Մենակ միշտ հարցնում էր՝ պապա ջան, մի լավ լուր չկա՞, պատերազմը ե՞րբ կավարտվի. 44-օրյա պատերազմում զոհված Գեղամ Ավդալյանն այսօր կդառնար 21 տարեկան
Ադրբեջանի կողմից սանձազերծված արցախյան 44-օրյա պատերազմը, ցավոք, խլեց բազմաթիվ երիտասարդ կյանքեր, այդ թվում՝ նաև ջոկի հրամանատար, կրտսեր գնդացրորդ Գեղամ Ավդալյանի կյանքը, ով 2020 թվականի հոկտեմբերի 23-ին զոհվել է թշնամու հրետակոծությունից՝ Ֆիզուլիում, իսկ այսօր՝ օգոստոսի 23-ին, նա կդառնար 21 տարեկան:
«Հենց պատերազմը սկսվել է՝ ինքը դիրքերում է եղել: Առաջին երկու օրերին կարողացել եմ կապ հաստատել, հետո՝ ոչ: Եղել են շրջափակման մեջ, հետո կարողացել են նրանց դուրս բերել ու տեղափոխել: Մենակ միշտ հարցնում էր՝ պապա ջան, մի լավ լուր չկա՞, պատերազմը ե՞րբ կավարտվի: Իրենց ջոկատում 9 հոգի են եղել, 2-ը վիրավորվել են, մյուսները՝ զոհվել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց զինվորի հայրը՝ Էդվարդ Ավդալյանը:
Գեղամը մասնագիտությամբ խոհարար է եղել, որոշել էր ծառայությունն ավարտել, գալ շարունակել ուսումը:
«Սա սարսափելի պատերազմ էր, անգամ 1992 թվականին այսպես չէր եղել: Ցավոք, մենք պատրաստ չէինք դրան: Ուզում եմ, որ այլևս ոչ ոք իր զավակին չկորցնի»,- նշեց Էդվարդ Ավդալյանը:
Ընտանիքի մտերիմներից Սևակի խոսքով՝ Գեղամի ընտանիքը 2000-2011 թվականներին բնակվել է Բուլղարիայում:
«Գեղամը ծնվել է Բուլղարիայում, ուներ այնտեղի քաղաքացիություն, կարող էր չծառայել, սակայն նա նախընտրել է հայոց բանակում ծառայության անցնելն ու իր պարտքը հայրենիքին տալը»,- ասաց Սևակը:
Գեղամ Ավդալյանը Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: