Շատ նախադեպեր կան, երբ նման իրավիճակներում կառավարությունները կա՛մ փախչում են պատասխանատվությունից, կա՛մ դիմում միջնորդների, կա՛մ դիմում ուժի. Փաշինյան

«Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը ներկայացնում եմ արտառոց պայմաններում. 2020 թվականի 44-օրյա պատերազմի ծանր հետևանքները, պատերազմի ընթացքում մեր ունեցած 3773 զոհերը, 243 զինվորների գտնվելու վայրը անհայտ լինելու հանգամանքը, մեր գերեվարված զինվորների մի մասի դեռևս վերադարձած չլինելու փաստը, հազարավոր տեղահանվածները, Արցախում և Հայաստանում ստեղծված ոչ սովորական և բարդ սոցիալ-տնտեսական վիճակը, Հայաստանի և Արցախի շուրջ ահագնացող անվտանգային մարտահրավերները, Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ապօրինի ներխուժման հետևանքով Սոթք-Խոզնավար հատվածում առկա ճգնաժամային իրավիճակը, նոյեմբերի 9-ից հետո ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ եռակողմ հայտարարության պարբերական խախտումները և դրա հետևանքով նոր զոհերի առկայությունը, միջազգային լարված դրությունը, կորոնավիրուսի շարունակվող համավարակը արտառոց են դարձնում այն միջավայրը, որում պիտի քննարկենք կառավարության ծրագիրը»,- խորհրդարանում կառավարության ծրագիրը ներկայացնելիս նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հավելեց, որ այս քննարկումը, սակայն, պետք է լինի ոչ միայն խնդիրների ու մարտահրավերների արձանագրման, այլև դրանց պատճառների և ծագումնաբանության մասին, և ամենակարևորը՝ պիտի լուծման ուղիներ նախանշի՝ կարճաժամկետ, միջնաժամկետ, նաև՝ ռազմավարական հեռանկարի առումով, որովհետև ակնհայտ է, որ ՀՀ-ն գտնվում է ճակատագրական ու շրջադարձային հանգրվանում. մի կետի վրա, որտեղից շարունակությունը վճռորոշ է լինելու մեր պետության և պետականության համար:

Որպեսզի իր խոսքը սկսի լավատեսական նոտայով՝ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ վերջին ամիսների «կարևոր ձեռքբերմանը».

«Բազմամյա չլուծված օրակարգեր, ի վերջո, անշրջելի լուծում են ստացել 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններով: Դեռ ավելին՝ ընտրությունների ինստիտուտը ՀՀ-ում նորովի դրսևորվեց 2021 թվականին:

Երրորդ Հանրապետության պատմության միջին վիճակագրական ընտրական ստանդարտը հետևյալն էր՝ ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակմանը հետևում էին իշխանության կողմից ընտրությունների կեղծման մասին վկայող համոզիչ փաստեր, այդ ամենը զուգորդվում էր հանրային, քաղաքական հուզումներով, ի հայտ էր գալիս կամ ավելի էր խորանում ներքաղաքական ճգնաժամը:

2021 թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններն ունեցան ուղիղ հակառակ ազդեցություն. ընտրությունների արդյունքներով հանրային, քաղաքական հուզումների մթնոլորտը հաղթահարվեց, հաղթահարվեց ներքաղաքական ճգնաժամը: Ընդ որում՝ սա ընտրությունների ամենանսպասելի արդյունքն է, որովհետև 44-օրյա աղետալի պատերազմից հետո, ավելի կոնկրետ՝ 2020թ. նոյեմբերի 9-ից մինչև քարոզարշավի ավարտը, ներքաղաքական դիսկուրսը կառուցվում էր գործող իշխանության ներկայացուցիչներին, մասնավորապես, վարչապետին,  նրա և իշխանության այլ ներկայացուցիչների ընտանիքների անդամներին դավաճանության, հողեր հանձնելու, հողեր վաճառելու, կապիտուլյացիայի մեջ մեղադրելու և հետևաբար՝ նրանց պատժելու, հաշվեհարդարի ենթարկելու, ընդհուպ՝ հրապարակային գնդակահարելու տրամաբանության վրա, ինչի գործնական դրսևորումը տեսանք ԱԺ նախագահ, ներկայում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի դեմ տեղի ունեցած մահափորձի, կառավարական շենքերի վրա տեղի ունեցած հարձակումների տեսքով:

Պատմական շատ նախադեպեր կան, երբ նման իրավիճակներում կառավարությունները կա՛մ փախչում են պատասխանատվությունից, կա՛մ դիմում միջնորդների, կա՛մ դիմում ուժի: Մենք չդիմեցինք ո՛չ միջնորդների, ո՛չ էլ ուժի. մենք դիմեցինք մեր ժողովրդին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ նախաձեռնելով և ասելով, որ հլու ենթարկվելու ենք ժողովրդի կայացրած ցանկացած որոշմանը»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս