Կառավարությունը 571 մլն դրամ է փոխանցել ԱԱԾ–ին

Կառավարության որոշմամբ, Ազգային անվտանգության ծառայությանը 570 մլն 978.557 դրամ է փոխանցվել։ Այս հարցն ընդգրկված է եղել կառավարության երեկվա չզեկուցվող հարցերի փաթեթում։

Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ 2020թ. 44–օրյա ռազմական գործողությունների հետեւանքով, ԱԱԾ սահմանապահ զորքերի համապատասխան զորամասը տեղակայվել է Հայաստանի հարավային սահմաններում, ինչի հետեւանքով ի հայտ են եկել մի շարք կարեւորագույն խնդիրներ:

«ՀՀ պետական սահմանի վերոնշյալ հատվածի պահպանությունը պատշաճ իրականցնելու, ծառայության բնականոն գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի նոր համալրվող զինծառայողներին ապահովել սննդի, կեցության եւ այլ նվազագույն պայմաններով: Բացի այդ, ներկայիս իրավիճակով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել որոշակի աշխատանքներ իրականացնել հայ-ադրբեջանական շփման գծի համապատասխան հատվածում, ինչը թույլ կտա ամրապնդել սահմանային վերահսկողության համակարգը:

Հաշվի է առնվել նաեւ այն հանգամանքը, որ առաջ են եկել որոշակի չնախատեսված ֆինանսական ծախսեր, որոնք հնարավոր չէր նախատեսել ՀՀ ազգային անվտանգության ծառայության 2021 թվականի պետական բյուջեի հայտի կազման ժամանակ»,– ասվում է հիմնավորման մեջ։

Նախագծով առաջարկվում է ԱԱԾ 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների տնտեսումները՝ 209,229,135.95 դրամն ուղղել Կառավարության պահուստային ֆոնդ, այնուհետեւ Կառավարության պահուստային ֆոնդից ԱԱԾ վերոհիշյալ տնտեսումները, ինչպես նաեւ լրացուցիչ 361,749,422.05 դրամ գումար հատկացնել ԱԱԾ–ին՝ բնականոն գործունեության համար համապատասխան ապրանքների եւ ծառայությունների ձեռքբերման նպատակով:

ԱԱԾ–ն ակնկալում է, որ 570, 978, 557 դրամ հատկացնելու դեպքում, առավել արդյունավետ կիրա¬կանացվեն ծառայության առջեւ դրված խնդիրների լուծման աշխատանքները:

Տեսանյութեր

Լրահոս