Ո՞վ էր Վահան Նարիբեկյանը մինչև ԱԺ աշխատակազմի ղեկավար նշանակվելը

«Կառավարման համակարգը ո՞նց ա աշխատել մինչև հիմա՝ էլի հորքուր, մորքուր, խնամի, ծանոթ, բարեկամ, ընտրությունների վստահված անձ, բոլորին բերել՝ լցրել են, տեղավորել են պետական կառավարման համակարգ: Հիմա էսպիսի խնդիր չկա դրված»,- 2018 թ. օգոստոսի 9-ի նիստում հայատարարեց Նիկոլ Փաշինյանը, ապա երեք տարիների ընթացքում պարբերաբար հիշեցնելով «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքի անընդունելիության մասին՝ իր թիմի հետ միասին պետական կառավարման համակարգը լցրեց խնամիներով, ծանոթներով ու բարեկամներով:

Վերջին օրինակը հայտնի դարձավ օրերս. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվեց Ալեն Սիմոնյանի ընկեր Վահան Նարիբեկյանը՝ հենց Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ։ 

Իսկ թե ով էր Վահան Նարիբեկյանը մինչև նշանակումը՝ տեղեկանում ենք լրատվամիջոցների տարբեր հրապարակումներից:

Այսպիսով, Վահան Նարիբեկյանը Արգավանդ համայնքի նախկին համայնքապետ Սամվել Նարիբեկյանի որդին է, «Արգավանդ կահույք» խանութների տնօրենը, որի նախաձեռնած շինարարությունը վերջերս համայնքի բնակիչներին խնդիրներ էր պատճառել:

«Շինաշխատանքների ժամանակ ծանր տեխնիկան ջարդել էր ընդհանուր ջրատարը, ջուրը լցվում էր բնակիչների տները»,- ահազանգել էր տելեգրամյան ալիքներից մեկը՝ հավելելով, որ քաղաքացիների դժգոհությունը որևէ արդյունք չէր տվել, քանի որ Նարիբեկյանի հովանավորն էր համարվում Ալեն Սիմոնյանը։

Կրկին ըստ տելեգրամյան ալիքների՝ Վահան Նարիբեկյանին իշխանություններն իրենց հետ տարել էին Սյունիք, որպեսզի Նիկոլ Փաշինյանի դեմ ակցիա իրականացրած սյունեցիներին լուսանկարահանի և դրանք ոստիկանությանը փոխանցի: Դեժավյու Telegram: Contact @dejavu202 ալիքին հաջողվել էր անգամ պարզել, որ Նարիբեկյանին Սյունիք տանելու առաջարկը եղել է Ալեն Սիմոնյանի կողմից:

Ըստ համացանցում առկա փաստաթղթերի՝ հենց Նարիբեկյանի «Արգավանդ կահույքն» է անմիջապես իշխանափոխությունից հետո՝ 2018 թվականի դեկտեմբերին, հաղթող ճանաչվել «Ազգային ժողովի կողմից զանազան կահույքի ձեռքբերման նպատակով կազմակերպված էլեկտրոնային աճուրդում»։

Բայց սա դեռ ամենը չէ. ԱԺ աշխատակազմի ղեկավարը նաև շատ հաջողակ է. նա 2017 թվականի հունվարին Mobimania նախագծի հաղթող է ճանաչվել՝ շահելով 157 դրամ- Iphone 7, ևս մեկ Iphone 7 նա շահել է  2018 թվականի դեկտեմբերի 18-ին Ucom ընկերության կազմակերպած Ամանորի SMS վիկտորինայում։

Ուշագրավ է նաև, որ դեռ 2019 թվականին հրապարակում էր եղել այն մասին, որ ինչ-որ միջադեպի առիթով Ոստիկանություն ահազանգած քաղաքացի Վահան Նարիբեկյանն իրավապահներին հայտնել էր, որ ինքն Ալեն Սիմոնյանի օգնականն է:

Տեսանյութեր

Լրահոս