ԱՄՆ-ն անվճար կորոնավիրուսի դեմ 110 մլն դեղաչափ պատվաստանյութեր է ուղարկել այլ երկրներ
Միացյալ Նահանգներն անվճար ամբողջ աշխարհի այլ երկրներ է ուղարկել կորոնավիրուսի դեմ շուրջ 110 միլիոն դեղաչափ պատվաստանյութեր, դրանցից 23 միլիոնը՝ Հարավ-արևելյան Ասիայի պետություններ: Օգոստոսի 24-ին այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի փոխնախագահ Քամալա Հարիսը՝ Սինգապուրում հանդես գալով Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վերաբերյալ Վաշինգտոնի հայացքների մասին զեկույցով։
«(Կորոնավիրուսի) համավարակը խնդիր է, որը սահմաններ չգիտե: Երբ նախագահ (Ջո) Բայդենը և ես զբաղեցրեցինք մեր պաշտոնները, ասում էինք, որ ոչ միայն պետք է պատվաստել մեր երկրի բնակիչներին, այլև պետք է ստեղծել անվտանգ և արդյունավետ պատվաստանյութերի պաշարներ ամբողջ աշխարհի համար»,- ասել է Հարիսը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն «այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհին է ուղարկել 110 միլիոն դեղաչափ, որից Հարավ – արևելյան Ասիայի երկրներ՝ 23 միլիոն»:
«Խոսքը վերաբերում է անվճար պատվաստանյութերին»,- ճշտել է փոխնախագահը:
Հարիսը նաև նշել է, որ Միացյալ Նահանգները «մտադիր է ձգտել առողջապահության համաշխարհային համակարգի ամրապնդման, ինչպես նաև պայքարել նոր վիրուսների դեմ, որոնք կարող են հայտնվել ապագայում», հաղորդել է ՏԱՍՍ-ը: