Բաժիններ՝

Հպարտությունն էլ, ինչպես ամեն փորձություն, հաղթահարելի է

Երբ կյանքում հասնում ենք այնպիսի հաջողությունների, որոնց մեր միջավայրում դեռ ոչ ոք չի հասել, կամ էլ գրանցում ենք անսպասելի ձեռքբերումներ, սկսում ենք հպարտանալ այդ փաստերով: Երբեմն իսկապես ցանկանում ենք մեր մտերիմների հետ կիսել մեր ուրախությունն ու ցույց տալ մեր ձեռքբերումը՝ որպես աշխատանքի արդյունք, սակայն նաև լինում են պահեր, երբ հպարտանում ենք, որպեսզի ընդգծենք մեր առավելությունը մյուսների նկատմամբ: Հպարտանալով ցույց ենք տալիս, որ անկրկնելի և կարևոր ենք, որ առավել ենք ամենքից: Եթե դիտարկենք այդ հատկանիշներն առանձին-առանձին, կտեսնենք, որ դրանցում հնարավոր է գտնել դրականը: Օրինակ ՝ գովելի է, որ մարդն ինքն իրեն դիտարկում է որպես անհատ, եզակի, քանի որ Աստված էլ մեզ հենց այդպիսին է տեսնում: Սակայն այս հատկանիշները միավորելով հպարտության անվան ներքո՝ հասկանում ենք, որ հպարտ մարդը ցանկանում է միայն կարևորել ինքն իրեն՝ չընդունելով ցանկացած երկրորդ կարծիք, ուրիշ մեկի առավելությունը:

Եկեղեցու հայրերը և շատ իմաստուններ անդրադարձել են հպարտություն կոչվող ախտին՝ յուրաքանչյուրը մի բնորոշում տալով: Օրինակ՝ Անտոն Անապատականը տվել է նման ձևակերպում. «Սրտի հպարտությունը ատելի է Աստծուն, հրեշտակներին ու սուրբերին: Հպարտության համար Աստված ստեղծեց դժոխքը»: Իսկ Հովհան Ոսկեբերանը, խոսելով հպարտության բերած չարիքների մասին, ասել է. «Խոնարհվող մեղավորները առանց բարի գործերի էլ են արդարանում, իսկ արդարները, իրենց ձեռք բերածն էլ են կորցնում հպարտության պատճառով: Նման ձևակերպումներ տալիս է նաև Սուրբ Գիրքը. «Նա, ով ինքն իրեն բարձրացնում է, պիտի խոնարհվի, և նա, ով ինքն իրեն խոնարհեցնում է, պիտի բարձրանա» (Ղուկ. 14:11):

Հպարտությունն էլ, ինչպես ամեն փորձություն, հաղթահարելի է: Խոնարհությունը, որ հականիշն է հպարտության, այս հարցում պիտի օգնական լինի մեզ: Իսկ խոնարհության բարձրագույն օրինակը մեր՝ քրիստոնյաներիս համար եղել և մնում է Միածին Որդին, ով իր անձը խոնարհաբար զոհեց՝ հանուն մարդկության փրկության: Նա Իր կատարյալ ու անմեղ էությամբ ծառայեց մեղավորներին՝ երբեք ու երբեք չտրտնջալով: Փորձենք, ջանանք նմանվել Քրիստոսին նաև մեր խոնարհությամբ: Մի կողմ թողնենք հպարտանալն ու պարծենալը՝ գիտակցելով դրանց բացասական հետևանքները: Դառնանք Քրիստոսի իրական հետևորդներ՝ անցնելով Նրա հետ քրիստոնեության օրհնաբեր ու քաղցր ճանապարհով:

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս