Ռուսաստանը պաշտպանում է Իրանի՝ ՇՀԿ-ին լիիրավ անդամակցության հայտը

Մոսկվան պաշտպանում է Թեհրանի՝ Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) լիիրավ անդամակցության հայտը: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Իրանում ՌԴ-ի դեսպան Լեւան Ճաղարյանը:

«Մենք մի շարք միջազգային ու տարածաշրջանային հարցերի շուրջ նման, համընկնող դիրքորոշումներ ունենք: Այս տարվա սեպտեմբերին Դուշանբեում նշանակված ՇՀԿ-ի գագաթնաժողովի կապակցությամբ կցանկանայի հաստատել, որ Ռուսաստանը պաշտպանում է Իրանի՝ այդ Կազմակերպությանը լիիրավ անդամակցության հայտը»,- ասել է դեսպանը:

Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) մշտապես գործող միջկառավարական եւ միջազգային կազմակերպություն է, որը հիմնվել է Ղազախստանի, Չինաստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ղեկավարների կողմից: ՇՀԿ-ի ստեղծման հռչակագիրը ստորագրվել է վեց պետությունների ղեկավարների՝ Շանհայում 2001 թվականի հունիսի 15-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ: 2017 թվականի հունիսի իննին ՇՀԿ-ի անդամ պետությունների ղեկավարները որոշում ընդունեցին Հնդկաստանին եւ Պակիստանին Կազմակերպության մեջ ընդունելու մասին:

Ներկայում ՇՀԿ-ի դիտորդ երկրներ են՝ Աֆղանստանը, Բելառուսը, Իրանը եւ Մոնղոլիան, գործընկեր երկրներ՝ Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջեն, Նեպալը, Թուրքիան եւ Շրի Լանկան:

Իրանը Կազմակերպությանն անդամակցելու հայտ է ներկայացրել 2008 թվականին: Մինչեւ այժմ պահպանվում Է ՇՀԿ-ին նրա միանալու հարցի շուրջ անորոշությունը: Իրանի հայտն այսչափ երկար քննարկելու հիմնական պատճառը դարձել է Թեհրանի կողմից միջուկային ծրագրի զարգացումը նախագահ Մահմուդ Ահմադինեժադի օրոք (2005-2013 թվականներ), ինչպես նաեւ դրան ի պատասխան հետեւող միջազգային պատժամիջոցները:

Բայց նույնիսկ 2015 թվականին, երբ միջուկային գործարք կնքվեց Իրանի հետ, ՇՀԿ-ին Իրանի անդմակցության գործընթացը չարագացավ, իսկ 2018 թվականին նույնիսկ խորացավ գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու եւ դրա ձախողման պատճառով: Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնվել են, իսկ Թեհրանն իր հերթին վերադարձել է համաձայնագրի կետերից աստիճանաբար հրաժարվելուն եւ ձեռնամուխ է եղել ուրանի հարստացման ավելացմանը:

Այժմ Վիեննայում բանակցություններ են անցկացվում Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման եւ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները վերացնելու շուրջ. հունիսի 20-ին ավարտվել է վեցերորդ փուլը:

Տեսանյութեր

Լրահոս