Իշխան Սաղաթելյանը չընտրվեց. «Հայաստան» խմբակցությունը երկրորդ անգամ առաջադրեց նրա թեկնածությունը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը չընտրվեց Ազգային ժողովի փոխխոսնակի պաշտոնում։

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց. «ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 104-ը: Քվեատուփում առկա էր 104 թվեաթերթիկ, որոնցից անվավեր էր ճանաչվել 1-ը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ`Իշխան Սաղաթելյան՝ կողմ՝  53, դեմ՝ 50»:

Ընտրությունը կայանալու համար անհրաժեշտ էր 54 ձայն։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն` եթե ԱԺ տեղակալը չի ընտրվում, ապա անցկացվում է նոր ընտրություն։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանից հետաքրքրվեց

«Ինչպես տեղյակ ենք՝ Ձեր դաշինքի պատգամավորներից մեկը չի մասնակցել այս քվեարկությանը՝ տեղյա՞կ եք արդյոք՝ ինչո՞ւ չի մասնակցել, որովհետև, ինչպես հասկանում ենք, ընդամենը մեկ քվեի տարբերությամբ չի ընտրվել պարոն Սաղաթելյանը ԱԺ փոխնախագահի պաշտոնում, արդյո՞ք ուներ ավելի կարևոր գործ, քան իր դաշինքի պատգամավորի օգտին քվեարկել:  Ինչո՞վ կբացատրեք նրա բացակայությունը»:

Ի պատասխան՝ Ս. Օհանյանը պարզաբանեց. «Դաշինքի այսօր այստեղ ներկա բոլոր 26 պատգամավորները մասնակցել են քվեարկությանը, և որքան ես տեղյակ եմ՝  մեկ անվավեր է եղել, և այսօր այդ ամենն ասել դաշինքի մասին, կարծում եմ՝ ճիշտ չէ:

Երկու հոգի կալանավորված են, և մեկը բացակա է հարգելի պատճառով»:

«Հենց այդ բացակա պատգամավորի մասին էր հարցս: Եթե դաշինքը հարգելի է համարում նրա բացակայությունը՝ շատ լավ, ավելացնելու ոչինչ չունեմ»,- արձագանքեց Վ. Ալեքսանյանը:

«Հայաստան» խմբակցությունն ԱԺ փոխնախագահի պաշտոնում երկրորդ անգամ առաջադրեց Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը:

Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը նշել էր, որ ՔՊ-ն կմասնակցի Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Իշխան Սաղաթելյանի թեկնածության քվեարկությանը։

«Չուզենալով խոչընդոտել Ազգային ժողովի մարմինների ձևավորման բնականոն ընթացքն ու ապահովելով օրենքով սահմանված հնարավորությունները՝ կառավարող խմբակցությունը կմասնակցի Ազգային ժողովի փոխխոսնակի ընտրությանը՝ ապահովելով անհրաժեշտ նվազագույն ձայների քանակը, որպեսզի պարոն Իշխան Սաղաթելյանն ընտրվի»,- ասել էր Ն. Բաղդասարյանը։

Հիշեցնենք՝  խորհրդարանը ԱԺ փոխնախագահների պաշտոնում արդեն ընտրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Ռուբեն Ռուբինյանին, Հակոբ Արշակյանին: 8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում խորհրդարանի խոսնակ էր ընտրվել Ալեն Սիմոնյանը։

Տեսանյութեր

Լրահոս