Քաբուլի օդանավակայանում ստեղծված իրադրության պատճառով ԱՀԿ-ն չի կարող տեղ հասցնել շուրջ 500 տոննա բժշկական ապրանքներ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ) հայտարարել են, որ Քաբուլի օդանավակայանում մտցված սահմանափակումների պատճառով չեն կարող Աֆղանստան հասցնել շուրջ 500 տոննա բժշկական նշանակության ապրանքներ: Այդ մասին հաղորդել է «Ալ Ջազիրա»-ն:
«Նրանք պատրաստ են եղել բեռն ընդունել, եւ մենք պատրաստվում էինք այն ուղարկել Աֆղանստան, որպեսզի տեղ հասցվեր այս շաբաթ: Բայց այժմ օդանավակայանը փակ է առեւտրային չվերթների համար»,- հայտնել է կազմակերպության ներկայացուցիչ Ինաս Համամը:
Նրա խոսքով՝ ԱՀԿ-ն կոչ է անում՝ դատարկ ինքնաթիռները, որոնք Աֆղանստան են թռչում մարդկանց տարհանելու համար, կանգ առնեն Դուբայում եւ վերցնեն աֆղանցիների համար նախատեսված բեռը:
ԱՀԿ-ն փորձում է Աֆղանստան հասցնել, մասնավորապես, վիրաբուժական սարքավորում եւ սարքավորում՝ մանկական թոքաբորբը բուժելու համար:
Օգոստոսի 23-ին ավելի վաղ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը հաղորդել է, որ Աֆղանստանի շուրջ 10 միլիոն երեխաներ հումանիտար աջակցության կարիք ունեն:
Ներկայում Քաբուլի օդանավակայանը չի ընդունում առեւտրային չվերթներ, քանի դեռ ԱՄՆ-ը եւ արեւմտյան այլ երկրներ համաքաղաքացիների տարհանում են իրականացնում Աֆղանստանից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: