«Ե՞րբ են անցկացվելու փոքրամասնությունների հիմնադրամների ընտրությունները»․ Կարո Փայլան
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը մեջլիսում բարձրացրել է հայկական համայնքին պատկանող հիմնադրամների ղեկավարների ընտրության հարցը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հայ պատգամավորն ընդգծել է, որ 2013թ․ հունվարի 19-ին փոքրամասնությունների հիմնադրամների ընտրությունները կարգավորող կանոնակարգի չեղարկումից հետո համայնքաները փաստացիորեն չեն կարողանում ընտրություններ կազմակերպել։ Այդ ութ տարիների ընթացքում իշխանությունները պարբերաբար խոստացել են լուծում գտնել, բայց այդպես էլ որևէ քայլ չեն ձեռնարկել։
Վերջին անգամ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ մարտի 2-ին հայտարարել է, թե Հիմնադրամների կանոնակարգը վերանայվում է՝ փոքրամասնությունների հիմնադրամների ղեկավարների ընտրությունների հնարավորություն ընձեռնելու նպատակով։ Բայց գործը էլի առաջ չի շարժվել։ Ներկայումս հիմնադրամների ղեկավարները ոչ թե ընտրվում են համայնքի կողմից, այլ նշանակվում՝ Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչության 2019 թ․ մի շրջաբերականի հիման վրա։
Այսպիսով, Կարո Փայլանը Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթային հղել է հետևյալ հարցերը․
1․ Ձեր իշխանությունը, որ ամեն հարմար առիթով ընտրություններ է կազմակերպում, ինչու՞ է ութ տարի շարունակ խոչընդոտում փոքրամասնությունների համայնքների ընտրություններին։
2․ Ինչու՞ թույլ չեք տալիս, որ փոքրամասնությունների համայնքները ընտրություններ անցկացնեն, թեև բազմաթիվ անգամ նման խոստում եք տվել։
3․ Ե՞րբ են անցկացվելու փոքրամասնությունների հիմնադրամների ընտրությունները։
4․ Դուք գիտակցու՞մ եք, որ թույլ չտալով փոքրամասնությունների հիմնադրամների ընտրություններ կազմակերպել՝ խոչընդոտում եք այդ հիմնադրամների արդյունավետ կառավարմանը։