Ուրախ և տխուր եմ օլիմպիական այս առաջին մեդալի համար. Հովհաննես Բաչկով
Տոկիոյում կայացավ Օլիմպիական խաղերի բռնցքամարտի 63 կգ քաշային կարգի պարգևատրության արարողությունը, որի ժամանակ իր նվաճած բրոնզե մեդալն ստացավ Հայաստանի բռնցքամարտի հավաքականի Հովհաննես Բաչկովը։
Հովհաննես Բաչկովն արարաողությունից հետո լրագրողների հետ զրույցում, մասնավորապես, ասաց. «Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանի համար բրոնզե մեդալ նվաճելը: Սպասում էի ավելիին, բայց էլի, փառք Աստծո, որ կարողացանք այս մեդալը նվաճել: Ուրախ և տխուր եմ օլիմպիական այս առաջին մեդալի համար: Շատերը կմտածեն, թե ինչու եմ տխուր բրոնզե մեդալի համար, սակայն, երբ դու քո քաշում ֆավորիտ ես, մի քիչ տխրում ես նման մեդալի համար»:
Բաչկովը շեշտեց, որ ամեն մի մեդալի հետևում հսկայական աշխատանք կա: «Եթե հնարավոր լինի պրոֆեսիոնալ և սիրողական բռնցքամարտը համատեղել, ապա գուցե հաջորդ խաղերին էլ մասնակցեմ»,-շեշտեց նա:



