«Այս իշխանությանը հնարավոր չէ վստահել սեփական անձի ու երկրի անվտանգությունը». Մետաքսե Հակոբյան
Արցախի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, թե Հայաստանն իր զորքը պետք է դուրս բերի Արցախից, և առհասարակ Հայաստանին բանակ պետք չէ, քանի որ, ըստ նրա, պատերազմն ավարտվել է, և այլևս բանակն անելիքներ չունի։
Թեմայի առնչությամբ 168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապաետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ Արցախի 44-օրյա պատերազմից հետո, երբ Հայաստանի վարչապետը ստորագրեց կապիտուլյացիոն փաստաթուղթը, դրանով վերջ դրեց Արցախի մի հատվածին, որովհետև թշնամին Արցախի մոտ 25 տոկոսն էր կարողացել գրավել, իսկ մնացած հատվածը Նիկոլ Փաշինյանը ձեռքի մի շարժումով հանձնեց Ադրբեջանին, այդ պահից սկսած, ըստ կապիտուլյացիայի օրենքի, հաջորդ քայլը պետք է լիներ բանակի դուրսբերումը։
«Այդ ընթացքում զորքին չէին հանում, ոչ թե որովհետև ձգձգում էին, ինչ-որ բանակցություններ էին վարում, այլ ուղղակի դրա համար ժամանակ էր պետք։ Ընթացքում մենք տեսել ենք, թե ինչպես է զինտեխնիկան դուրս բերվում Արցախից, նաև գաղտնիք չէ, որ երբ գարնանը զորահավաք տեղի ունեցավ, Արցախ այլևս նորակոչիկներ չեկան։
Այսինքն՝ երբ Արցախում եղավ զորահավաք, միայն Արցախի զորակոչային տարիքի տղաները մեկնեցին ծառայության։ Իսկ այն զինվորները, որոնք մինչև պատերազմն էին ծառայում Արցախում, իրենց վերադառնալուց հետո, Հայաստանից համալրում չի լինում։ Շատերն ուղղակի օգտվելով պատերազմից հետո խառնաշփոթ վիճակից, իրենց երեխաներին Արցախից տարան և այլևս հետ չվերադարձրեցին։
Հայաստանից այլևս զինվորներ չեն ծառայի Արցախում, ըստ էության, Արցախում չի լինի Հայաստանից բանակ։ Ելնելով այստեղի բնակչության թվից, բնականաբար, այն զինվորները, որոնք զորակոչվում են բանակ, ոչ միայն բավարար չեն, այլև անասելի քիչ են, որպեսզի կարողանան սահման պահել, այն էլ պատերազմից հետո, երբ սահմանը բավականին երկարարել է։
Ստացվում է, որ հույսը մնում է Արցախում ծառայող 18-ամյա պատանին և ռուս խաղաղապահը»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։
Նրա խոսքով՝ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների թիվը չի բավականացնում, ավելին՝ նրանց թիվը բավարար չէր նաև այն ժամանակ, երբ Արցախում կար հայկական բանակը։ Այսօր առավել ևս, երբ Հայաստանից նորակոչիկներ չեն լինելու Արցախում, բնականաբար, անվտանգության հետ կապված ռիսկերը մեծանում են։
«Արցախում պետք է լինի ազգ-բանակ մոդելը, ուրիշ տարբերակ չկա։ Բանակի փոխարեն՝ գուցե մենք ունենանք, պայմանական անունով ասեմ՝ գվարդիա, որտեղ բոլորը, անկախ նրանից՝ ինչ պաշտոն են զբաղեցնում և որտեղ են աշխատում, պարտադիր ամսվա մեջ ինչ-որ ժամանակահատված պետք է լծվեն սահմանների պաշտպանության գործընթացին։
Իհարկե, սա երևի լինի վճարովի սկզբունքով, բայց ամեն դեպքում պետք է այդպես լինի։ Մենք պատերազմից հետո, նաև առաջ, մշտապես ասել ենք, որ Արցախում բնակչությունը պիտի զինված լինի, պետք է հատուկ պատրաստվածություն անցնեն թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա իր տունը պաշտպանել, որովհետև այսօր բոլոր բնակավայրերը՝ սկսած Ստեփանակերտից, սահմանամերձ են։ Հետևաբար, գյուղի, քաղաքի բնակիչը պետք է կարողանա գոնե իր տունը պաշտպանել՝ պաշտպանելով Արցախի գոնե 25 տոկոսը»,- հավելեց պատգամավորը։
Ինչ վերաբերում է Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին, որոնք արտահայտվում են տարբեր կերպ, մասնավորապես՝ կրակոցների միջոցով, Մետաքսե Հակոբյանն ասաց, որ թշնամին այդ քայլով փորձում է աշխարհին, հայությանը ցույց տա, թե ռուս խաղաղապահները չեն իրականացնում իրենց գործառույթները։
«Կրկնում եմ՝ խաղաղապահների քանակը դեռևս չի բավարարում, չգիտեմ՝ ընթացքում կլինե՞ն քննարկումներ՝ խաղաղապահների թվի ավելացման հետ կապված, թե՞ ոչ։ Այդպիսով՝ Ադրբեջանը նաև փորձում է ուղղակի խուճապ առաջացնել Արցախի բնակչության շրջանում։ Հատկապես վերջին օրերին Շոշի ուղղությամբ Մխիթարաշենի կողմից օգտագործել էին հակատանկային արկեր, որոնց միայն ձայնը բավական է, որպեսզի բնակիչները մտածեն, թե պատերազմ է սկսվել։
Մասամբ թշնամուն այդ ամենը հաջողվում է, քանի որ այսօր բնակչությունը վստահություն չունի Արցախի իշխանությունների նկատմամբ։ Արցախում այլ է, և եթե Հայաստանում կան մարդիկ, որոնք ասում են՝ Նիկոլն իրենց փրկիչն է, ապա Արցախում բնակչությունը, բացառությամբ մի 300 հոգուց, որոնք օգտվում են իշխանության կաթսայից, մնացած բոլորը գիտակցում են, որ իշխանությանը հնարավոր չէ վստահել սեփական անձի ու երկրի անվտանգությունը։ Ավելի շատ սրանից է խուճապ առաջանում, քան կրակոցներից։ Այդուհանդերձ արցախցին իր հողին կպած ապրում է, նաև պայքարելով իր երկրի համար»,- շեշտեց Մետաքսե Հակոբյանը։
Միաժամանակ նա տեղեկացրեց, որ վերջերս ԱԺ-ում «Զինապարտության մասին» օրենքում փոփոխություն են կատարել, որտեղ 53 տարեկանը փոխարինել են 59 տարեկանի, որպեսզի բնակչության մեծ մասը կարողանա ծառայել Պաշտպանության բանակում։