Բաժիններ՝

Սեպտեմբերի 1-ից ավարտվում է Սևանա լճում արդյունագործական փորձարարական ձկնորսության որսաշրջանը

Մինչև Կառավարության որոշմամբ նոր որսաշրջանի մեկնարկը, սեպտեմբերի 1-ից Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի երկրորդ փուլի ավարտի պատշաճ կազմակերպման և ընթացիկ հարցերի քննարկման շուրջ այսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մոտ հրատապ խորհրդակցություն էր հրավիրվել։ Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը:

Խորհրդակցությանը ներկա էին Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ա․ Մազմանյանը, նախարության գլխավոր քարտուղար Գ․ Գուլյանը, Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ո․ Գրիգորյանը, «Սևան» ազգային պարկի տնօրենի պաշտոնակատար Ա․ Աբելյանը, տնօրենի տեղակալները, ազգային պարկի 5 մասնաճյուղերի ղեկավարները, արագ արձագանքման բաժնի ղեկավարը և հերթափոխի պատասխանատուները։

Նախարարին են ներկայացվել արդյունագործական որսաշրջանի արդյունքների և 2020 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ ամփոփ տվյալներ։

Շրջակա միջավայրի նախարարությունը 2021 թվականի մարտի 25-ից մեկնարկել էր Սևանա լճում սիգի արդյունագործական ձկնորսության 2-րդ փուլը։ Համաձայն Գիտությունների ազգային ակադեմիայի 2020 թ. հաշվառման տվյալների՝ Սևանա լճում սիգի ընդհանուր զանգվածը կազմել էր 2345 տոննա, որից արդյունագործական ընդհանուր պաշարը՝ մոտ 586,2 տոննա, որից սիգի փորձարարական որսի 2-րդ փուլի շրջանակում 2021 թ. օգտագործման համար սահմանվել էր առավելագույնը 250 տոննա չափաքանակ։

Նախարար Պետրոսյանը խիստ գնահատականներ է հնչեցրել մայրաքաղաքի փողոցներում մանրաձկան վաճառքի դեպքերի վերաբերյալ և տվել մի շարք հանձնարարականներ։

Հաշվի առնելով ՀՀ շուկաներում մեծ քանակությամբ որսի համար թույլատրելի չափից փոքր (այդ թվում՝ մանրաձուկ) սիգի վաճառքի փաստերը և դրա վերաբերյալ ՀՀ ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մտահոգությունները, նախարարի հանձնարարականով գրություններ են ուղարկվել ՀՀ Ոստիկանություն, Երևանի քաղաքապետարան, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին՝ խնդրելով, որ յուրաքանչյուրն իր իրավասությունների շրջանակներում ձեռնարկի միջոցառումներ բացառելու 400 գրամից պակաս քաշով սիգի ապօրինի որսը և վաճառքը։

Նախարարն ազգային պարկի ղեկավար անձնակազմին հանձնարարականներ է տվել հանդիպում-քննարկումներ կազմակերպել ձկնորսների և ափամերձ համայնքների բնակիչների հետ, որպեսզի արդյունագործական որսաշրջանի ավարտը տարածաշրջանում սոցիալական խնդրի չհանգեցնի։

«Մենք հասարակության կողմից լիազորված ենք ոլորտի ու պետության համար նշանակալի արդյունքներ գրանցել և այդ ճանապարհին կիրառվելու է ամենախիստ վարչարարությունը օրինախախտների նկատմամբ»,-նշել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս