«Արայիկ Հարությունյանը պատվեր կատարող անձ է, իսկ պատվիրատուն, բոլորս գիտենք, ով է՝ ՀՀ վարչապետը». Մետաքսե Հակոբյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Մարտակերտում հանդիպման ժամանակ, անդրադառնալով անվտանգային խնդիրներին, ասել էր, թե «տարածաշրջանն այնպիսին է, որ մենք ինքնուրույն, միայնակ ի վիճակի չենք ապահովելու խաղաղություն, այսինքն՝ անվտանգություն, և այստեղ ռուսական զորքի առկայությունը ոչ թե պետք է լինի ժամանակավոր, այլ մշտական»:

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը 168.am-ի հետ զրույցում պնդեց՝  Հարությունյանը խոսում և գործում է այնպես, ինչպես պատվիրում են ՀՀ իշխանությունները:

«Նա դա ասում է, ինչպես, օրինակ, անցած տարի նույն այս ժամանակ ասում էր, որ Արցախի օդը 100 տոկոսով փակ է,  իր սեփական կարծիքը չէ, ինքը պատվերներ կատարող անձ է, և ամեն անգամ իր մտքերը կայծակնային արագությամբ փոփոխության են ենթարկվում՝ ելնելով պատվիրատուի պահանջներից, իսկ պատվիրատուն, բոլորս գիտենք, ով է՝ ՀՀ վարչապետը: Իրեն ինչպես ասել են, ինքն այդպես խոսում է և շարժվում է»,- ասաց Հակոբյանը:

Պատգամավորն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ հրապարակված 10 րոպեանոց տեսանյութում Արցախի նախագահը միայն 2 րոպե է տրամադրում անվտանգային հարցերի մասին խոսելուն:

«Մեր դիմաց մարդ է, ով ընդհանրապես չի հասկանում, թե ի՞նչ է նշանակում՝ պատերազմող երկրում անվտանգություն: Իր խոսքից ընդամենը մեկ օր առաջ ես Արցախի բավականին մեծ հատվածով անցել էի, և այսօր խոսել անվտանգության մասին ընդհանրապես… հարաբերական է, այդ բառն այսօր շատ այլ նշանակություններ ունի նույնիսկ ռուս խաղաղապահների ներկայությամբ, ես բացարձակ չեմ թերագնահատում իրենց այստեղ լինելը, ներկայությունը, բայց ամեն վայրկյան կարող է, չէ՞, իրավիճակը փոխվել: Մենք գիտենք, որ մինչև 4 տարի դեռ ունենք, որ ռուս խաղաղապահներն այստեղ կլինեն, բայց, անցնելով Արցախի ճանապարհներով, այսինքն՝ Ստեփանակերտից հենց դուրս ես գալիս, ամեն օր եթե այդ ճանապարհներով անցնես, կնկատես, որ ադրբեջանական դրոշներն ավելանում են, այդպես են անում, որ ավելի նկատելի լինեն, ավելի շատ տեսնես իրենց, նկատես, զգաս, մեր ճանապարհներին, որտեղ թույլատրված է իրենց երթևեկությունը, կանգնում են, իջնում են մեքենաներից, այսինքն՝ որևէ խնդիր փաստորեն իրենք չունեն: Այս պարագայում զգալ անվտանգ, թեկուզ հոգեբանորեն, դա ուղղակի անհնար է, իսկ որ մենք չէինք կարող լինել մեր անվտանգության երաշխավորն ընդամենը վերջին 3 տարիների ընթացքում, դա փաստ է, մնացած բոլոր տարիներին՝ սկսած  90-ականների մեր հաղթանակից, մենք կարողացել ենք, մեր իշխանությունները՝ և՛ Հայաստանի, և՛ Արցախի, կարողացել են ստեղծել պատերազմող երկրի համար այնպիսի իրավիճակ, որտեղ քաղաքացին, բնակիչն իրեն անվտանգ է զգացել: Այսօր որևէ մեկը որևէ կերպ իրեն անվտանգ չի զգում, ցավով եմ կրկնում, բայց նույնիսկ ռուս խաղաղապահների ներկայությամբ, այն հանգամանքի դեպքում, երբ իրենք իրենց գործն ամբողջությամբ կատարում են»,- ասաց Հակոբյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրումը նորից թևեր է տվել Արցախի նախագահին:

«Արայիկ Հարությունյանը, ինչպես Հայաստանի ներկայիս իշխանություններն են, տարված է պոպուլիզմով և փող աշխատելու մոլուցքով, որովհետև եթե նկատեցիք՝ հաջորդ 8 րոպեն ինքը միայն փողից խոսեց, շատ քիչ հատված տրամադրեց կրթությանը: Փորձեցի հասկանալ, թե ինչի՞ց ելնելով է դա ասում, որովհետև եթե այսօր Արցախում կրթություն կա, ապա դա ծնողների, աշակերտների, ուսուցիչների ինքնակազմակերպման արդյունքն է, իշխանությունը բացարձակ որևէ կապ դրա հետ չունի, հակառակը՝ իրենք հաջողությամբ, կանգնելով ՀՀ իշխանությունների կողքին, վերացնում են այն, ինչը մենք ձեռք էինք բերել այսքան տարիների ընթացքում՝ ջնջելով մեր ազգային գաղափարախոսությունն ընդհանրապես, ջնջելով այն ամենը, ինչն ազգային է՝ հատկապես Արցախում: Չեմ կարծում, թե ինքն ինչ-որ կերպ տարբերվում է հայաստանյան իշխանություններից, ուղղակի ցավն այն է, որ այդ մարդը բացարձակ թևեր առավ Հայաստանում իշխանությունների վերընտրվելուց հետո և կրկին իրեն պահում է այնպես, ինչպես պահում էր դեռևս 2020-ի ամռանը: Իր խոսքին հետևելով՝ տպավորությունն այնպիսին է, որ պատերազմ չի եղել, ինքը որևէ պատասխանատվություն չի կրում, ինքը տեղյակ չէր՝ ի՞նչ է ընդհանրապես կատարվում Արցախում»,- ասաց Հակոբյանը:

Արայիկ Հարությունյանն իր խոսքում նաև պնդել էր, թե պատերազմի ժամանակ «դավաճան չի եղել, դավաճանություն չի եղել, մենք կռվել ենք աշխարհի դեմ՝ ունենալով շատ սահմանափակ հնարավորություն»:

«Խոսում է, որ դավաճանություն չի եղել, ու նայում է այն մարդկանց աչքերին, որոնցից շատերը ներկա են եղել, մասնակից են եղել 44-օրյա պատերազմին և իրենց աչքով են տեսել, թե դավաճանությունն ինչ կերպ է լինում:  Ինչ կերպ է լինում, երբ իշխանությունը դավաճանում է 18 տարեկան զինվորին, ուղղակի տանում դեպի մահ, իսկ հիմա ինքը կարողանում է այսպես հոխորտալ, խոսել: Մեր ակնկալիքները Հայաստանի ընտրություններից շատ էին, բայց հիմա ինքնակազմակերպվել ենք, ունենք արդեն մեր տեսլականը և մոտակա ամիսների ընթացքում մենք շատ լուրջ աշխատելու ենք, որ Արցախում ազատվենք ներկայիս իշխանություններից և կարողանանք փրկել գոնե այն, ինչ դեռևս ունենք, որ հետո կարողանանք մտածել մնացածի մասին»,- ասաց Հակոբյանը:

Տեսանյութեր

Լրահոս