Մեր պետական այրերն ամեն ինչ արեցին, որ ջրամբարների ջուրը չլցվի, որ ջուր վաճառեն և փող աշխատեն. Բերբերյան․ «Փաստինֆո»
Այս տարի Հայաստանում հացահատիկի միջին բերքատվությունը մոտ 40 տոկոսով պակաս է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը՝ նշելով, որ բերքի կորուստը շատ է եղել հատկապես Շիրակի մարզում։
Հրաչ Բերբերյանի կարծիքով դա արհեստական երաշտ էր, իսկ նպատակը սեփական գյուղատնտեսության քայքայումն է։
«Մեր պետական այրերն ամեն ինչ արեցին, որ ջրամբարների ջուրը չլցվի։ Կարծում եմ՝ սա միտումնավոր է արված, որ ջուր վաճառեն և փող աշխատեն։
Եթե սխալվում եմ, ներողություն կխնդրեմ, բայց Կառնուտի ջրամբարը 15-16 մլն ջրի փոխարեն 4 մլն է եղել ոռոգման սկզբին և որոշ ՀԷԿ-եր էլ մինչև մայիսի 28-ն էլեկտրաէներգիա են արտադրել այդ ջրամբարների ջրով»,-նշեց Հրաչ Բերբերյանը։
Վերջինս նշեց, որ Հայաստանը մոտ 100 հազար տոննա ցորեն ներկրում էր ԼՂ-ից, իսկ հիմա դա չի լինի, մոտ 100 հազար տոննա էլ ներքին բերքը պակասեց, արդյունքում՝ Հրաչ Բերբերյանի խոսքով ստիպված կլինենք 200 հազար տոննա ցորեն ներկրել դրսից։
«Իհարկե, այս իրավիճակից ելք կա։ Սակավաջրությունն այս տարի էր, որը միտումնավոր էր արվում։ Եթե ոռոգման համակարգում ռեֆորմներ իրականացնեն, ուրեմն կհաղթենք, և մյուս տարի երաշտ չի լինի»,-հավելեց Հրաչ Բերբերյանը։