսական միջամտություն չի եղել, որ տարածքը բացվի, քանի որ մենք ի սկզբանե տուժող ենք եղել և ոչ մի գումարային պարտավորություն չենք ունեցել։ Ամեն բան արվել է օրենքի տառին համապատասխան, և նույն օրենքով սահմանված՝ մենք ունենք ստանալու հսկայական փոխհատուցում և շուտով կհրապարակենք մեր՝ տուժողի, վարույթ ընդունելու որոշումը՝ ընդդեմ տարածքի տիրոջ»,- նշված է էջում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս