Ռուբեն Ռուբինյանը որևէ կոնկրետ պատասխան չի տալիս Թուրքիայում իր ուսումնառության վերաբերյալ հարցերին

Օգոստոսի 3-ին Ազգային ժողովում, պատասխանելով «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանի հարցին, դեռևս ԱԺ փոխնախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, թե 2017թ. Հրանտ Դինքի անվան հիմնադրամի կազմակերպած ծրագրի շրջանակներում մի քանի ամիս Թուրքիայում հետազոտություն է իրականացրել:

Այլ մանրամասներ, մասնավորապես, թե կոնկրետ ի՞նչ հետազոտություն է իրականացրել նա Թուրքիայում, կամ, ի վերջո, որտե՞ղ հնարավոր կլինի ծանոթանալ նրա կատարած հետազոտությանը՝ ԱԺ–ում նա չհայտնեց։ Հաշվի առնելով հարցի կարևորությունը (քանի որ խոսքը ոչ բարեկամական երկրում իրականացված գործունեության մասին է), 168.am-ը գրավոր հարցեր էր հղել Ռուբեն Ռուբինյանին՝ մասնավորապես հետաքրքրվելով․

1. Ի՞նչ թեմայով կամ թեմաներով է եղել հետազոտությունը (հետազոտությունները)։

2. Եթե եղել է (են) գիտական ղեկավար, խնդրում ենք տրամադրել նրա տվյալները (անուն, ազգանուն, ո՞ր կազմակերպությունից է), իսկ եթե եղել է խմբային աշխատանք, ապա ովքե՞ր են ընդգրկված եղել դրանում։

3. Եթե Ձեր կատարած հետազոտության (հետազոտությունների) արդյունքները հրապարակվել են, խնդրում ենք նշել՝ որտե՞ղ է այն հրապարակվել։ Խնդրում ենք տրամադրել նյութ (նյութերը), ցանկը։

4. Եթե հետազոտության (հետազոտությունների) արդյունքում այլ հոդվածներ և նյութեր եք հեղինակել, ապա խնդրում ենք դրանք նույնպես տրամադրել։

Այսօր ԱԺ-ից ստացել ենք Ռուբեն Ռուբինյանի գրավոր պատասխանները, որոնք, սակայն, առաջադրված կոնկրետ հարցերի վերաբերյալ որևէ հստակություն չեն պարունակում։

Հարցին, թե ի՞նչ թեմայով կամ թեմաներով է եղել հետազոտությունը (հետազոտությունները), Ռուբինյանը պատասխանել է․ «2017-2018թթ․ հետազոտություն եմ իրականացրել Սաբանջը համալսարանին կից «Ստամբուլի քաղաքականության կենտրոնում»։ Հետազոտության թեման է եղել «Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացում հասարակական կազմակերպությունների ունեցած ազդեցությունը»։ Երկրորդ հարցին, թե՝ եթե եղել է (են) գիտական ղեկավար, խնդրում ենք տրամադրել նրա տվյալները (անուն, ազգանուն, ո՞ր կազմակերպությունից է), իսկ եթե եղել է խմբային աշխատանք, ապա ովքե՞ր են ընդգրկված եղել դրանում, Ռուբեն Ռուբինյանը պատասխանել է․ ««Հրանտ Դինք» հիմնադրամի ծրագրի ձևաչափը չէր նախատեսում գիտական ղեկավար և խմբային աշխատանք, ուստի հետազոտությունն իրականացնում էի միայնակ»։

Ենթադրվում էր, որ հետազոտությունը, որը Ռուբեն Ռուբինյանը կատարել է Թուրքիայում «Հրանտ Դինք» հիմնադրամի ծրագրի շրջանակներում, պետք է հրապարակվեր որևէ պարբերականում, կայքում կամ գիտական հանդեսում, ուստի Ռուբեն Ռուբինյանին խնդրել էինք հայտնել, թե իր հետազոտության (հետազոտությունների) արդյունքները որտե՞ղ են հրապարակվել։

Սակայն, ինչպես կարդում ենք նրա պատասխաններում, այդ ենթադրյալ հետազոտությունը որևէ տեղ չի հրապարակվել։

Ռուբինյանն իր պատասխանում մասնավորապես գրում է․ «Իմ կատարած հետազոտության արդյունքները չեմ հրապարակվել, հետազոտությունը մնացել է կիսատ, քանի որ 2018թ․ ապրիլին վերադարձել եմ Հայաստանի Հանրապետություն»։

Մեր չորրորդ հարցը նույնպես պատասխան չունի, քանի որ հարցին՝ եթե հետազոտության (հետազոտությունների) արդյունքում այլ հոդվածներ և նյութեր հեղինակել եք, ապա խնդրում ենք դրանք նույնպես տրամադրել, Ռուբինյանի կողմից արժանացել է նման պատասխանի․ «Հետազոտության արդյունքում այլ հոդվածներ և նյութեր չեն ստեղծվել»։

Ռուբեն Ռուբինյանի այս խիստ ընդհանրական ու անորոշ պատասխաններից կարելի է ենթադրել միայն, որ նա 2018 թ․ հեղափոխության օրերին՝ թողնելով Հիմնադրամի նկատմամբ ունեցած պարտավորությունները, կիսատ թողնելով հետազոտությունը, վերադարձել է Հայաստան։

Ողջամիտ կասկած է առաջանում առ այն, որ Ռուբեն Ռուբինյանի ուսումնառությունը Թուրքիայում եղել է անարդյունավետ և որևէ գործնական հետևանք չի ունեցել։

«Հրանտ Դինք» հիմնադրամի միջոցների ծախսի արդյունավետության գնահատականը, իհարկե, տվյալ հիմնադրամի խնդիրն է։

Հայ հասարակության համար ավելի կարևոր է ստանալ վերը նշված և դրանցից ածանցվող բազմաթիվ այլ հարցերի պատասխաններ, որոնք առնվազն գոյության իրավունք են տալիս Ռուբեն Ռուբինյանի՝ Թուրքիայում գտնվելու ժամանակաշրջանի վերաբերյալ հանրության կասկածներին։

Դրանք շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ կամ Ռուբեն Ռուբինյանն ինքը, կամ գուցե այդ Հիմնադրամը չեն պատասխանել մեր կողմից բարձրացված այդ հարցերին։

Տեսանյութեր

Լրահոս