Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է հայտարարագիր չներկայացրած պաշտոնատար անձանց ցուցակը
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող այն պաշտոնատար անձանց ցուցակը, որոնք «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետում չեն ներկայացրել համապատասխան հայտարարագրերը: Այս հղումով ներկայացված է հայտարարագրման պարտավորությունն օրենքով սահմանված ժամկետում չկատարած առաջին խումբ պաշտոնատար անձանց ցուցակը։
Գործընթացը շարունակական է լինելու, և համապատասխան տվյալների մշակմանը զուգահեռ` Հանձնաժողովը փուլ առ փուլ կհրապարակի հայտարարագրման պարտավորությունն օրենքով սահմանված ժամկետում չկատարած մյուս պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի անդամների ցուցակները։
«Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ Հանձնաժողովի ծանուցման հիման վրա ծանուցմամբ նշված ժամկետներում հայտարարագրերը չներկայացնելու դեպքում, հարուցվելու են վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթներ, որոնց արդյունքում կարող է կիրառվել վարչական տույժ՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի (200 000 ՀՀ դրամի) չափով:
Նշված հիմքերով վարույթներ կհարուցվեն նաև հայտարարատու պաշտոնատար անձանց ընտանիքի անդամների («Հանրային ծառայության մասին» օրենքով իմաստով ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց) նկատմամբ»,– ասված է հաղորդագրության մեջ: